ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ազգային ծրագիրը կհամախմբի աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի

Ազգային ծրագիրը կհամախմբի աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի
30.04.2018 | 10:53

Խորապես ցնցված եմ վերջին շաբաթների ընթացքում մեր հանրապետությունում տեղի ունեցած դեպքերից: Վաղուց չէի տեսել մեր ազգն այսքան համախմբված, երջանիկ և միմյանց հանդեպ սիրով լցված: Առավել ևս, հայտնություն էր բոլորիս համար «անկախության սերունդ» մեր երիտասարդությունը, որը դրսևորեց այնպիսի բարձր որակներ, որոնց մասին կերազեին ցանկացած ժողովուրդ և երկիր: Նրանք արթնացրին մեզ, ցուցանելով, որ տերն են թե՛ իրենց պատմության, թե՛ ներկայի և թե՛ երկրի ապագայի կերտման:

Դեռևս տասը տարի առաջ շվեյցարացի հայտնի թավջութակահար Իվան Մոնիգետին, լինելով մենակատարը մեր փառատոնի համերգների և առնչվելով երիտասարդության նույն որակների և հոգու հետ, ասաց. «Ինձ զարմացրին և հիացրին ձեր երիտասարդները. այն, ինչ տեսա այստեղ, ստիպում է ինձ մտածել, որ Հայաստանում է կերտվելու դասական երաժշտության ապագան»:

Անկախության սերնդով հաղթահարվեց վախը` ցեղասպանություն տեսած մեր ժողովրդի, խորհրդային տարիներին արմատավորված ստրկամտությունը, ինչպես նաև այն բարդույթը, որ պետք է խուսափել փոփոխություններից, առավել վատ վիճակի մեջ չհայտնվելու համար:

Պատմական հզոր նոր փուլ է սկսվում մեր ազգի և պետականության կյանքում:
Այժմ թռիչքային առաջընթացի ժամանակներ են և կատարվածը ժամանակի պահանջն է: Մեր օրերը այլևս չեն հանդուրժում իներցիան և գոյատևելը, ինչպես նաև քայլ առ քայլ, աստիճանաբար զարգացման ձևաչափը: Տիեզերական քայլեր են պետք, նոր հայեցակարգ, ազգային ծրագիր, կպահանջվեն նաև մեծ ռիսկեր` թռիչքներ անելու համար:

Բազում տարիներ խոսել եմ այն մասին, որ քսանմեկերորդ դարը հայերի դարաշրջանն է, անգամ փառատոնը 2000-ին անվանեցի «Քսանմեկի հեռանկարներ», ակնարկելով մեր ազգի փայլուն հեռանկարը նոր դարաշրջանում: Նույն ոգով և տեսլականով, անհավանական թվացող, սակայն կենսականորեն կարևոր երևույթները, մեր երկրի համար կարողացանք իրականություն դարձնել:

Համոզված եմ, որ աշխարհի ցանկացած անկյունում ապրող հայ սիրում է իր հայրենիքը` Հայաստանը, անհրաժեշտ պահին դառնալով մեկ ուժ: Ազգային ծրագիրն իր շուրջը կհամախմբի բոլորին` հնարավոր դարձնելով ամենակարճ ժամկետում կառուցել մեր նոր և հզոր երկիրը, ուր վայել է ապրել հաղթած և հերոս ազգի զավակներին: Հայը աշխարհի աղն է, և դա մեծամտություն չէ: Այսօր մեր երիտասարդությունը գիտակցում է իր առաքելությունը թե՛ սեփական երկրի ապագայի, թե՛ ողջ մոլորակի համար:

Որպես քրիստոնյա երկիր, մենք սիրով և հարգանքով ենք հարաբերվելու բոլոր երկրների և ազգերի հետ` հաղթահարելով առկա մարտահրավերները:

Աղոթում եմ, որ Աստված առավել շնորհ և իմաստնություն տա բոլորիս, առավել ևս` շարժման առաջնորդ և ազգային զարթոնքի որակների կրող Նիկոլ Փաշինյանին`միասին կերտելու մեր ապագա չքնաղ Հայաստանը:

Ստեփան ՌՈՍՏՈՄՅԱՆ
«Երևանյան (Քսանմեկի) հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր, ԵՊԿ պրոֆեսոր

Դիտվել է՝ 2775

Մեկնաբանություններ