ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Լավրով. Ռուսաստանը առաջարկներ ունի, կողմերը մոտ են պայմանավորվածության

Լավրով. Ռուսաստանը առաջարկներ ունի, կողմերը մոտ են պայմանավորվածության
08.04.2016 | 02:04

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը առաջարկներ ունի և կողմերը մոտ են պայմանավորվածության՝ Բաքվում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք առաջարկներ ունենք, որոնք համանախագահների հետ համատեղ ձգտում ենք ավելի ակտիվորեն գործարկել՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության ձեռքբերման: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ուշադրություն հատկացնել այդ հարցերին»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ասել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ չբացելով փակագծերը: Նա, ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը լուրջ մարտահրավերի է բախվել, կարևորել է նախ իրավիճակի հանդարտեցումը, ապա հարցը քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: «Մենք ակտիվորեն զբաղվելու ենք քաղաքական կարգավորմամբ»,- ասել է նա: Ռուսաստանի արտգործնախարարը Բաքու է ժամանել՝ Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպման շրջանակներում: Հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսին, շարունակելով ղարաղաբաղյան հակամարտության թեման, Լավրովը տեղեկացրել է, թե կարգավորմանն ուղղված համաձայնության բոլոր բաղադրիչները դրված են սեղանին, թերևս մնում է միայն հստակեցնել ձևակերպումների հարցը:
«Իրականում մենք շատ մոտ ենք համաձայնությանը: Իմ Բաքվում անցկացվելիք հանդիպումները, հանդիպումները Հայաստանում նվիրված են մեր կողմից գործադրվող ջանքերին»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հաստատել է, որ ադրբեջանական կողմը լրջորեն աշխատում է Լավրովի անցյալ տարվա առաջարկների վրա:
«Մենք աշխատում ենք անցյալ տարվա կեսերին Սերգեյ Լավրովի ներկայացրած առաջարկների վրա: Ոմանք սա համարում են սառեցված հակամարտություն: Սակայն սա հակամարտություն է, որը պահանջում է շուտափույթ կարգավորում, քանի որ այդ հակամարտությունը մարդկային կյանքերի կորստի պատճառ է դառնում: Խաղաղ կարգավորումը կարևոր է, և մենք աջակցում ենք դրան՝ Հայաստանի զինված ուժերը պետք է լքեն մեր տարածքները, իսկ հետո արդեն պետք է քննարկվեն այլ հարցեր՝ դիտարկում, անվտանգություն և այլն»,- ասել է Մամեդյարովը: ՌԴ արտգործնախարարն ավելի վաղ պնդել էր, թե ղարաբաղյան կարգավորմանն ուղղված «Լավրովի փաստաթուղթ» գոյություն չունի:

Դիտվել է՝ 2112

Մեկնաբանություններ