Երևանի կենտրոնում շենքերով ու բակերով է շրջապատված մայրաքաղաքի գանձերից մեկը` մայրաքաղաքի հնագույն եկեղեցիներից Զորավոր Սուրբ Աստվածածինը, որը դիմացել է ժամանակի փորձություններին, ավերվել է, բայց կրկին վերակառուցվել` դառնալով քաղաքի եզակի ու զորավոր վայրերից մեկը։
Զորավոր եկեղեցին հնում մի փոքրիկ մատուռ էր` կառուցված Անանիա առաքյալի գերեզմանի վրա: Ինչպես պատմագիր Առաքել Դավրիժեցին է նշում, Քրիստոսի 72 առաքյալներից Անանիայի նշխարները այստեղ են բերվել վաղնջական ժամանակներից։ Սրբավայրը հետագայում վանք է դարձել։ Մովսես Տաթևացի վարդապետի ջանքերով տեղում անապատ ու միաբանություն է հաստատվել 17-րդ դարում։
Եկեղեցին Զորավոր է կոչվում, քանի որ ժամանակին այնտեղ է պահվել հրաշագործություններով հայտնի «Զորավոր» Ավետարանը, այնտեղ են ամփոփված նաև առաքյալի «ամենազոր» նշխարները: Տարիների ընթացքում վանքը ոչնչացվել ու կրկին վերակառուցվել է, խորհրդային տարիներին տարբեր նպատակների ծառայեցվելուց հետո հետ է վերադարձվել հավատացյալներին։ Եկեղեցու եզակի գանձերից է բարավորը զարդարող որմնանկարը, որը, ամենայն հավանականությամբ, պատկանում է նկարիչ Նաղաշ Հովնաթանի վրձնին։
Կիրթ, ակտիվ ու կուռ. այսպես է համայնքը բնութագրում եկեղեցու հոգևոր հովիվը` Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և հիշեցնում, որ համայնքի անդամները զորացնում են իրենց ընտանիքը, և տարածվում է սերը: Տեր Գրիգորը նաև «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի նախագահն է: ՀԿ-ն զբաղվում է Դաունի համախտանիշ ունեցող երեխաների առողջության և զարգացման հիմնախնդիրներով: