Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ինչպես բարեփոխել Արցախի սահմանադրությունը Արցախի շուրջ ստեղծված ներկայիս բարդ իրավիճակում

Ինչպես բարեփոխել Արցախի սահմանադրությունը  Արցախի շուրջ ստեղծված ներկայիս բարդ իրավիճակում
06.09.2016 | 08:37

Սահմանադրության բարեփոխման հնարավորությունն անհրաժեշտ է օգտագործել Արցախի դերն ու նշանակությունը համայն հայության կենսակառուցվածքում էապես բարձրացնելու նպատակով: Ինչպես 90-ական թվականներին, Արցախը նորից պետք է հայտնվի համայն հայության հոգածության առանցքում: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել անցած տարիների ընթացքում ձևավորված նոր իրողություններն ու վտանգավոր նոր մարտահրավերները: Ներկայիս ծանրագույն պայմաններում Արցախում իշխանության նոր կառուցվածքը պետք է ՕՐԳԱՆԱՊԵՍ շաղկապի հայության բոլոր հատվածների ներուժը: Եթե 90-ական թվականներին կարելի էր բավարարվել ավանդական քարոզչական հնարքներով, օգտագործել ավանդական ազգային կուսակցությունների դեռևս չխամրած գրավչությունը, դաշնակցության առասպելն ու «Դեպի երկիր» կարգախոսի թարմությունը, ապա այսօր՝ ՀՀ-ում և Արցախում ներկայիս սոցիալական բևեռացվածության, անկումային տրամադրությունների, խորացող հուսահատության, կուսակցությունների և կուսակցական առաջնորդների նկատմամբ աճող անվստահության պայմաններում, անրաժեշտ են նոր և ոչ ստանդարտ լուծումներ: Այդպիսի լուծում է առաջարկել սույն թվականի ապրիլի 27-28-ին Արցախ այցելած Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ԼՂՀ իշխանություններին Արցախում սահմանադրական բարեփոխումների մեր հայեցակարգը: Հայեցակարգի հիմքում դրված է Արցախի շուրջ համայն հայության համախմբման համար եզակի ինստիտուցիոնալ հնարավորությունների ստեղծման նպատակադրվածությունը: Այդ հնարավորությունները կարող են երաշխավորվել Արցախում երկպալատանի խորհրդարանական համակարգի ներդրմամբ: Ստորին՝ Օրենսդիր պալատը կիրականացնի օրենսդրական գործառույթ, իսկ վերին՝ Համայնքների պալատը կիրականացնի խորհրդարանի ներկայացուցչական գործառույթները, ինչպես նաև կվերահսկի աշխարհասփյուռ հայ համայնքների կողմից Արցախին տրամադրվող նյութական և այլ օժանդակությունների օգտագործման արդյունավետությունը: Համայնքների պալատում կընդգրկվեն բոլոր հայ համայնքներից հատուկ կարգով ընտրված սենատորներ: Ազգային անվտանգության նկատառումներից ելնելով և հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ Արցախի անվտանգության երաշխավորն է Հայաստանի Հանրապետությունը, անհրաժեշտ է սահմանադրորեն ամրագրել, որ Համայնքների պալատի անդամ՝ սենատոր, կարող են ընտրվել ՀՀ Սահմանադրությամբ արտոնված երկքաղաքացիության իրավունքից օգտվող հայրենաբնակ հայերն ու սփյուռքահայերը: Այդ դրույթը կարևոր է նաև այն առումով, որ երաշխավորում է բոլոր սենատորների լոյալությունը ՀՀ-ի նկատմամբ, ինչպես նաև ՀՀ ներգրավվածությունը Համայնքների պալատի կազմավորման գործընթացում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված երկքաղաքացիության իրավունքը դրանով իսկ Արցախում կստանա իր գործնական ինստիտուցիոնալ կիրառումը, ինչը իրավաբանորեն կամրագրի արցախահայության փաստացի ինտեգրումը միաժամանակ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ համայն հայության կազմում: Օրենսդիր պալատի աշխատանքները պետք է կազմակերպվեն սովորական խորհրդարանական ընթացակարգով՝ ինչպես ներկայում: Վերին պալատի՝ Համայնքների պալատի աշխատանքները նպատակահարմար է կազմակերպել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանների օրինակով՝ սահմանելով տարեկան չորս նստաշրջան՝ յուրաքանչյուրը հինգ աշխատանքային օր տևողությամբ: Օրենսդիր պալատը պետք է ընտրվի հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով, ինչպես ՀՀ-ում: Համայնքների պալատը պետք է ընտրվի հարյուրտոկոսանոց մեծամասնական ընտրակարգով և ապակուսակցական սկզբունքով՝ ոչ թե սփյուռքի կուսակցություններից, այլ սփյուռքի համայնքներից, ինչը կապահովի սփյուռքի բոլոր հատվածների ներգրավվածությունը:

Հաշվի առնելով, որ առաջարկվող հայեցակարգով իրականացված սահմանադրական բարեփոխման հիման վրա ձևավորված Արցախի Համայնքների պալատը դեֆակտո ստանձնելու է համայն հայության խորհրդարանի առաքելություն, առաջարկում ենք սահմանադրորեն ամրագրել, որ Արցախի նախագահը ընտրվում է արցախահայության կողմից՝ ուղիղ, ազատ և համընդհանուր ընտրությունների միջոցով, և ի պաշտոնե նախագահում է Համայնքների պալատի նստաշրջաններում: Այս սահմանադրական դրույթը կընդգծի Արցախի առանցքային դերը ժամանակակից հայության քաղաքական օրակարգում, ինչպես նաև արցախահայությանը վստահություն կներշնչի սպասվելիք նորանոր ճնշումներին դիմակայելու, տոկալու, երկիրը հզորացնելու և ազատագրված տարածքները բնակեցնելու գործում: Հատուկ հոդվածով պետք է սահմանվի, որ Համայնքների պալատի նիստերը, բացառությամբ հատուկ դեպքերի, պարտադիր պետք է հեռարձակվեն արբանյակային հեռուստատեսությամբ, ինչը աշխարհասփյուռ հայությանը հնարավորություն կընձեռի օնլայն հետևելու Համայնքների պալատի աշխատանքներին և համայն հայության կողմից Արցախին ցուցաբերվող նյութական օժանդակությունների հատկացումներին:

Ստեղծված պայմաններում, երբ ապրիլյան պատերազմն ակնհայտորեն ցույց տվեց մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության խախտումը, երբ Ռուսաստանը, Իսրայելը և մի շարք այլ պետություններ շարունակում են նորագույն զինատեսակներ մատակարարել Ադրբեջանին, երբ Թուրքիան անթաքույց հայտարարում է արցախահայության ճակատագիրը կանխորոշելու իր հավակնությունների մասին, Հայաստանի քաղաքագետների միության կողմից առաջարկվող Արցախում սահմանադրական բարեփոխումների սույն հայեցակարգի ընդունումը և այդ հայեցակարգի հիման վրա Արցախի նոր սահմանադրության մշակումն այլընտրանք չունեն:

Դիտվել է՝ 1911

Մեկնաբանություններ