Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Կարեն Կարապետյան. Կառավարությունը շահագրգռված է, որ բիզնեսը զարգանա, ներդրումներ գան

Կարեն Կարապետյան. Կառավարությունը շահագրգռված է, որ բիզնեսը զարգանա, ներդրումներ գան
15.03.2017 | 17:12

Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» համաժողովի բացմանը: Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:
Վարչապետը ողջունել է առաջին անգամ Սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշելու նախաձեռնությունը՝ վստահություն հայտնելով, որ լավ ավանդույթ կդառնա և կնպաստի ամենատարբեր ոլորտների սպառողների պաշտպանվածության, իրազեկվածության բարձրացմանը: «Մենք պետք է բավական հետևողական լինենք: Որքան բարձրացնենք մեր քաղաքացիների քաղաքացիական դիրքորոշումը բոլոր ոլորտներում, այնքան շահելու ենք բոլորս: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է, որ մեր սպառողները, հասարակական և այլ պրոֆեսիոնալ կառույցները համագործակցեն մեզ հետ ամենօրյա ռեժիմով:

Կառավարության ծրագրում ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը դիտարկվել է որպես առաջնահերթություն՝ մասնավորեցնելով սննդամթերքի անվտանգության ոլորտը»,- ասել է Կարեն Կարապետյանը: Նա ընդգծել է, որ կառավարությունը ռազմավարական խնդիր է համարել Հայաստանի պարենային անվտանգության բարձրացումը և մի շարք գործողություններ նախատեսել այդ ուղղությամբ, որոնց մի մասն արդեն ընթացքի մեջ է և արդյունք է տալիս: «Մեզ համար չափազանց կարևոր է արտադրողների և ծառայություն մատուցողների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն թե անվտանգության ապահովմանը, թե որակի բարձրացմանը՝ բավարարելով սպառողների ամենախիստ պահանջները: Սպառողական շուկայի զարգացումը բխում է թե պետական, թե հասարակական հատվածի շահերից, և ակնհայտ է, որ այս հարթության մեջ համագործակցելու, առկա խնդիրները համատեղ վերհանելու և լուծելու հրամայական ունենք»,- նշել է վարչապետը:


Սպառողի պաշտպանվածության, սեփական իրավունքների մասին իրազեկվածության և սպառողական գիտելիքների ձեռքբերման առումով Կարեն Կարապետյանը կարևորել է ՀԿ-ների և ԶԼՄ-ների ակտիվ դերակատարությունը:
«Անհնար է սպառողի իրավունքները պաշտպանել առանց պետություն-բիզնես-սպառող շղթայի փոխգործակցության: Սեփական իրավունքների նկատմամբ ուշադիր և պահանջատեր սպառողը պետական վերահսկողության ամենամեծ աջակիցն է, և մենք մեծ ակնկալիքներ ունենք դրանից: Համաժողովին մաղթում եմ կառուցողական աշխատանք, մեր սպառողներին՝ անհանդուրժողականություն բոլոր այն հարցերի նկատմամբ, որոնք մեզ հուզում են: Կառավարությունը շահագրգռված է, որպեսզի ծառայությունները ՀՀ տարածքում մատուցվեն որակյալ և անվտանգ, շահագրգռված է, որպեսզի բիզնեսը զարգանա, աշխուժանա, ներդրումներ գան, աշխատատեղեր ստեղծվեն, բայց մենք ունենք նորմեր և սահմանափակումներ, որոնք երբեք պետք է չխախտենք»,- եզրափակել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ