«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Անգլոսաքսոնական շախմատային գամբիտն ընդդեմ «Անքորիջի»

Անգլոսաքսոնական շախմատային գամբիտն ընդդեմ «Անքորիջի»
03.11.2026 | 14:02

Աշխարհաքաղաքական տուրբուլենտության առանցքային պատճառներն իրականում ավելի խորքային են, քան պատկերվում է մամուլում. նույնը վերաբերում է նաև հանգուցալուծմանը, որը նույնպես մարդկանց կողմից ոչ միանշանակ է ընկալվում, հատկապես՝ քաղաքական՝ իրար հակասող քայլերի, հայտարարությունների և իրադարձությունների դեպքում։

Հեգեմոն գերտերության առանցքային պրոդուկտը հանդիսանում է դոլարը, որի պահանջարկը գաղափարական առումով վստահությունն է տարբեր երկրների կողմից։

ԱՄՆ-ի ֆինանսատնտեսական համակարգն այժմ աշխատում է 1974-ին կնքված նավթադոլարային համաձայնագրի հիման վրա, որը ենթադրում է 1944-ի Բրեթոն Վուդսի համաձայնագրի չեղարկում. 1971-ին նախագահ Ռիչարդ Նիքսոնը դադարեցրեց դոլարի՝ ոսկու փոխարկելիությունը, և սկսած 1974-ից (ԱՄՆ-Սաուդյան Արաբիա համաձայնագիր) միջազգային ռեզերվային վալյուտա համարվող ԱՄՆ դոլարն աշխատում է այլ մեխանիզմով։ Նավթ արդյունահանող և վերամշակող երկրները (OPEC) նավթամթերքը վաճառում են դոլարով (լիդերը Սաուդյան Արաբիան է) և ստացված դոլարը կրկին ներդնում ԱՄՆ տնտեսությունում՝ գնելով ԱՄՆ բորսայի արժեթղթեր և պետական պարտատոմսեր (վերջինը թողարկված է ԱՄՆ դաշնային կառավարության կողմից)։

Դատելով վերոգրյալից՝ ստեղծված է փակ ցիկլ ԱՄՆ դոլարի հեգեմոնիան պահպանելու համար, սակայն իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ։

Համաշխարհային մամուլի կողմից թմբկահարվող «Հավաքական Արևմուտք» տերմինը շատերն ասոցացնում են ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի անսասան դաշինքի հետ, սակայն իրական պատկերը կտրուկ տարբերվում է քարոզչական գործիք հանդիսացող մամուլի կողմից հասարակությանը հրամցվող ինֆորմացիայից։

Մինչ դոլարի «հեգեմոնիան» համաշխարհային պահուստային արժույթ է համարվել բրիտանական ֆունտ ստեռլինգը, որը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զիջեց դիրքերը ամերիկյան դոլարին։

2001-ին բրիտանացի տնտեսագետ Ջիմ Օ՚Նիլն առաջ քաշեց BRICS-ի տնտեսական գաղափարը, որն ապագայում վերածվեց աշխարհաքաղաքական գաղափարախոսության և այժմ դարձել է ՌԴ-ի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը։

BRICS-ը ենթադրում է երկրների ամբողջություն (Բրազիլիա, ՌԴ, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ), որոնք իրենց տնտեսական պոտենցիալով կարող են նվազեցնել կախվածությունն ԱՄՆ դոլարից՝ Իրանից, Սաուդյան Արաբիայից կամ Վենեսուելայից նավթը գնելով հենց իրենց ազգային վալյուտաներով։

Այնուհանդերձ, ԱՄՆ դոլարից ազատվելն այնքան էլ հեշտ չէ, չնայած հասկանալի է, օրինակ, ՌԴ-ի դիրքորոշումն այս հարցում։

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ընկալելով որպես երրորդ աշխարհամարտ՝ պաշտոնական Կրեմլն այս անգամ չի ցանկանում կրկին հայտնվել աուտսայդերի դերում՝ առաջ քաշելով բազմաբևեռ աշխարհի գաղափարը։

Բնական հարց է առաջանում, թե ինչպես են ամրագրվելու երկրների միջև տնտեսական գործարքները, ի՞նչ չափման միավորով է չափվելու, օրինակ, Չինաստանի և ՌԴ-ի միջև կատարված գործարքը, ինչպե՞ս է որոշվելու ռուբլու կամ յուանի իրական արժեքը՝ առանց ֆինանսական մանիպուլյացիայի։

Սա հարց է, որն արդարացիորեն բարձրացնում է Արևմուտքը, ինչին ՌԴ-ն հակադարձում է սեփական դառը փորձով՝ սկսած 1945-ից մինչև ԽՍՀՄ փլուզում և մեր օրեր։

Արևմտյան աշխարհում և հատկապես ԱՄՆ-ում քաղաքական համակարգն այնպես է կառուցված, որ երբեմն անդրազգային կորպորացիաները կարողանում են ստորադասել երկրների պետական շահերը վերպետական՝ առաջին հայացքից աբսուրդ թվացող շահերին ու գաղափարներին։

ԱՄՆ գործող վարչախումբն ունի գաղափարական համադրելիություն՝ պաշտոնական Կրեմլի և խորը տարաձայնություններ անգլո-սաքսոնական էլիտա կոչվող խորքային պետության ներկայացուցիչների հետ։

Նախագահ Թրամփը և՛ 2016-ին, և՛ 2024-ին հայտնվեց մամուլի թիրախում. նույն մամուլի, որը հանդիսանում է ավանդական արևմտյան քաղաքականության (Հավաքական Արևմուտք կոչվածի) կարևորագույն գործիքակազմերից մեկը, քանի որ բոլորը պատրաստվում էին պատերազմի, հասկանալով, որ եթե ԱՄՆ-ն ստիպում է Եվրոպային և Մեծ Բրիտանիային կռվել և վճարել սեփական անվտանգության համար, վերջիններս ստիպված էին լինելու թուլացնել սեփական տնտեսությունը՝ երբեմն հայտնվելով ֆինանսական կախվածության մեջ նույն մահմեդական աշխարհից։

ԱՄՆ-ի գործող վարչախմբի մոտեցումը պարզ է և ամերիկացու համար միանգամայն տրամաբանական, սակայն մի քանի օրից միջանկյալ ընտրություններ են ԱՄՆ-ում, և եթե հանրապետականները կորցնում են Կոնգրեսը, ապա, օրինակ, Սաուդյան Արաբիան կրկին չի հասկանալու ինչ արտաքին քաղաքականություն որդեգրել՝ մասնակցե՞լ BRICS-ի նիստերին, թե ոչ (սաուդիտները նախագահ Բայդենի ժամանակ անգամ հրաժարվել էին կատարել 1974-ի համաձայնագրի դրույթները՝ ստացված դոլարը ներդնել հենց ԱՄՆ տնտեսությունում, սակայն նախագահ Թրամփը միանգամից սանձեց Մերձավոր Արևելքը՝ հենց Իրանի հետ հակամարտության գնով)։

Պաշտոնական Կրեմլն ու ԵՄ-ն էլ կհայտնվեն փակուղում, քանի որ իշխանափոխության դեպքում պետք է շարունակեն կռվել ուկրաինական ճակատում։

ԵՄ-ում էլ իրավիճակը խաղաղ չէ, քանի որ այստեղ էլ հեգեմոնիայի համար պայքար է գնում Ֆրանսիայի և Գերմանիայի միջև, իսկ եթե հիշենք փոխնախագահ Վենսի ճառը Մյունխենում, ապա պարզ է դառնում ազդակը հենց Գերմանիային՝ եթե նախաձեռնել եք պատերազմը ԱՄՆ-ի ձեր գաղափարակիցների հետ միասին, ապա կռվեք ու վճարեք ինքներդ (հիմա պաշտոնական Վաշինգտոնն այլ մոտեցում ունի այս հարցի շուրջ)։

Անքորիջի հանդիպումը ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև միտված էր ՌԴ-ի և Չինաստանի միջև ռեգիոնը կիսելուն, ինչը միանգամայն տրամաբանական է, քանզի հյուծված ՌԴ-ի տնտեսական վերականգնմանը դեռ ժամանակ կպահանջվի, իսկ ԵՄ-ը կհարտնվի ԱՄՆ-ի քաղաքական ազդեցության տակ։

Չինաստանի դեմ տնտեսական պայքարը կլինի արդյունավետ վենեսուելական սցենարից ու Իրանին հարվածներից հետո, և ԱՄՆ-ը կշարունակի հանդես գալ աշխարհաքաղաքական հեգեմոնի դիրքերից։

Այս մոտեցմանը հակադրվում է ՌԴ նախագահի վերջին հայտարարությունը՝ կապված բազմաբևեռ աշխարհի հետ, որը ենթադրաբար կապված էր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններում առկա՝ ԱՄՆ-ի համար կառավարելի քաոսի հետ (թվացյալ քաոս է)։

Իրանին հասցված հարվածներից և Մերձավոր Արևելքում կոնֆլիկտ սկսելուց հետո ԱՄՆ պետական ապարատն ունի համապատասխան հաշվարկները՝ հասկանալու, թե անգամ ուկրաինական ճակատում մարտը թեժացնելուց հետո կկարողանա՞ կայուն պահել տնտեսությունը (դոլարի հեգեմոնիան). հասկացել են, որ կարող են, քանի որ Վենեսուելան աշխարհում նավթի պաշարներով գերազանցում է անգամ սաուդիտներին։

Բրազիլիայի ընտրությունները ցույց տվեցին, որ BRICS-ի անդամ երկրները շարունակում են հակադրվել ԱՄՆ-ի Մոնրոյի դոկտրինին (հեգեմոնիա առաջին հերթին Լատինական Ամերիկայում), ուստի, ի պատասխան ԱՄՆ-ը կարող է փոխել քաղաքականությունը։

Նախ՝ Brexit-ով ԵՄ-ից առանձնացած Մեծ Բրիտանիայի օգնությամբ կարող է շարունակել ուկրաինական հակամարտությունը, իսկ անհրաժեշտության դեպքում ամբողջ ԵՄ-ին ներքաշել պատերազմի մեջ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը սրելու գնով՝ միաժամանակ զսպելով և՛ Չինաստանի տնտեսությունը, և՛ սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ ստեղծելով Եվրոպայում։ Այս պարագայում ԵՄ-ին չի մնա այլ ելք, քան պատերազմել ՌԴ-ի դեմ ամբողջ ճակատով։

Այս մասին բաց խոսեց ՌԴ նախագահը՝ պնդելով, որ իրենք պատրաստ են պատերազմի մինչև 2030-ը, սակայն այդ պարագայում հաղթողներ չեն լինի՝ ՌԴ-ի տեսանկյունից։

Վերոնշյալ սցենարի դեպքում կրկին շահում է անգլո-սաքսոնական աշխարհը, որը պատերազմից հետո կունենա քայքայված ԵՄ տնտեսություն, որը կվերակառուցի Մեծ Բրիտանիան, իսկ Չինաստանի տնտեսությունն էականորեն անկում կապրի՝ մնալով ԱՄՆ-ի՝ պոտենցիալ մեծ գնորդի հույսին։

Սա ակամայից կփլուզի նաև BRICS-ի գաղափարը, քանի որ ԱՄՆ դոլարը կշարունակի մնալ միջազգային պահուստային արժույթ՝ ամրագրած նավթով (այս անգամ նաև՝ վենեսուելական)։

Եվրոպայի թույլ տված սխալները չկրկնելու համար նախագահ Թրամփը սկսել է պայքար ռադիկալ իսլամի դեմ՝ արգելելով, օրինակ, «մուսուլման եղբայրների» գործունեությունն ԱՄՆ-ում։

ԱՄՆ-ը զուգահեռաբար վերահսկողություն է հաստատում նաև համաշխարհային կարևորության հանգույցներում՝ Գրենլանդիայից մինչև TRIPP, Պանամայից մինչև Հորմուզի նեղուց, որը հնարավորութրուն կտա էլ ավելի ամրապնդել ԱՄՆ հեգեմոնիան մոտակա հարյուր տարիների համար։

Հոդվածը վերաբերում էր համաշխարհային կարգեր հաստատող և թելադրող տերության պետական ապարատի խորքային նրբերանգներին, քանի որ, պետական շահից ելնելով, քաղաքականությունը կարող է փոխվել։

Ստորև տեղադրված նկարում (2027-ի հարևանությամբ) աշխարհի կառավարման տեսանկյունից կարևորագույն շենքի վրա կա կարմիր դրոշ (ԱՄՆ Հանրապետական նախագահին խորհրդանշող), սակայն միջանկյալ ընտրությունների հնարավոր արդյունքները մատնանշող պատկեր, որտեղ հանրապետականներն ու դեմոկրատները նստած են դեմ դիմաց՝ միասին որոշելու, թե ինչ գործիքակազմով շարունակեն պահպանել ԱՄՆ հեգեմոնիան։

Հ.Գ. Հիանալ կարելի է անգլո-սաքսոնական աշխարհի կամ Հավաքական Արևմուտքի քաղաքական մտքի խորությամբ. հենց այսպես է կերտվում և պահպանվում պետությունն ու մշակվում պետական քաղաքականությունը՝ անհրաժեշտության դեպքում ստորադասելով ամեն ինչ հանուն պետական շահի։

Մարդկության համար նախընտրելի սցենար կլինի «Անքորիջը», սակայն հեգեմոնիան գին ունի:

Լևոն Մնացականյան

Դիտվել է՝ 426

Մեկնաբանություններ