Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Արթնացումի ահազանգ

Արթնացումի ահազանգ
23.02.2025 | 06:21

Ռուբեն Սևակը 20-րդ դարասկզբի արևմտահայ նշանավոր բանաստեղծներից է:

Նա ապրում ու ստեղծագործում էր մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը գտնվում էր ոչ միայն

քաղաքական-սոցիալական ճնշման տակ, այլև կանգնած էր ֆիզիկական բնաջնջման` հայաջնջման սարսափի առաջ:

Ինչպես հայտնի է, այս շրջանում ազգի ողբերգության երգը, ստանում է քաղաքական-սոցիալական բովանդակություն, մինչև անգամ` համամարդկային ընդգրկում:

Ռ. Սևակը, ինչպես իր ժամանակակիցներ Սիամանթոն ու Վարուժանը, հայ ժողովրդի պատմական բախտը դարձնում է պոեզիայի առանցք, դառնում համապարփակ տառապանքի երգիչ, որի խոսքը հնչում է որպես բողոք` առհասարակ բռնակալության, «նորագույն ստրկության», անարդարության և անհավասարության դեմ: Միաժամանակ Սևակի երգը սիրո, պայքարի և ազատության ներբող է, և նպատակ ունի ոչ թե հուսալքելու, այլ զգաստացնելու, արիության ոգի ներարկելու, պայքարի ու ինքնապաշտպանության մղելու սերունդներին` սեփական ուժի և արժանապատվության պայծառ գիտակցմամբ: Այս իմաստով նրա պոեզիան ստանում է ազգային և համամարդկային բովանդակություն:

Բարեբախտաբար, Ռուբեն Սևակի մասին շատ են գրել. լույս են տեսել գրքեր, հրապարակ եկել մենագրություններ, հոդվածներ և այլն (Հ. Օշական, Մ. Պարսամյան, Մ. Թեոլեոլյան, Ա. Սևան, Ե. Պետրոսյան, Գ. Հատիտյան, Ստ. Թոփչյան, Էդ. Ջրբաշյան, Հր. Թամրազյան, Վ. Գաբրիելյան, Հ. Չիլինկիրյան, Վ. Պետրոսյան, Ս. Սրապիոնյան, Գ. Աթանեսյան և ուրիշներ):

Այսպես, Վլադիմիր Կիրակոսյանի «Ռուբեն Սևակ (կյանքը և ստեղծագործությունը)» աշխատությունը գիտական շրջանառության մեջ է դրվել 1972 թվականին և դարձել իր ժամանակի գրականագիտական հայտնությունը:

Գրականագետը գալիս է այն եզրահանգման, որ Ռուբեն Սևակը փառաբանում է մարդու հաղթանակը մահվան նկատմամբ, ստեղծում գեղեցիկի և նյութական իրականության հակադրության դրաման:

Նշենք, որ հետագայում Վ. Կիրակոսյանը կրկին անդրադարձել է Ռ. Սևակին` «մենազրույցի» մեջ մտնելով ներհուն բանաստեղծի հետ: «Մենազրույց նահատակ բանաստեղծի հետ» յուրօրինակ աշխատությունը լույս տեսավ 2005 թվականին: Գիրքը ողողված է գրականագետի անսպառ, անկեղծ սիրով, ջերմությամբ ու նվիրումով դեպի իր սիրելի հեղինակը: Միևնույն ժամանակ, նա ավելի հասուն, խորաթափանց մտքով «զրույցի է բռնվում» բանաստեղծի հետ, վերարժևորում, վերաիմաստավորում է նրա ազգային գաղափարախոսությունը, որ հավերժ արդիական է. «Քեզ համար մեր պատմության գլխավոր դասը միասնական անհրաժեշտությունն է` իբրև համազգային գիտակցություն: Իսկ այդ գիտակցումը ամենից առաջ ինքնաճանաչում է, արժանապատվություն ու հպարտություն: Այդ նպատակով դու ոգեկոչում ես մեր պատմության հերոսական ու փառավոր դրվագները, քաղաքակրթության պատմության մեջ մեր ցեղի հոգևոր ավանդները: Սակայն դա ազգային սնապարծություն չէ … Դա, քո մեկնաբանությամբ, այն ուժն է, որ հազարամյակների ընթացքում պաշտպանել է մեզ ինքնանվաստացման, ազգային թերարժեքության կործանարար բարդույթից, պիտի պաշտպանի այսօր և ապագայում» («Մենազրույց նահատակ բանաստեղծի հետ», Եր., 2005, էջ 50):

Գրականագետ Կիրակոսյանը գնում է հայտնությունների ճանապարհով: Ըստ նրա` «Զանգակնե՜ր, զանգակնե՜ր» հայտնի քերթվածում զանգակների լռությունը խորհրդանշում է «ընդվզումի կարկամած ոգին»: Նա թափանցում է բանաստեղծի տագնապահար եղած ներաշխարհը, որ «արթնացումի ահազանգ» է հնչեցնում, հուսահատության փոխարեն արդար ցասումի ու վրեժխնդրության կիրք բորբոքում:

«Ջարդի խենթը» հերոսը վրիժառության գաղափարատիպն է: Նա պայքարի ու ըմբոստ դիմադրության ոգին է` գալիք սերունդների մարտնչող ոգու պատգամաբեր: Սիամանթոյի, Վարուժանի երգերից տարբեր է Սևակի երգը` «վրիժառու պատգամի անարվեստ ու աներկմիտ անմիջականությամբ»: Գրականագետը գալիս է այն եզրահանգման, որ բանաստեղծի «վերածնության կանխագծումներում» վրեժի ու պայքարի գործնական բարոյականը, սակայն, համածավալ գոյաբանական իմաստ է ստանում անձնազոհության խորհրդով (Նույն տեղում, էջ 113), որ ընդհանրապես առանցքային դեր է խաղում նրա ազգային գաղափարախոսության մեջ. «Ե՞րբ այս ժողովուրդը պիտի սորվի մարդկորեն կատղիլ…Ու իրա՛վ, Մարդկորեն կատղի՜լ»:

Բանասիրական

գիտիտությունների թեկնածու

Նառա ՍԱՐԳՍՅԱՆ

«Ռուբեն Սևակի ստեղծագործությունը Վլադիմիր Կիրակոսյանի գնահատմամբ» (հոդված, հատվածներ)

Դիտվել է՝ 3435

Մեկնաբանություններ