ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Վրաստանը չի բոյկոտի Սոչիի օլիմպիադան

Վրաստանը չի բոյկոտի Սոչիի օլիմպիադան
18.10.2012 | 16:11

Բոյկոտը, որպես քաղաքական պայքարի ձև, մեկ անգամ չէ, որ կիրառություն է ունեցել համաշխարհային սպորտում: Ժամանակային (նաև մասշտաբային) առումով մեզ ավելի մոտ կանգնածները Մոսկվայի ու Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի բոյկոտումներն են: Առաջինը հետևանք էր 1979-ի դեկտեմբերին Խորհրդային Միության կողմից Աֆղանստան ներխուժման, երկրորդը նույն Միության համարժեք պատասխանն էր կապիտալի աշխարհին:
Թե դրանք որքան արդյունավետ էին նույն սպորտի, մարզաշխարհը ներկայացնող մարզիկների, նրանց պատրաստող մարզիչների և, վերջապես, նրանց ներկայացնող երկրների միջազգային ճանաչման, այդ ճանաչումը խորացնելու տեսանկյունից, եկեք չքննարկենք, քանզի պատասխանը բոլորիս էլ պարզ է:
Սակայն մարդկությունը, ի դեմս վայ-քաղաքական գործիչների, այդպես էլ չի մոռանում իր «հին ու բարի» զենքը և պատեհ առիթը չի կորցնում նաև դրանով իրեն հիշեցնելու: Նման մի քայլ 2007-ին արեց ոչ անհայտ Շևարդնաձեն` նշանառության տակ առնելով 2014-ին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը: Դրդիչը Մոսկվայի ու Թբիլիսիի լարված հարաբերություններն էին, որոնց հետևանքը մեկ տարի անց եղավ Ռուսաստանի կողմից հարևան երկրից Աբխազիա ու Հյուսիսային Օսիա անվանյալ վարչական տարածքները պոկելը: Սոչիի խաղերը բոյկոտելու կապակցությամբ ժամանակին եղան և այլ ելույթներ: Թողնենք դրանք, քանզի դրանց թողած քաղաքական էֆեկտը զրոյական էր:
Ռուսական առաջին օլիմպիադան բոյկոտելու թեման մեկ անգամ էլ ջրի երես ելավ վերջերս: Առիթը «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ վրացական ընդդիմության փաստացի իշխանության գալն էր, խորհրդարանական ընտրություններում հաղթելը: Հաշվարկը հետևյալն էր` «ամերիկյան նախագիծ» համարվող Իվանիշվիլին պարտավոր է բոյկոտել Սոչին: Սակայն արի ու տես, որ հակառակ ի դեմս նրա` ամերիկյան հետք տեսնող քաղաքական շրջանակների, Իվանիշվիլին այնքան էլ կողմ չէ սպորտը քաղաքականությանը խառնելը և հայտարարել է. «Վրաստանը պետք է մասնակցի օլիմպիադային և, որպես հարևան, պետք է ամեն ինչ անի, որ օլիմպիադան անցնի խաղաղ ու առանց միջադեպերի»:
Իվանիշվիլուն հակառակ կողմնորոշում ունեցող քաղաքական շրջանակները թե ինչպես կարձագանքեն նրա այս հայտարարությանը, ցույց կտա ժամանակը, բայց որ օլիմպիադային չմասնակցելն ի վնաս կլիներ վրացական սպորտին, կարծում եմ, միանշանակ է. մեկուսացումը երբեք և ոչ մեկին լավ բան չի բերել:
Ինչ կշահի Վրաստանը օլիմպիադան չբոյկոտելո՞վ:
Շատ բան, որքան էլ որ խաղերում աչքի ընկնելու միակ հնարավորություն ունի ի դեմս Էլենե Գեդևանիշվիլու, ով միջազգային մրցասպարեզում մեդալային ելույթ ունեցած (բրոնզե մեդալ 2010 ու 2012 թվականների Եվրոպայի առաջնություններում) վրացի առաջին ու միակ գեղասահորդուհին է: Իսկ ինչո՞ւ ներկայումս աշխարհի լավագույն տասնյակում գտնվող մարզուհուն աչքի ընկնելու հնարավորություն չտալ և օլիմպիական խաղերում: Չէ՞ որ ի լուր և ի տես աշխարհի կարող է հնչել Վրաստանի հիմնը, բարձրացվել երկրի դրոշը:
Ինչո՞վ աշխարհին ևս մեկ անգամ ներկայանալու հրաշալի առիթ չէ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ