ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Իրանը վերսկսել է Հորմուզի շրջափակումը և հայտարարել, որ ռազմածովային ուժերը պատրաստ են նոր դառը պարտություն պատճառել հակառակորդներին

Իրանը վերսկսել է Հորմուզի շրջափակումը և հայտարարել, որ ռազմածովային ուժերը պատրաստ են նոր դառը պարտություն պատճառել հակառակորդներին
20.04.2026 | 10:08

Իսլամական Հանրապետությունը նաև առժամանակ հրաժարվել ԱՄՆ–ի հետ բանակցությունների նոր փուլից

Իրանի Զինված ուժերն ԱՄՆ-ի կողմից իր նավահանգիստների շրջափակման պատճառով վերականգնել է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ռազմական ռեժիմը. այս մասին հայտարարել է Իրանի «Խաթամ ալ- Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆագարին:

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը Լիբանանում զինադադարի կապակցությամբ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումն ամբողջությամբ բաց է հրադադարի ժամանակահատվածի համար (լրանում է ապրիլի 21-ին): ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ծովային նավահանգիստների շրջափակումը պահպանվում է՝ չնայած Իրանի կողմից Հորմուզի նեղուցի բացմանը, և ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանի հետ գործարքը չի իրականացվել 100 տոկոսով:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, ավելի վաղ ձևավորված համաձայնագրերի համաձայն, բարի կամքով համաձայնել է Հորմուզի նեղուցով մի շարք առևտրային նավերի և նավթային լցանավերի կառավարելի անցմանը։ Բայց, ցավոք, ԱՄՆ-ը … շարունակում է զբաղվել կողոպուտով և ծովահենությամբ՝ այն անվանելով շրջափակում: Այդ պատճառով Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնվել է, այդ ռազմավարական նեղուցը գտնվում է Զինված ուժերի վերահսկողության եւ մանրակրկիտ վերահսկողության ներքո»,- նշված է Զոլֆագարիի հայտարարության մեջ, որը մեջբերել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

Զոլֆագարին նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի նախկին ռեժիմով, քանի դեռ ԱՄՆ-ը թույլ չի տվել նավերի ազատ անցումն Իրանի նավահանգիստներ և դրանցից դուրս:

«Reuters» լրատվական գործակալությունը երեկ, հղում անելով ծովային անվտանգության և նավագնացության ոլորտի իր աղբյուրներին, հայտնել է, որ Իրանի կողմից ռազմական ռեժիմի վերականգնման մասին հայտարարությունից հետո առնվազն երկու առևտրային նավ հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցը հատելու փորձի ժամանակ:

«Առնվազն երկու առևտրային նավ հաղորդել են, որ շաբաթ օրը հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցը հատելու փորձի ժամանակ»,- «РИА Новости» –ի փոխանցմամբ , հայտնել է գործակալությունը, սակայն միջադեպերի մասին մանրամասներ չի ներկայացրել:

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) Ավելի վաղ հայտարարել էր Օմանի ափերի մոտ լցանավի հետ կապված միջադեպի մասին:

Երեկ գրել էինք, որ «ԱՄՆը և Իսրայելը պատրաստվում են մեծամասշտաբ հարձակման, եթե Իրանը չհամաձայնի Իսրայելի թելադրած ամերիկյան ղազագիրը ստորագրելուն. 2»: Եվ, ահա, Իրանն արդեն հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլից: Դրանք նախատեսված էին երեկ կամ այսօր, քանի որ հրադադարի ժամկետը լրանում է ապրիլի 21-ին:

Ինչպես, Lenta.Ru-ի փոխանցմամբ, հայտնել է իրանական «Tasnim» գործակալությունը, Իրանը դեռևս չի համաձայնել բանակցությունների հաջորդ փուլին՝ ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման ու չափազանց մեծ պահանջների պատճառով: Աղբյուրները նշում են, որ չնայած հանգստյան օրերին բանակցությունների անցկացման մասին ամերիկյան ԶԼՄ-ների հայտարարություններին, Իրանը նախկինի պես լրջորեն կասկածում Վաշինգտոնի բարեխղճությանը և ավելորդ պահանջներից հրաժարվելուն նրա պատրաստ լինելուն: Բանակցությունների սկզբում ԱՄՆ-ի կողմից իր պարտավորությունների խախտման պատճառով բանակցությունների հնարավոր հաջորդ փուլը հազիվ թե բերի արդյունքների:

«Պակիստանցի միջնորդների միջոցով Իրանը փոխանցել է, որ Միացյալ Նահանգները նախ պետք է կատարի իր պարտավորությունները, և երկրորդ՝ բանակցություններում հրաժարվի իր սովորական չափից ավելի պահանջներից,- նշված է «Tasnim»-ի հրապարակման մեջ։- Առանց անհրաժեշտ նախապայմանների կատարման ու պատշաճ իրավապայմանագրային բազայի հասնելու, նման բանակցություններն անարդյունավետ կլինեն»:

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն, իր հերթին, հերքել է Իրանի հետ բանակցությունների մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները՝ կեղծ անվանելով դրանում նրա բոլոր յոթ պնդումները: Նա Թրամփին մեղադրել է տեղեկատվական, քարոզչական պատերազմի և հասարակական կարծիքը շահարկելու մեջ: Ըստ ԱՄՆ-ի նախագահի կեղծ հայտարարություններից մեկի, Թեհրանն իբր խոստացել է այլևս չփակել Հորմուզը: Համաձայն նրա մեկ այլ կեղծ պնդման, Թեհրանն իբր ընդունել է ապագա գործարքի բոլոր պայմանները, այդ թվում՝ միջուկային ծրագրի դադարեցման մասին:

Ղալիբաֆը, որը վերջերս Պակիստանի միջնորդությամբ Իսլամաբադում կայացած բանակցություններում գլխավորում էր իրանական բանակցային խումբը, գրել է, որ ԱՄՆ-ի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում Հորմուզի նեղուցը բաց չի մնա, նրա միջով անցումն իրականացվելու է սահմանված երթուղով և միայն Իրանի թույլտվությամբ: Նա ընդգծել է, որ այդ հարցերը կլուծվեն տեղերում, այլ ոչ թե սոցիալական ցանցերում:

Միաժամանակ հարկ է նշել, որ Իրանը վերջնականապես ու մեկընդմիշտ չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ բանակցություններից: Իրանը նոր առաջարկներ է ստացել ԱՄՆ-ից Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի վերջերս Թեհրան կատարած այցի ընթացքում:

«Վերջին մի քանի օրերի ընթացքում պակիստանյան բանակի հրամանատարի՝ Թեհրանում որպես միջնորդ գտնվելու ընթացքում ներկայացվել են ԱՄՆ-ի նոր առաջարկները, որոնք Իրանն ուսումնասիրում է»,- «РИА Новости» -ի փոխանցմամբ, նշված է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, որը մեջբերել է իրանական «Tasnim» գործակալությունը:

Ինչպես նշել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, Իրանական բանակը նախկինի պես պաշտպանում է երկրի հողն ու տարածքային ջրերը: Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են կրկին պարտության մատնել» իրենց հակառակորդներին: Հայտարարությունը հրապարակվել է նրա մամուլի ծառայության «Telegram ալիքում։

«Իրանական բանակը շարունակում է պաշտպանել մեր հողն ու երկրի տարածքային ջրերը,- ТАСС-ի փոխանցմամբ , նշված է բանակի ազգային օրվա կապակցությամբ Խամենեիի ուղերձում:-Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը պատրաստ են նոր դառը պարտություն հասցնել հակառակորդներին»:

«Wall Street Journal» թերթի տեղեկացմամբ, ԱՄՆ-ը պատրաստվում է ընդլայնել Իրանի դեմ ռազմածովային գործողությունը՝ Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս գտնվող միջազգային ջրերում Իրանի հետ կապված տանկերների գրավմամբ:

«ԱՄՆ-ի զինված ուժերն առաջիկա օրերին պատրաստվում են Իրանի հետ կապված նավթային տանկերների վրա իջեցում (օդային դեսանտի, հատուկ ջոկատայինների կամ ծովային հետևակի.-Ա. Հ.) կատարել և միջազգային ջրերում առևտրային նավեր գրավել, հայտնում են ամերիկացի պաշտոնյաները: Վաշինգտոնը դրանով ռազմածովային գործողությունը դուրս է բերում Մերձավոր Արևելքի սահմաններից»,- «РИА Новости» -ի փոխանցմամբ, նշված է հոդվածում։

Պարբերականի կարծիքով, Սպիտակ տունն այդպիսով փորձում է ուժեղացնել տնտեսական ճնշումը Թեհրանի վրա, որպեսզի իրանական իշխանություններին ստիպի բացել Հորմուզի նեղուցը և զիջումների գնալ միջուկային ծրագրի հարցում:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 188

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ