Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՆՁ, ԲԱՅՑ ՆԱԵՎ ՀԱՎԵԼՈՒՄ ԵՆ, ԹԵ ՊԵՏՔ Է ՓՈԽԵՄ ԱԶԳԱՆՈՒՆՍ»

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՆՁ, ԲԱՅՑ ՆԱԵՎ ՀԱՎԵԼՈՒՄ ԵՆ, ԹԵ ՊԵՏՔ Է ՓՈԽԵՄ ԱԶԳԱՆՈՒՆՍ»
25.11.2011 | 00:00

Թուրքահայ երգչուհի ՍԻԲԻԼ ՓԵՔԹՈՐՈՍՕՂԼՈՒԻ 12 երգերից կազմված առաջին «Սիբիլ» ալբոմը, որտեղ ընդգրկված են «Նամակ», «Տեր ողորմյա», «Կիլիկիա» հայկական երգերը, մեկ տարեկան է:
Թե՛ մեզ մոտ, թե՛ Թուրքիայում լայն քննարկման արժանացավ Հովհաննես Շիրազի «Նամակ» բանաստեղծության հիման վրա գրված առաջին հայերեն երգը, որը հնչեց Թուրքիայի առաջատար երաժշտական հեռուստաալիքներով: Ըստ որոշ լրատվամիջոցների, առաջին հայկական տեսահոլովակը մեծ արձագանք է գտել Թուրքիայում, երգը հնչել է Ստամբուլի կենտրոնական փողոցներում, խանութներում ու հասարակական վայրերում: Երգչուհու երազանքը նույնպես խորհրդանշական է ու մի քիչ ավելի, քան երազանք… Թուրքական «Սաբահ» պարբերականի հետ հարցազրույցում նա ասել է, որ հնարավոր ամեն բան կանի Թուրքիայում հայերենի պահպանման համար, նշել նաև, որ երազում է մի օր Անիի ավերակներում հարյուրամյա հայկական ժողովրդական երգ կատարել: Խոսքը «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգի մասին է:
Համահայկական խաղերի բացմանը Սիբիլը հանդես եկավ այդ երգով: Նրա երկրպագուների բանակն օր օրի մեծանում է:

-Սիբիլ, Ձեր կատարմամբ հայերեն երգերը որտե՞ղ են ավելի մեծ արձագանք գտնում` Հայաստանո՞ւմ, թե՞ Թուրքիայում:
-Այս հարցի ճիշտ պատասխանը ինքս էլ չգիտեմ: Տարվա ընթացքում աշխարհի բոլոր կողմերից նամակներ եմ ստացել` հայաստանցիներից, թուրքահայերից և աշխարհասփյուռ հայերից, ինչը մեծ զարմանք պատճառեց ինձ: Հարցրի ինքս ինձ` ինչպե՞ս են իմ մասին իմացել, ինչպե՞ս է իմ ձայնը հասել նրանց:
-«Սիբիլը» Ձեր առաջի՞ն ալբոմն է։
-«Սիբիլն» իմ առաջին ձայնասկավառակն է: Դրանից առաջ ընդհանուր ալբոմներում երգեր ունեցել եմ, բայց ոչ անձնական:
-Թուրքիայում կա՞ն երգիչներ, որ հետևում են Ձեր օրինակին և փորձում ներկայանալ հայկական երգերով:
-Շատ տաղանդավոր երգիչ-երգչուհիներ ունենք, բայց նրանք հայ համայնքին են ծառայում: Չգիտեմ, գուցե լինեն մարդիկ, որ հետևեն իմ օրինակին:
-Հայազգի մեկ այլ երգիչ վերջերս խոստովանեց, որ հայկական ազգանունը փոխելուց հետո միայն իրեն հաջողվել է ճանաչում ձեռք բերել Թուրքիայում: Ձեզ խանգարո՞ւմ են հայ լինելը և այն, որ երգում եք հայկական երգեր:
-Ցավոք, հայկական ազգանուն չունեմ, և այդ առումով խոչընդոտներ չեն եղել: Եթե հայկական ազգանուն ունենայի, վստահ եմ, չէր խանգարի ինձ անել այն, ինչ արեցի այս տարի: Բայց բոլորն էլ գիտեն, որ հայ եմ ու հայերեն երգում եմ: Ժամանակին ընտանիքս ստիպված է եղել փոխել Թորոսյան ազգանունը Փեքթորոսօղլուի: Հայաստանի հայերը շատ են գնահատում ինձ, բայց նաև հավելում են, թե պետք է փոխեմ ազգանունս: Դա իմ ձեռքին չէ: Կարևորը ազգանունը կամ անունը չէ, այլ մարդ արարածի զգացումն է, հոգին, հայկական մշակույթին, լեզվին, անցյալին պաշտպան լինելը:
-Ժամանակակից հայ երգիչներին ճանաչո՞ւմ եք: Լսո՞ւմ եք: Ի՞նչ կարծիք ունեք:
-Գրեթե բոլոր երգիչ-երգչուհիներին ճանաչում եմ: Մեկը մյուսից տաղանդավոր են: Շատերին եմ հավանում և լսում: Շատ կարևորում եմ այն, որ Հայաստանում ծնողները փոքր տարիքից երեխաներին երաժշտական կրթության են տալիս, կարևորում են ուսումը:
-Կհամագործակցե՞ք հայ երգիչների հետ: Կա՞ն նման առաջարկներ:
-Շատ կուզեի մի օր Անդրեի հետ զուգերգ ունենալ: Հրաշալի երգիչ է, միաժամանակ համեստ անձնավորություն:
-Եթե նոր ալբոմ ունենաք, ի՞նչ հայկական երգեր կլինեն:
-Մի քանիսը կան մտքիս մեջ, բայց ուզում եմ, որ անակնկալ լինի բոլորի համար:
-Երազում եք Անիի ավերակներում երգել: Է՞լ ինչ երազանքներ ունեք:
-Երազանքները չեն լրանում, եթե լրանան, հույսով լցված մեկը չեմ կարող լինել: Շատ երազներ ունեմ, բայց ամենամեծը Շառլ Ազնավուրի հետ ծանոթանալն ու հետը հայերեն երգեր երգելն է:
-Ի՞նչ կարող է անել լավ երգը:
-Լավ երգը պետք է թրթռացնի մարդու սիրտը: Երգը, երաժշտությունը կամուրջ են մարդկանց միջև: Երաժշտությունը, իմ կարծիքով, ազգերի և կրոնների միջև եղած բոլոր տարբերությունները վերացնելու ուժ ունի:
-Մի քիչ սիրո մասին խոսեք:
-Սերը սուրբ է: Եվ եթե մարդիկ կարողանան իրենց սրտի մյուս կեսին գտնել, դա կլինի ամենամեծ երջանկությունը: Սիրելն ու նույնքան սիրվելն ամենամեծ հարստությունն են:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1462

Մեկնաբանություններ