Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

«ՄԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆՈՂ ԵՆՔ»

«ՄԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆՈՂ ԵՆՔ»
02.12.2011 | 00:00

Թվում էր, թե «անկախական» հանդիսությունների անհատնում շղթայում համակողմանի պիտի շեշտադրվեն մեր հնամենի քաղաքակրթության խորագնա արմատները: Թվում էր, թե, ի ցույց արդի աշխարհի, խոշոր պլանով կներկայացվեն մեր ինքնության կարևորագույն վկայագրերը, կոթողային հուշարձանները: Թվում էր…
Հոբելյանական տարին մոտենում է ավարտին, բայց ակնկալություններն այդպես էլ չեն արդարանում: «Իրատես de facto»-ի առանձնազրույցը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Շենգավիթ» մասնաճյուղի վարիչ, ճարտարապետ-քաղաքաշինարար ՎԼԱԴԻՄԻՐ ՃԱՂԱՐՅԱՆԻ հետ, ավաղ, առավել խտացրեց «թեական» մտորումների մռայլը:

«ԵԹԵ ՄԱՐԴԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ, ԴԱՌՆՈՒՄ Է ՀՆԱԳԵՏ»
-Հռչակավոր պլաստիկ վիրաբույժ Անդրանիկ Ճաղարյանի որդին ինչո՞ւ չդարձավ նրա գործի անմիջական շարունակողը:
-Թույլ չտվեցին` որդին հոր հետ միևնույն հիմնարկում իրավունք չուներ աշխատելու:
-Այդուհանդերձ, պոլիտեխնիկում ճարտարապետություն ուսանելու տարիներից մինչ օրս, Ձեր գլխավոր նախասիրությունը մնաց հնագիտական հուշարձանների հետազոտությունը: Հոգեբանական այդ զորեղ ազդա՞կը դրդեց առանց հաստատուն լծակների 2009-ից ներգրավվելու Երևանի վաղագույն բնօրրան-հնավայրի փրկության անհավասար պայքարում:
-Չլիներ Գագիկ Գյուրջյանի մասնագիտական-կազմակերպչական ներուժի հանդեպ հավատս, հազիվ թե հանձն առնեի օրենսդրական քաոսին ընդդիմանալ: Շենգավիթ հնավայրին, ի դեպ, առաջին անգամ ծանոթացել եմ 1971-ին, երբ հայրս, դամբարանադաշտից հանված մարդաբանական նյութի ուսումնասիրությամբ, վերականգնում էր շենգավիթցու դեմքը: Երկրորդ անգամ այս հնավայրին առնչվել եմ 1980-ին, երբ Երևանում կազմակերպվում էր հայկական մշակույթին նվիրված առաջին համաշխարհային գիտաժողովը: Ինձ հանձնարարվել էր բարեկարգել «Էրեբունի-Կարմիր բլուր-Շենգավիթ պատմամշակութային երթուղին»:
-ՀԽՍՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունո՞ւմ եք եղել մինչև լուծարվելը:
-Նրա կազմում գործող «Հայվերականգնումնախագիծ» ինստիտուտի Հնագիտական հուշարձանների հետազոտման, կոնսերվացման և վերականգնման ճարտարապետական արվեստանոցի ղեկավարն էի (1980-1988 թթ.): 1974 թվից եմ այս ոլորտում:
-Մի՞թե հնարավոր չէր պահպանել գործնականում իրեն արդարացրած կառույցը:
-Հիմնարկը, որը քսանականներին ստեղծել էին Թորոս Թորամանյանը, Մարտիրոս Սարյանն ու Ալեքսանդր Թամանյանը, կոմիտեից վերաճել էր Մինիստրների խորհրդին առընթեր Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության իրապես ինքնուրույն, կայուն լծակներով գերատեսչության, զավեշտալի կերպով վերացվեց: Ամենահամարձակ ընդվզումն իսկ ապարդյուն էր: Նորավարտ պատմաբանը հիմա հայտնվում է որևէ հնավայրում ու իրեն հնագետ հռչակում: Նա ընդամենը փորող է: Իմ խորին համոզմամբ, հնագիտությունը մի մարդով, մի մասնագիտությամբ չի կարող լինել: Պատմամշակութային որևէ շերտ, հուշարձան չի կարելի լիովին ուսումնասիրված համարել, եթե հետազոտական աշխատանքներում ներգրավված չեն երկրաբանը, հնէաբանը, լեզվաբանը, մշակութաբանը, ճարտարապետը, հողագետը, սեյսմոլոգը, ազգագրագետը, մի խոսքով` ամեն բնագավառի մասնագետ: Միայն ինչ-որ արժեք հայտնաբերելն էլ քիչ է, որպեսզի հնագետն առանձին կարևորվի: Ամբողջ աշխարհում փորձում են «փորողին» գիտնականի կարգավիճակ արտոնել: Քեոփսի բուրգը հայտնաբերողին ո՞վ է հիշում, ինչո՞ւ հիշեն: Պիտի կարողանալ հիմնավորել նրա բացառիկությունը: Հայաստանում այսօր հնագիտական հուշարձանների ճարտարապետության վերլուծություն գրեթե չկա:
-Հիմա մենք, պարզվում է, մասնագետներ էլ չունենք:
-Չենք էլ կարող ունենալ, որովհետև չգիտեն, թե ինչ է նշանակում «վերականգնել» պատմամշակութային հուշարձանը: Ոմանց համոզմամբ` հապճեպ արված, կասկածելի մասնագիտական քննարկմամբ ներկայացված «խզբզանք-նախագծերով» դրամաշնորհ շահելն է դրանով զբաղվելու իրավունք արտոնում: Նույն անհասկանալի տրամաբանությամբ ստեղծվում են տարբեր օղակներ, ՀԿ-ներ, որոնց ես կտրականապես դեմ եմ: «Հայվերականգնումնախագիծ» ինստիտուտը, ճարտարապետ Թելման Գևորգյանի շուրջ համախմբված մասնագիտական կորիզի հասունացմամբ, ընդօրինակման արժանի դարձավ թե՛ ԽՍՀՄ, թե՛ արտասահմանյան երկրներում: Երեք հարյուր բարձրակարգ մասնագետներից ամեն մեկն իր արվեստանոցում իր դարաշրջանով, իր պրոֆիլով էր աշխատում: Տարածաշրջանային արվեստանոցներն ունեին իրենց կայուն բազաները, տեխնիկան: Համակուրսեցիներ լինելով` չէինք էլ հավակնում հարակից ոլորտներ խցկվելու, քանի որ շատ անելիք ունեինք ամեն մեկս մերում: Չեք կարող պատկերացնել, թե ինչ բուռն քննարկումների, հիմնավոր տարակարծության, խստահայաց գրախոսությունների բովով էր անցնում ամեն մի նախագիծ: Բոլոր ականավոր գիտնականներն էին դրանց մասնակցում:
-Մոտավորապես որքա՞ն գումար էր պետությունը տարեկան հատկացնում պատմամշակութային հուշարձանների պահպանությանն ու վերականգնմանը:
-Չեք էլ կարող երևակայել` մոտ 40 միլիոն ռուբլի: Քսան տարի անընդմեջ փնովում ենք խորհրդային ժամանակաշրջանը, նրանում գործող համակարգերը: Իմ բնագավառի պարագայում ես անվերապահորեն ընդունում եմ նախկին վարչության ու նրա բոլոր ենթակառույցների գերազանցությունը:
-Ներկայիս գործակալությունում չկա՞ն փորձառու մասնագետներ:
-2005-ից հետո (1996-2004 թթ. Հուշարձանների հետազոտման գիտաարտադրական կենտրոնի տնօրենն էի) անմիջականորեն չեմ առնչվել, բայց գիտեմ, որ աշխատակիցների մի մասը պիտանի է գրագետ թղթաբանությանը միայն: Մյուս մասը, վստահեցնում եմ, գաղափար անգամ չունի, թե ինչ ոլորտում է ընդգրկվել: Ոմանք էլ, կյանքում ոռոգման համակարգի խողովակից զատ, ոչինչ տեսած չլինելով, այսօր ղեկավարում են ամբողջ գործընթացը: Մասնագիտական կաղլիկ քննարկումներ են անցկացնում: Հաճախակի հայտնվելով հեռուստաէկրանին` ամեն աղբ հանդուրժող եթերից առատորեն «խելոք» մտքեր են շաղ տալիս` ապակողմնորոշելով ոլորտից անտեղյակ հանրությանը:

«ԼՌՈՒԹՅԱՆ Է ՄԱՏՆՎՈՒՄ ԹԵ՛ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԻ, ԹԵ՛ ՍԱՐԴԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՐԱՆԱԼԻ ԱՎԱՆԴԸ»
-Կոթողային հուշարձանների ու պատմամշակութային թերարժևորված շերտերի ոչնչացման հանրային ահազանգերն էլ, կարծես, «դեմոկրատական խաղերի» տարատեսակ են դառնում: Օրենսգրքում «թաղված» հոդվածաշարերն անզոր են պաշտպանելու մեր հնագույն քաղաքակրթության կենդանի վկայագիր այս հնավայրն էլ: Ազգային սնապարծությանն առատ սնունդ տվող Շենգավիթի մասին երբ հարցուփորձում ես համայնքի մշտական բնակիչներին, մատնացույց են անում մետրոյի համանուն կայարանը:
Ինչո՞վ եք հիմնավորում Էրեբունուց, ուրարտական մշակույթից երեք հազար, հանրահայտ եգիպտականից հազար տարով ավելի հին մեր քաղաքակրթության այս բնօրրանի հանդեպ հայերիս ցուցաբերած անտարբերությունը: Ասում են, տասնյակ տարիներ հնագիտական որևէ արշավախումբ չի հետաքրքրվել խաղաղ երկրագործների ու հմուտ արհեստավորների վաղնջական այս շենի գաղտնարանների բացահայտմամբ:

-Հավատ մի՛ ընծայեք ստահոդ տեղեկատվությանը: Հետազոտական հարուստ նյութը, որ անցյալ դարի 70-ականներից տվել է Շենգավիթը գիտությանը, մի խոշոր ինստիտուտի ուսումնասիրության է արժանի: Պատմական այս հուշարձանը 1935-ից են սկսել պեղել-ուսումնասիրել: Նախ Եվգենի Բայբուրդյանը` Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ` մինչև 1938 թիվը, ապա աշխատանքներն ընդհատվել են, քանի որ «ազգի թշնամի» պիտակված Բայբուրդյանն աքսորվել է Սիբիր ու գնդակահարվել: Ո՞րն էր մեղքը եզակի այդ հայրենասերի, ով Հայաստանում չէր ծնվել ու մեծացել, թողել էր իր բարեկեցիկ կյանքը Մոսկվայում ու Լենինգրադում և եկել էր Շենգավիթում աշխատելու: Այդ կարճ ժամանակում իր գտած նյութի հիման վրա Օրբելու սանը հասցրել էր մի ստվար աշխատություն գրել, որը 70 տարի «նիրհել» է արխիվում: Բարեբախտություն է, որ չի ոչնչացվել և, «պեղվելով», հրատարակվել է։ Այժմ էլ նրա գործը հնագիտական ուղենշային արժեք ունի Կովկասի և Մերձավոր Արևելքի բրոնզեդարյան ու հետագա պատմափուլերի ուսումնասիրության տեսակետից: Հայաստանում նահատակված Բայբուրդյանից հետո Շենգավիթով 1944-ից զբաղվել է Սանդրո Սարդարյանը: Տառապալից կյանքով ապրած (գաղթ, ամերիկյան որբանոց) հայորդի, որը գերազանց ուսումնառություն է ստացել համալսարանում, երկար ժամանակ ուրիշ հուշարձաններ պեղել-հետազոտելուց հետո 50-ականներից կանոնավոր անդրադարձել է Շենգավիթին: 1967-ին հրատարակվել է Սարդարյանի առաջին գիրքը: Երկրորդը, դարձյալ բոլորովին վերջերս, լույս է տեսել նրա մահից հետո: Ինչ-որ չափով հասկանալի է, թե ինչու այս կարգի գրքերը լույս չէին տեսնում խորհրդային տարիներին: Կոմունիստական գաղափարախոսությունը հռչակում էր ազգերի հավասարություն, գիտնականներն էլ ստիպված էին լինում հետազոտման տարածքն «ընդլայնել»: Շենգավիթինը, օրինակ, Միջագետքով հասցվում էր մինչև Բաղդադ, ապա դարձվեց «Մեծ Կուր-Արազյան»: Հայ գիտնականները գերադասել են մոտակա Վերին Շենգավիթի անունով կնքել հնավայրը, ամեն կերպ խուսափել են հեռու-մոտիկ հարևաններին մեր քաղաքակրթության մասունքներից բաժին հանելուց: Ժամանակի տխուր իրողություններին տեղեկացել եմ հայրիկիս հետ շենգավիթցու դիմաքանդակի վրա աշխատելիս: Բնօրինակը, խուռիական, ուրարտական բնիկների գանգերի հիման վրա վերականգնված մյուսների հետ, Սարդարապատի թանգարանում է: Շնորհիվ Բարսեղյանի, ով փաստորեն փրկեց վերականգնված դիմաքանդակների մի մասը: Սարդարյանն աշխատել է մինչև 1983 թվականը: Տպավորություն է ստեղծվում, թե 2000-ից են միայն սկսվել պեղում-վերծանումները:

«ՄԵՐ ՏԵՂԱԲՆԱԿ ԼԻՆԵԼՆ Է ՀԱՍՏԱՏՎՈՒՄ ՇԵՆԳԱՎԻԹՈՎ»
-Օտարների հարաճուն ակտիվությունն ու մեր ալարկոտ անտարբերությունն ավելի չե՞ն խորացնում նոր անդառնալի կորստի տագնապը:
-Այլևս հապաղել չի կարելի: Մեծ եռանդ են հանդես բերում գերմանացիները, ամերիկացիները, ֆրանսիացիները: Անշուշտ, նաև հրեաները, որոնք ամբողջ աշխարհին են հայտնի որպես պատմություն հորինողներ:
-Ի տարբերություն մեզ:
-Այո, ցավոք, մենք մեր պատմությունը կործանող ենք: ՈՒրարտուն այսօր բավականին մեծ ծավալով ուսումնասիրվում է Թուրքիայում: Շենգավիթյան նյութն ավելի հին ու հում է: Աշխարհում քիչ է ուսումնասիրվել: Երբ մենք չենք հանրահռչակում Բայբուրդյանի ու Սարդարյանի գիտական աշխատությունները, օտարներին լայն հնարավորություններ ենք ընձեռում սեփական քիմքին հարմար վերաձևակերպելու վաղուց անհերքելի պատմական փաստերը, վերահասցեագրելու իրեղեն վկայությունները: Մեր հայրենակիցների «նորովի ներկայացնելու» աշխատաոճում ինքնահաստատման անթաքույց մղում կա: Այսօր գիտնականն իրեն հաշիվ չի տալիս, որ ինքն ընդամենը պահպանողը կամ վերականգնողն է հանճարեղ կոթողների, դրանց մասին ստույգ ու սպառիչ հանրամատչելի տեղեկատվություն կազմողը:
-Ինչո՞վ եք հիմնավորում Էրեբունի ամրոցի ճանաչվելը Երևանի վաղագույն միջուկ, երբ ավելի վաղ քաղաքակրթության բնօրրան Շենգավիթն ըստ էության ավելի հարիր է հայի խաղաղ շինարար հոգեկերտվածքին:
-«ՈՒրարտական բումով»: Նույն 1968-ին հիմնադրվեցին նաև Կարմիր բլուրն ու Շենգավիթը: Լայնածավալ աշխատանքներ տարվեցին: Ճիշտ, թե սխալ` մի կողմ թողնենք: Վիճելի է այսօրվա ճիշտն էլ: Մեղադրում էին կոմունիստներին, որ բետոն են արել հում աղյուսի փոխարեն, բայց հենց այդ բետոնի շնորհիվ են պատերը պահպանվել մինչև այսօր: Դուք չհասցրիք տեսնել անցյալ տարվա վերականգնման աշխատանքների պատկերը, որովհետև քամին արդեն քշել-տարել էր տանիքը, անձրևն ու ձյունն էլ «լվացել էին» հում աղյուսից պատերը: Հիմա է՞լ կոմունիստներն են մեղավոր: Շատ նուրբ հարց է վերականգնման տեխնոլոգիան: Արվածը պահպանելով նախ և առաջ պետք է մտահոգվել: 1941-ին Հովսեփ Օրբելին հիմնեց գիտությունների ակադեմիան, ինքն էլ առաջին նախագահն էր: Եկեք ասենք` կոմունիստական է, ու քանդենք: Սարյանը, Թամանյանը, Սպենդիարյանը, ուրիշ մեծանուն անհատներ, թողնելով անձնական բարեկեցությունն օտար ափերում, Հայաստան եկան: Նրանք իրենց որդիական պարտքն էին համարում նորակառույց հայրենիքի շինարարությանն անմնացորդ նվիրվելը: Հիմա ինչ-որ շոումեններ են հայտնվել, որ ԽՍՀՄ խորհրդանիշերով ձևավորված հագուստ են կրում ու, հանրությանն անհասկանալի թվեր ու փաստեր բարբաջելով, միմոսություններ անում: Ի՞նչ կապ ունեն նրանք Երևանի հետ, Հայաստանի հետ, որ գոռգոռում են` Երևանը մենք ենք, Հայաստանը մենք ենք... Ի՞նչ են արել կոնկրետ իրենց ընծայված Երևանի համար: Շոուներ են սարքել ու խոշոր գումարնե՞ր վաստակել:
-Վերադառնանք «Շենգավիթին»:
-Գիտեք, ամեն ժամանակաշրջան իր ճիշտն ունի: Այսօր ֆիզիկապես չի կարող ինքնուրույն ապրել «Շենգավիթը»: Կառավարությունը նոր միավոր չի ստեղծի` իր ուսերի բեռն առավել ծանրացնելով: Դուք պիտի տեսնեիք, թե ինչ էր կատարվում այս տարածքում մի քանի տարի առաջ: Երեկոյան լճի ափը «տարասեռ սիրահարների», «թասիբով տղերքի» ու բոմժերի արյունալի «ռազբորկաների» հավաքատեղի էր դառնում: Մի օր գործիքների փոքրիկ տնակն էինք հրդեհված գտնում, մյուս օրը` սպանվածի մի դիակ: Դիմեցինք ցանկապատելու խնդրանք-պահանջով, ինչպես տեսնում եք, մինչ օրս «գրկաբաց» ենք աշխատում: Երեք-չորս հոգով վաղ առավոտից և՛ հսկում ենք տարածքը, և՛ թանգարանային էքսպոզիցիայով զբաղվում, և՛ վաստակավոր շինարար վարպետ Վանուշի հետ մեր ուժերի ու կարողությունների ներածի չափով նորոգում: ՈՒշ երեկոյան մեր կացարան-թանգարանը թողնում ենք զինված գիշերային ոստիկանի հսկողությանը: Սա անցյալ դարի սկզբի 20-30-ական թվականներին այստեղ տեղակայված Կարմիր բանակի սպայական 12 փայտե կացարաններից մեկն է, միակը: Հնավայրը պեղելիս այս մեկը թողել են որպես բանվորների հանդերձարան, գործիքների պահեստ: 1968-ին թանգարանի են վերածել` ամենաարժեքավոր նյութի ճիշտ մատուցմամբ: Քանիցս ինքս եմ արել թանգարանի ընդլայնման ու բարեկարգման նախագիծը` նշածս գիտաժողովի առիթով, մի քանի տարի անց: 2004-ին «Լինսի» ծրագրով վերակառուցման նախագիծը նաև արեցի:
-Ոչ մեկին ընթացք չի՞ տրվել:
-Նույնիսկ չեն էլ պահպանվել, որքան էլ տարօրինակ թվա: 1980-ին կազմակերպեցինք էքսպոզիցիան, նախագծեցինք հարակից երկու սենյակ` սանհանգույցով: Կառուցեցինք մի պատը` հետագայում շարունակելու նպատակով: Բայց քանի որ 1961-ից 6-րդ հիվանդանոցն էր ստեղծվել իր մասնաշենքերով հենց մեր հուշարձանի տարածքի վրա, անկարելի դարձավ ամբողջի իրականացումը: Եթե չլիներ Սանդրո Սարդարյանի հետևողականությունը, ով մինչև Մոսկվա, քաղբյուրո հասցրեց իր ահազանգը, Պասպելոյի միջոցով չէր դադարեցվի հիվանդանոցի շինարարությունը: ԽՍՀՄ իրականության մեջ չլսված բան: Սանդրոյի դստեր` Ֆենիքսի տրամադրած արխիվի ուսումնասիրությամբ եմ պարզել եղելությունը: Լուսանկարներն էլ կան: Հիմա, ըստ էության, զրոյից ենք սկսում: Մեր վեցհազարամյա պատմության ուղեծիրը հաստատող բացառիկ բնօրինակներ էլ ունենք: Այս հնավայրի ու նրա քաղաքակրթության հետ մեր ունեցած գենետիկ կապի ամենածանրակշիռ վկայությունը շենգավիթցու գլխաքանդակն է: Հնդեվրոպականին հավասար զարգացած գանգաբանական «արմենոիդ» տիպը, որն այսօր գրեթե միայն հայերն են պահպանել: Մեր տեղաբնակ լինելն է հաստատվում Շենգավիթով, ահա թե ինչու նրա վերականգնումն ու հանրաճանաչումը, մեղմ ասած, հրատապ են:
-Երբեմնի 6-րդ հիվանդանոցը, այժմ «Երևան» բժշկական կենտրոնը (հայ-ավստրիական «Լեբեն» ՍՊԸ, տնօրեն` նախկին ազատամարտիկ Տարոն Տոնոյան) զբաղեցնում է հնավայրի տարածքի գերակշիռ մասը: Սեփականատիրոջ իրավասություններ ունեն թե՛ «Մայամիի», թե՛ բենզալցակայանի, թե՛ արհեստական լճափին բազմած այլ շինությունների տերերը: Շենգավիթը, փաստորեն, պաշտոնապես ապահովագրված չէ նորահարուստների անշարժ գույքի խորին շերտերում մի 6 հազար տարի ևս թաղված մնալուց: Քանի դեռ հույսի ճրագ անգամ չի երևում բազմաստիճան փլուզումներից առավել անանցելի դարձած չինովնիկական լաբիրինթոսում, ապարդյուն չե՞ք համարում ինքնակամ խաչելությունն այս հնավայրի փրկության գործընթացին։
-Անիմաստ է այժմ հին ու նոր մեղավորների վրա սուր ճոճելը, չնայած շատերի անունն ու մեղքի մասնաբաժինը վաղուց գաղտնիք չեն: Ժամանակի կորուստն անպայման շագրենի կաշվի նման կծկվող-փոքրացող ափաչափ այս հատվածի անէացմանը կհանգեցնի: Հիմա հարկ է, որ գործնական փրկության արշավախմբերում միաբանվեն ոլորտի ամենափորձառու նվիրյալները, հայրենասիրական պարտքի զգացումը դեռևս պահպանած պետական չինովնիկները:
Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1852

Մեկնաբանություններ