Le Figaro-ի հատուկ թղթակից Ժան Լուի Տրամբլեն ԼՂՀ հռչակման 25-ամյակի oրերին եղել է Արցախում և «Բակո Սահակյան. Նախագահն առաջին գծում է» վերնագրով հոդված է գրել:
2007-ից Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եղել է Արցախի անկախության համար մղվող պատերազմի (1991-1994) ազատամարտիկներից։ 2016-ի ապրիլին հայկական այս անկլավը դիմակայել է Ադրբեջանի ձեռնարկած հարձակմանը։ Հրադադարը փխրուն է… Ստեփանակերտ: 2016: 2-ը սեպտեմբերի: Մենք Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ենք։ Տեղի իշխանությունները 11430 ք.կմ տարածքով և 150000 բնակչությամբ այս փոքր երկրի` Արցախի Անկախության 25-ամյակը տոնելու համար ընտրել են զոհված ազատամարտիկների հուշահամալիրը: Պաշտոնական շքախումբը առաջնորդում է Բակո Սահակյանը` միջազգային հանրության կողմից չճանաչված և վիճահարույց դեֆակտո գոյությամբ ԼՂՀ նախագահը։ Համեստ մարդ, որ բնական է մի մարդու համար, ով նախքան երկրի բարձրագույն իշխանության պաշտոնում ընտրվելը, 1999-2000-ին եղել է ներքին գործերի նախարար, այնուհետև 2001-2007-ին` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Արցախը խորհրդային կայսրության անկման արդյունքում գոյացած «սառեցված հակամարտություններից» մեկն է: 95 % հայերով բնակեցված (քրիստոնյաներով) ազգաբնակչությունը երբեք չի համակերպվել ու չի համակերպվելու 1921-ին Մոսկվայի որոշմամբ մահմեդական և թուրքալեզու խորհրդային Ադրբեջանի հետ բռնակցմանը: 1988 -ին Հայաստանի հետ վերամիավորվելու անարդյունք հայցից հետո, Արցախը 1991-ին հռչակում է իր անկախությունը, ինչն էլ Ադրբեջանի հետ զինված հակամարտության պատճառ է դառնում: Հայաստանի և Սփյուռքի (աշխարհում 7 միլիոն մարդ, ում համար այս օազիսը նույն արժեքն ունի, ինչ Արարատ լեռը հայության համար) օժանդակությամբ՝ Լեռնային Ղարաբաղին հաջողվում է ապահովել Հայաստանի հետ կապող ուղի (Լաչինի միջանցքը):
ԶԼՄ-ներում կարծես մոռացվեց պատերազմի օջախ հանդիսացող Արցախը (այն ժամանակ միջազգային հանրության ուշադրության առարկան նախկին Հարավսլավիան էր): Արցախցիներին պարտադրված պատերազմում եղավ 30000 զոհ, որից 6000-ը` հայեր, և 24000` ադրբեջանցիներ: Կնքվեց հրադադար: Այսօր հրադադարից հետո 200 կմ ձգվող ճակատային սահմանի գծի երկայնքով հակամարտության երկու կողմերն էլ ուշադիր հսկում են միմյանց: ԵԱՀԿ նախաձեռնությամբ ստեղծված Մինսկի խումբը (ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիա) իր հովանու ներքո է վերցրել բանակցությունների առաքելությունը` փորձելով կողմերի համար որևէ խաղաղ լուծում գտնել: Այս տարվա ապրիլին կողմերի միջև նոր ուժգնությամբ պատերազմ վերսկսվեց: Չորս օր հարկավոր եղավ ԼՂ զինված ուժերին, որ լայնամասշտաբ ադրբեջանական ագրեսիան (ուր ներգրավված էին զրահամեքենաներ, հրետանի և ռազմական ուղղաթիռներ) հետ մղի: Օրհասական այս օրերին ԼՂ նախագահը սպարտացու իր կեցվածքով վստահություն է ներշնչում իր ժողովրդին: 1960-ին Ստեփանակերտում ծնված, խորհրդային բանակում պարտադիր զինծառայություն անցած (1978-1980) պատմական հուշարձանների վարպետ-ռեստավրատորի մասնագիտություն ընտրած անձը չէր տիրապետում պատերազմի արվեստին: Արցախյան գոյապայքարի ընթացքում նա դարձավ զինվորական գործիչ:
1991-1994 թթ. հակամարտությունը վեր հանեց Բակո Սահակյանի` իսկապես առաջնորդ լինելու տաղանդը: Աղդամի խրամատներում մի սահմանապահ զինվոր անկեղծացել է. «Մեր նախագահը մշտապես անկախութան համար պայքար է մղել, այդ թվում` ֆիզիկապես ներկա է եղել մարտին, և մենք գիտենք, որ նա կշարունակի դա անել, առանց տատանվելու և անզիջում»: Այս խոսքերի իսկությունը հաստատում է նաև այն, որ երկու երեխաների հայր Բակո Սահակյանի միակ որդին Արցախի պաշտպանության բանակի զինվոր է: