Նոյեմբերի 18-ին ԱԺ-ում Փաշինյանը մի հայտարարությամբ հանդես եկավ, որը ողջ շոուի մեջ լղոզվեց ու կորավ: Իր խոսքում հայտարարեց, թե «թուրքերի նկատմամբ հայերի ատելությունը հատուկ ձևավորվել է 1870-ականներին՝ արտաքին ուժերի ազդեցությամբ, որոնք հայերի գիտակցության մեջ անընդհատ ամրապնդել են «թուրք, թուրք, թուրք» թեզը»։ Եթե կարճ ու բաց, ստացվում է մոտավորապես սա՝ ռուսները թուրքերին սարքել են հայի թշնամի: Ասեմ՝ 1870-ականների ընտրությունը ընդհանրապես պատահական չէ. դա ռուս-թուրքական պատերազմի, Սան Ստեֆանոյի պայմանագրի և Բեռլինի վեհաժողովի ժամանակաշրջանն է, երբ Հայկական հարցը մտավ միջազգային քաղաքականության օրակարգ։
Իրականում Մեծ տերություններն, անշուշտ, Հայկական հարցն օգտագործել են սեփական շահերի համար։ Բայց Նիկոլին հուշեմ, որ հայերի անվստահությունը, դժգոհությունները թուրքական իշխանությունների նկատմամբ արտաքին ներշնչանքի արդյունք չէր։ Հայկական հարցի միջազգայնացումից շատ առաջ հայ բնակչությունը բախվել էր բռնությունների, հողազավթումների, անապահովության և իրավազրկության բազմահազար դրվագների, որն իրականացել է պետական մակարդակով։ Արտաքին ուժերը կարող էին շահարկել այդ իրականությունը, բայց չէին ստեղծել այն։
Փաշինյանի այս հայտարարությունը պետք է դիտարկել նաև Ցեղասպանության «իրական պատճառների» մասին նրա նախկին խոսույթում հնչեցրած մտքերի համատեքստում։ Եթե կհիշեք՝ օգոստոսի 24-ին ԱԺ-ում նա խոսում էր Ռուսաստանի վրա հայերի հույս դնելու, մեծ տերությունների շահերի և Հայոց ցեղասպանության թեման արտաքին քաղաքականության մեջ պահելու անհրաժեշտությունը վերանայելու մասին։ Նրա ձևակերպումներում աստիճանաբար կենտրոնական տեղ է զբաղեցնում այն միտքը, թե հայ ժողովրդի պատմական ողբերգությունները մեծ տերությունների մրցակցության և արտաքին քաղաքական հաշվարկների հետևանք են եղել։
Այս մոտեցման մեջ էական է պատճառահետևանքային կապերի տեղաշարժը։ Եթե թուրքերի նկատմամբ հայերի անվստահությունը ներկայացվում է որպես արտաքին ներշնչանքի արդյունք, իսկ Հայկական հարցի միջազգայնացումը՝ որպես մեծ տերությունների քաղաքական խաղ, ապա նույն տրամաբանությունը կարող է տարածվել նաև Ցեղասպանության նախապատմության վրա։ Այդ դեպքում քննարկման կենտրոնում աստիճանաբար հայտնվում են հայ ժողովրդի ազգային ձգտումներն ու քաղաքական ընտրությունները, իսկ ցեղասպանությունն իրականացրած Օսմանյան իշխանության պատասխանատվությունը մղվում է հետին պլան։ Պատմական բացատրությունը կարող է վերածվել զոհին սեփական ողբերգության համար պատասխանատու ներկայացնելու քաղաքականության։ Այսինքն, այն մոտեցումը, ինչի վրա 100 տարուց ավել տանջվում են ողջ թուրքական քաղաքականություն գծողները:
Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական (պարտադրված)Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ։ Պատմական հիշողության վերանայումը աստիճանաբար դառնում է արտաքին քաղաքական նոր կուրսի գաղափարական հիմնավորումը․ եթե Հայոց ցեղասպանության հիշատակը, միջազգային ճանաչման պահանջը և ազգային իրավունքների մասին խոսույթը ներկայացվում են որպես մեծ տերությունների խաղերի հետևանք ու ՀՀ անվտանգության խոչընդոտ, ապա դրանցից հրաժարվելը սկսում է մատուցվել որպես պետական շահի թելադրանք։ Այս ճանապարհով փոխվում է ոչ միայն անցյալի գնահատականը, այլև պետության քաղաքական ինքնությունը, նրա հարաբերությունը Սփյուռքի հետ և այն հարցերի շրջանակը, որոնք Հայաստանը պատրաստ է բարձրացնել միջազգային հարթակներում։
Նիկոլի այս լղոզված հայտարարությունն ամբողջությամբ տեղավորվում է հենց այս գործընթացի մեջ։ Ըստ ամենայնի՝ դրա քաղաքական շարունակությունը լինելու է Ցեղասպանության պատմության վերաշարադրումը նոր արտաքին քաղաքական օրակարգին համապատասխան, երբ հայ ժողովրդի ազգային ձգտումները ներկայացվեն որպես անցյալի սխալ հաշվարկներ, որոնցից այսօր պետք է հրաժարվել։ Հիշում եք, չէ՞, որ հայտարարել են, թե Հայաստանը հրաժարվում է պահանջատիրությունից, սա այդ շարքի առանցքային դրվագն է: Սա ոչ այլ ինչ է, քան պատմական հիշողությունը նոր զիջումների գաղափարական հիմնավորման վերածելու գործընթացի մի փուլ:
Արմեն Հովասափյան