Թուրքիայի կառավարությունը կրկին հրաժարվել է կիրառել, այսպես կոչված, «հույսի իրավունքը» Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկատմամբ, որը ցմահ բանտարկություն է կրում։ Անկարան կրկին անտեսում է ՄԻԵԴ-ի պահանջը, ըստ որի, ցմահ ազատազրկումը, առանց պայմանական վաղաժամկետ ազատման, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հաստատել է Անկարայի կոշտ դիրքորոշումը. «Օջալանի համար «հույսի իրավունք» գոյություն չունի»։               
 

Քանի դեռ կենդանի է հիշողությունը

Քանի դեռ կենդանի է հիշողությունը
24.09.2024 | 09:54

Ջնջել, այսինքն, վերացնել, այսինքն, սրբել հետքերը, այսինքն, չունենալ մի բան, ինչը եղել է, այսինքն, վտանգ զգալ դրա գոյությունից և կամ անկարևորությունից, այսինքն, կարծել, որ դրա չգոյությունն ազատում է նրա համար ունեցած պարտքի զգացումից: Հրճվել այն մտքից, որ ամեն բան կարելի է ջնջել, հետո տխրել միևնույն մտքից, հետո դառնալ անտարբեր, երբ ձեռքիդ համար սովորական պիտի դառնա ոչնչացման շարժումը, հետո նույնացնել ջնջելն ու սրբագրելը և բավականություն ստանալ այդ խորամանկ նմանեցումից:

Ջնջվածը լրացնել մեկ այլ բանով, լրացվածը ջնջել, լրացնել ջնջված լրացումը, դա էլ անհետացնել, փոփոխել, նորացնել, թարմացնել, չթողնել անհաստատ ոչինչ, կասկածել ցանկացածի լինելու իրավունքին, ցանկացածի համար ջնջոց դառնալ ու մեծահոգի լինել` չջնջելով: Եվ այդպես ապրել երջանիկ ու գոհունակ, մինչև այն պահը, երբ վրա կհասնի ինքնաջնջումի անխուսափելի վայրկյանը:

Ջնջվել` այդպես էլ չհասկացած, որ ամեն ինչ կարել է ջնջել, բացի մի բանից` ջնջվածի մասին հիշողությունից: Եվ քանի դեռ կենդանի է այդ հիշողությունը, յուրաքանչյուր ջնջում կորցնում է իր իմաստը:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 16015

Մեկնաբանություններ