Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Աղքատ հասարակությունում մարդն արժեք չէ

Աղքատ հասարակությունում մարդն արժեք չէ
10.12.2014 | 17:52

Այսօր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Օրն արժևորվում է թե իշխանությունների, թե ընդդիմության կողմից: Արժևորվում է ավելի շատ ֆորմալ առումով, բովանդակության մեջ՝ մարդը մեզանում արժևորված, գնահատված չէ:

Իհարկե, քաղաքական ազատությունների մասով՝ մեր երկրում հիմա վիճակն ավելի վատ չէ, քան հարևան երկրներում: Ադրբեջանի հետ նույնիսկ համեմատություններն են ոչ տեղին, որովհետև աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, պարզապես դրախտ են հարևան երկրի հետ համեմատության համատեքստում:
Հայաստանում կա Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների խնդիրը, ու դա վատ է, բայց Թուրքիայում էլ բիրտ ձևով ցույց են ցրում, իսկ Վրաստանում իսկական «վհուկների որս» է նախորդ իշխանության ներկայացուցիչների հանդեպ՝ քաղաքական մոտիվացիայով ու բաղկացուցիչով: Իրանի մասին հատուկ չեմ խոսում, որովհետև այս երկրի իշխանությունը միջազգային բոլոր զեկույցներում ճանաչված է ամենաավտորիտարներից մեկը աշխարհում:
Ցավոք, մեր նշաձողն այնքան է իջել, որ համարժեք չի լինի համեմատությունը քաղաքակիրթ երկրների հետ, ու սահմանափակվում ենք տարածաշրջանային զուգահեռներով:
Իհարկե, տարածաշրջանում Հայաստանն այլևս «ժողովրդավարության կղզյակ» չէ, ինչպիսին էր 90-ականներին, բայց չունի էլ կառավարման այնպիսի ավտորիտար համակարգ, որի հետ գործ ունեինք Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին:
Բայց մեզանում մարդը շարունակում է չգնահատված ու չարժևորված մնալ: Այլ կերպ չէր էլ կարող լինել մի հասարակության մեջ, որի մեկ երրորդն աղքատ է՝ նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն: Հյուգոն խոսում էր թշվառության ու գրագիտության պակասի, մի շարք հասարակական չարիքների ուղղակի կապի մասին: Նա միանգամայն ճիշտ էր, որովհետև աղքատ հասարակությունը չի կարող առողջ լինել, չի կարող գիտակցված ու ճիշտ ընտրություն կատարել, չի կարող չծնել կոռուպցիոն ու այլ երևույթներ:
Այսօր մենք ունենք լյումպենացող, հուսահատ ու արտագաղթող հասարակություն, ինչը հետևանք է ոչ արդյունավետ կառավարման, քաղաքական համակարգի անորակության: Սրա մասին պետք է խորհեն վատ կառավարող իշխանավորներն ու իշխանության ձգտողները: Գեղեցիկ խոսքերից կշտացել ենք:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2081

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ