ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Որ ջրերում են նավարկելու քաղաքական հածանավերն ու մակույկները

Որ ջրերում են նավարկելու քաղաքական հածանավերն ու մակույկները
07.04.2017 | 13:52

ՑՈՒԳՑՎԱՆԳ


Նախագահական Հայաստանը առոք-փառոք, նաև հոգնած ու ամոթխած վերջապես հանգրվանեց հայոց նորագույն պատմության Ա հատորում։ Սկսվել է նոր դարաշրջանը, և երկիրը տեղակայվում է նորագույն պատմության Բ` «Խորհրդարանական հանրապետություն» հատորում։
Հատորները փոխվեցին, դա պատմության պահանջն էր, պետք է փոխվեն այդ պատմության կերտիչներն ու փորագրիչները, այն է` պատգամավորներն ու կառավարիչները։ Բնական է առաջարկը հողմաղացյան, ԱԺ-ի գագաթի եռագույն դրոշն առնվազն մեկ մետրով պետք է բարձր լինի կառավարական տան կատարի դրոշից, զի մենք խորհրդարանական պետություն ենք, և վե՛րջ։


Ապրիլն է ամենուր, և երբ ձևավորվեն ԱԺ-ի հանձնախմբերն ու նախագահությունը, ծառերը, անշուշտ, կծաղկեն` պտուղ տալու խոստումով լի։ Շուտով, շա՜տ շուտով կբացվեն դարպասները հուսո, և խորհրդարանի նախշազարդ պատկերը կհառնի մեր աչքի առաջ։ Պետք է հուսալ, որ նախագահական ԱԺ-ի համեմատությամբ ներկա խորհրդարանում էապես կնվազի մականունակիրների, քծնող-ներբողասացների և անպտուղ ճառաբանների քանակը։ Եվ այս պահին, հավատացեք, որ գերթանկարժեք մի գանձ ունենք, եթե պահպանել ենք ՀՀԿ-ի, «Ծառուկյան» դաշինքի, «Ելք»-ի և ՀՅԴ-ի նախընտրական բյուլետենները։ Կգա օրը, և մենք աներեր կպահանջենք, որ տիարք և տիկնայք ժողովրդաընտրյալները տող առ տող կյանքի կոչեն իրենց նախընտրական խոստումները` լայնքով, երկայնքով և խորքով։ Մի խոսքով, ներկա ԱԺ-ն պետք է իր բովանդակությամբ լիուլի արժանի լինի խորհրդարանի շքեղ շենքին և պերճ այգուն։


Այսպիսով, ուրբաթօրյա հողմաղացն անքեն հոգով և ջերմագին շնորհավորում է օվալաձև դահլիճի նորաթուխ հերոսներին` քաղաքական հածանավեր ՀՀԿ-ին ու «Ծառուկյան» դաշինքին և մարտաշունչ քաղմակույկներ ՀՅԴ-ին ու «Ելք»-ին։ Ավանդույթի համաձայն մի խաս թասով և հոտնկայս խմում եմ նրանց պատվական կենացը խորհրդահայ կոնյակով։ Դուք էլ խմեք ձեզ ընտրած և չընտրած քաղաքացիների կենացը։

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԼՖՈՆՍԻԶՄԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Զարմանալի է, բայց ալֆոնսները չեն բավարարվում ասկետական կենցաղավարությամբ, նրանք գերշռայլ կյանք են վարում կնոջ հաշվին, կինն էլ համբերատար տքնում է օրն ի բուն։ 2016-ին ՀՀ միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարության տիտղոսակիր ծառայողները շրջել են Երկիր մոլորակով մեկ մի վեհանձն առաքելությամբ` ինտեգրել ՀՀ տնտեսությունը միջազգային կառույցներում և բարեփոխել երկրի անտանելի գոյակերպը։ Նրանք 16 ուղևորությամբ են փորձում ինտեգրվել և բարեփոխվել։ Նշյալ ուղևորությունները ծառայողական գործուղումներ են, որոնց իրականացման համար հիշյալ նախարարությունը երկրի պետական բյուջեից ստացել է 18 մլն 116 հազար 153 ՀՀ դրամ։ Այսինքն, մեկ ուղևորության համար ծախսվել է 1 մլն 113 հազար դրամ։ Նույն 2016-ին նույն նախարարությունը 16 ուղևորությունները կատարելիս այլ ծախսեր է արել, ինչը ծանրացել է ՀՀ գանձարանի վրա ևս 13 մլն 887 հազար 800 դրամով։ Ի դեպ, «այլ ծախսերը» հանելուկային անվանակարգ ունեն. «Գնում չհանդիսացող այլ ծախսեր»։ Մի խոսքով, ՀՀ միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարությունն աշխարհով մեկ շրջագայել է ի հաշիվ հարկատուներիս` ծախսելով ուղիղ 32 մլն 3 հազար 53 դրամ։ Սա ոչ շատ է, ոչ էլ քիչ է։ Զի գուցե նման ծախսերն անհրաժեշտ են երկրի և ժողովրդի բարեկեցության համար։ Սակայն այստեղ մի նրբախաղ է առկա, ինչն էլ հենց վարչական ալֆոնսիզմի հիմնադրույթ է։ Բանն այն է, որ ուղևորությունների ժամանակ վերոնշյալ և առհասարակ մյուս բոլոր նախարարությունների աշխատակիցները նախընտրում են թռիչքները «բիզնես դասով», երբ հնարավոր է ուղևորվել «էկոնոմ» դասով, ննջել ոչ թե 5, այլ 2-աստղանի հյուրանոցում, ճաշել մի համեստ խորտկարանում և այլն։ Այս ճանապարհով, ինչ խոսք, միանգամայն հնարավոր էր 16 գործուղումներն իրականացնել ընդամենը 12 մլն դրամով։ Այս ամենից զատ, չէ՞ որ ամենուր և ամեն օր ՀՀ պետական բյուջեն ենթարկվում է ֆինանսական ահաբեկչության։ Վաղուց է հայտնի, որ երկրի իշխանական և կառավարական ծախսերը չափազանց ուռճացված են։ Ընդ որում, 1 միջինացված պետծառայողը մեկ ամսում ծանրանում է հարկատուներիս դրամապանակների վրա բավականին պատկառելի գումարով։ Ընդ որում, վերոնշյալ սուբյեկտն ունի սեփական բիզնես, պետական միջոցները շատ հաճախ ծառայեցնում է սեփական շահերին և ապրում է ինչպես հանրահայտ մուլտֆիլմի հերոս փափկասուն կատուն, որը, հուսամ` չեք մոռացել, չէր պատրաստվում մեկնելու դրախտային արևադարձային երկիր, զի նրան տանը հիանալի կերակրում էին։ Մի խոսքով, իր առաջին իսկ նիստում խորհրդարանը պետք է համապատասխան օրենքով ուղղակի չեղարկի հանրապետության պետական բյուջեի հանդեպ իրականացվող ահաբեկչական գործողությունները։ Ընդ որում պատգամավորները նախ պետք է նվազեցնեն սեփական աշխատավարձերը և մյուս անհեթեթորեն սարկաստիկ ծախսերը։


Ի վերջո, պետք է ըմբռնել, ըմբռնելեն ետքը դարձնել ականջի օղ, որ պարզապես ալֆոնսային խայտառակություն է, երբ պատգամավորի և պետծառայողի աշխատավարձը 10 անգամ գերազանցում է մանկավարժի, գիտնականի և թանգարանի աշխատակցի եկամուտը։ Խայտառակություն է, քանզի սա քաղաքական բռնակալության և տնտեսական ֆեոդալիզմի դրսևորում է, ուրիշ ոչինչ։ Ի վերջո, ներկա օրվա գերխնդիրը հստակեցնենք և հպատակվենք նրա պահանջներին, այն է` պետական բյուջեից դուրս եկող յուրաքանչյուր լումա պետք է վերածվի դրամի և վերադառնա ի շրջանս յուր։ Այսինքն` դեպի Ազգային բանկի պահոցները։
Երկրի ներկա գլխավոր տնտեսական պատասխանատու, 14-րդ վարչապետ տիար Կարապետյանն ապրիլի 2-ին «Իզվեստիա» թերթին վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունը բաց է և՛ քննադատության, և՛ համագործակցության համար։ Եվ ահա ուրբաթօրյա հողմաղացն իր համագործակցային աջն է մեկնում երկրի կառավարությանը։


ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ԱՌԱՋԸՆԹԱՑ, ԱՌԵՐԵՍՈՒՄ
Իսկ այժմ քնարական դադարի երանելի պահն է։ Բանաստեղծ և գեղագետ Հռիփսիմե Հովհաննիսյանը տարիներ առաջ ահա այսպես է մեր ներկա օրը պատկերել.
Աշտարակներս կկանգնեն հպարտ,
Դրախտի դուռը վիշապ չի հսկի,
Խճաքարերը ծաղիկ կդառնան,
Ծաղրածուն կասի` ավազ է ոսկին։

ՀՀ-ում ծաղրածուներ գրեթե չկան։ Կան խեղկատակներ։ Առկա է երկրում խեղկատակային թանձր մի միջավայր, ուր լիաթոք շնչելն անգամ սխրանք է։ Սույն խեղկատակներն արտաքուստ ծաղրածու են ժպտադեմ, ներքուստ, սակայն, դիմազուրկ վիշապներ են, պառկած մեր անվտանգության և առաջընթացի տաճարի շեմին։ Հարգարժան վարչապետ, արժանապատիվ կառավարություն, հանուն մեր և ձեր անամպ ապագայի, այսինքն` հանուն հանրապետության անվտանգության ու առաջընթացի, եկեք մի քանի գերխնդրի շուրջ առերեսվենք, որ վերջապես գլխատենք վիշապին։ Նախ և առաջ, ինչպե՞ս եք պայքարելու մենաշնորհների դեմ, առանց պետական մենաշնորհների հաստատման։ Բանանի մենաշնորհի դեմ հայտարարած պատերազմի անփառունակ Վաթեռլոոն Ձեզ և երկրի կառավարությանը չի՞ հուշում ինչ-որ բան։ Առաջարկս հնչել է բազմիցս` 3-րդ հանրապետությունը, ի դեմս երկրի կառավարության, պետք է դառնա գազի և շաքարավազի, հեղուկ վառելիքի ու գյուղմթերքների, ժամ առ ժամ հարստահարվող ազգային ժառանգություն հանքերի, ծաղկող ու փթթող տոնավաճառների և վաճառատների կառավարման և շահույթի ձեռքբերման 58 տոկոս վերահսկիչ փաթեթի տերը։ Մի՞թե խորհրդանշական չէ, որ ՀՀԿ-ն այսօր ունի 58 պատվավոր մանդատ։ Դաշինք կազմելով սոցիալիստ-հեղափոխականների` ՀՅԴ-ի երանելի յոթնյակի հետ ՀՀԿ-ն պարտավոր է սատարել կառավարությանը` ընդունելով օրենք «Պետական մենաշնորհների մասին»։


Այնուհետև, դաշնագրվելով «Ելք»-ին, պետք է անհապաղ մի անողոք օրենք ընդունել, որով էլ պետք է կանխել պետական բյուջեի կողոպուտը։
«Ծառուկյան» դաշինքն էլ, չեմ կասկածում, չի վարանի և անմիջապես կձեռնարկի կենսաթոշակների բարձրացման, գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցմանն ուղղված յուր պատվական (նաև պատմական) գործընթացը։
Ամեն։

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ
«Հանրապետական» կուսակցությունը վերստին իշխող դիրքերում է։ Սա սպառնալի՞ք է երկրին, թե՞ հայրենիքի փրկությունն է, ցույց կտա նորին մեծություն ժամանակը։
Նաև դարակազմիկ մի խնդիր է այսօր լուծվում գերքաղաքականացված մեր կյանքում` ովքե՞ր են մավրերը, և ովքե՞ր պետք է հեռանան։
Երեք շքեղ, դղյակակերտ շենքերում է որոշվում մեր գալիքը։ Նախագահական նստավայրում։ Ազգային ժողովում։ Կառավարական տանը։ Մեր, նաև շենքերի ներկա տիրակալների գալիքը։
Զինչե՞ր ցուցանեցին առակներն այս Աստծո գառներին և մոլորյալներին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3489

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ