Դու կարող ես բանտարկել քո բոլոր ընդդիմախոսներին ու քեզ դուչե զգալ:
Դու կարող ես մինչև վերջ խորացնել ժողովրդի անտարբերությունը, անելանելիությունն ու բարոյազրկել հանրությունը՝ քո ու շրջապատիդ բարոյազուրկ կերպարների ու խոսույթի պարտադրմամբ:
Դու կարող ես ստի ու մանիպուլյացիայի քո կայսրությամբ նեխած ճահիճ դարձնել մեր հանրային կյանքը, որ չվարկաբեկված կես մարդ չմնա, որ այդ ֆոնին դու մարդանման երևաս:
Դու կարող ես տասնյակ պատգամավորների ու քեզ ենթակա հազարավոր պաշտոնյաների՝ ուժայիններից մինչև լրագրողներ, վերածել ուղեղներն անջատած խոսող ստրուկների ու փողի ասեղի վրա դրված վարձու քիլլերների:
Դու կարող ես խաղալ «ընդդիմության» թույլ կողմերի հետ, ստվերային գործարքների գնալ քաղաքական բառիգների հետ՝ հազար հատ «ընտրություն» ու քաղաքական ընթացիկ պարտիա հաղթել:
Դու կարող ես զոհել կամ խեղել ևս տասնյակ հազարների ճակատագիրը:
Դու կարող ես մինչև վերջ մաշված խաղալիք լինել ստվերում գործող քո իշխանության իրական տերերի՝ օտար ծառայությունների ձեռքում, մինչև վերջ վաճառել ու կործանել Հայաստանը ու հոգիդ փառավորված զգալ:
Դու կարող ես անգամ դեռ ինքդ քեզ գերազանցել դավաճանության, անբարոյականության ու սրիկայության գործում:
Բայց երկու բան փոխել չես կարող.
1. դու հայոց պատմության մեջ դաջվելու ես որպես հայրենիքի անիծյալ դավաճան:
2. Դու չես կարող չեղարկել քեզ օգտագործողների մտադրությունը՝ ֆիզիկապես ազատվելու քեզանից, երբ կդառնաս քո գարշելի առաքելությունն ավարտած անպիտան գործիք՝ շնչող գլխացավանք ու վտանգավոր վկա:
Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ