«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Եռակողմ հանդիպումը դաս կարող է լինել պոչատ էշերով քարավանին խառնվելու փորձ անողների համար

Եռակողմ հանդիպումը դաս կարող է լինել պոչատ էշերով քարավանին խառնվելու փորձ անողների համար
16.11.2026 | 18:07

Սպասվող բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը Ծինփինի, Պուտինի և Թրամփի միջև բարդագույն դիվանագիտական երևույթ է, որի իմաստն ու դրա ընձեռած պոտենցիալ հնարավորությունների անորոշություններով լի անալիզը պահանջում է սիստեմային մոտեցում։

Այս առումով առաջին հերթին պետք է նշել, որ համեմատած երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների հետ, եռակողմը անհամեմատ ավելի բարդ է, և սիստեմային տեսանկյունից այդ տարբերությունը գնահատելու հիմքում ընկած են հետևյալ կարգի դատողությունները։

Աշխարհաքաղաքական տեսանկյունից ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը համակարգեր են, որոնք կարող են գտնվել ամենատարբեր վիճակներում, որոնք, զուգակցվելով միմյանց տարբեր վիճակների հետ, կարող են ծնել նոր վիճակների հնարավոր բազմություններ, որոնցով էլ որոշվում է բարձր մակարդակի միջազգային հանդիպումների ու բանակցությունների բարդության չափը։

Այսպես, եթե նման հանդիպումները երկկողմ են, ապա նման հանդիպումների բարդության չափը անհամեմատ ավելի փոքր է, քան եռակողմ հանդիպումների ժամանակ, քանի որ այս դեպքում սպասվող հնարավոր վիճակների կոմբինացիաների թիվը կտրուկ կերպով աճում է՝ համեմատած երկկողմ հանդիպումների հետ։

Դրանից բացի, ներկա եռակողմ հանդիպման դեպքում, նման հանդիպմանը մասնակցելու կողմերի շահագրգռությունները տարբեր են, քանի որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կոնֆլիկտների անմիջական մասնակիցներ են, որից ուզում են դուրս գալ, իսկ Չինաստանը շտապելու տեղ չունի և, կողքից թեթևակի մասնակցելով, կարող է առանց մեծ ռիսկերի հանգիստ սպասել, մինչև մյուսներն իրենց հարցերը լուծեն։

Այսինքն, ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը շատ բարդ է ու հսկայական անորոշություններով լի, որոնք անհավանական են դարձնում գլոբալ անվտանգության հետ կապված հարցերում լուրջ առաջընթացը։

Սիստեմային գիտության լեզվով դա նշանակում է, որ աշխարհը, որպես համակարգ, գտնվում է այն աստիճանի անորոշություններով լի անհավասարակշիռ վիճակում, որից դեպի հնարավոր հավասարակշիռ վիճակին անցնելը պրակտիկորեն անհնարին է։

Իսկ այդ անորոշություններից ամենակարևորն այն է, որ կողմերը հստակ պատկերացումներ չունեն միմյանց իրական հզորությունների ու պոտենցիալ հնարավորությունների մասին։

Եթե այս տեսանկյունից նայում ենք ուկրաինական, հետո էլ Իրանի պատերազմների ընթացքին, ապա կարող ենք տեսնել, թե ինչ արագությամբ են փոխվում հակամարտ կողմերի պատկերացումները միմյանց հզորությունների ու պոտենցիալ հնարավորությունների մասին։

Այս իմաստով թվում է, որ ներկա եռակողմ հանդիպումը հանգուցային պրոբլեմների ուղղությամբ կտրուկ առաջընթաց ապահովող որոշումներ չի կարող ունենալ, այլ կունենա միմյանց պոտենցիալ հնարավորությունները տնտղելու իմաստ, որն էլ, ինքնին, շատ կարևոր առաջխաղացում կլինի ստեղծված պատային իրավիճակում։

Բացի դրանից, նման հանդիպումը կդառնա շատ կարևոր նախադեպ հետագա նման հանդիպումների համար ևս, այն էլ առանց երկրորդական ուժերի մասնակցության, համարյա թե 1943-ի Թեհրանի նման, որն էլ ճանապարհ կբացի նոր Յալթայի ու նոր Պոտսդամի համար։

Սա հնարավոր դաս կարող է լինել նաև պոչատ էշերով քարավանին խառնվելու փորձեր անողների համար։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ