ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Առաջին տպավորությունը՝ Աբու Դաբիի հանդիպումից

Առաջին տպավորությունը՝ Աբու Դաբիի հանդիպումից
10.07.2025 | 19:37

Աբու Դաբիի հանդիպումը չի լուծում կարգավորման իրական խոչընդոտները։

Կողմերը շարունակում են քայլել բարակ սառույցի վրայով՝ պահելով երկխոսությունը, բայց չանդրադառնալով բովանդակային հաշտեցման հարցերին, համենայն դեպս, հաղորդագրության տեքստում:

Քննարկվել են կարգավորման «տարբեր ասպեկտներ», արձանագրվել է «առաջընթաց սահմանազատման գործընթացում», բայց բովանդակային հարթության վրա շրջանցվել են հակադրության կամ պատերազմի առիթ տվող հարցերը՝ կոմունիկացիաների ապաշրջափակում, Ադրբեջանի տարածքային ագրեսիվ հավակնություններ, դելիմիտացա/ դեմարկացիա:

Ավելին, Փաշինյան- Ալիև հանդիպմանը զուգահեռ, Հայաստանի ԱԳ փոխնախարը հանդես է եկել մի հայտարարությամբ, որն առնվազն հուշում է՝ Աբու Դաբիի հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունն ավելի շատ ընդհանրական դիվանագիտական տեքստ է, որը գուցե քողարկում է Փաշինյան- Ալիև զրույցի բուն բովանդակությունը:

«Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը»,- ասել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ ըստ էության, վերահաստատելով ամերիկյան բացահայտված առաջարկության փաստը:

Փաստացի, Աբու Դաբիի հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ պատերազմը չի վերսկսվում այս պահին։ Սակայն խաղաղություն նույնպես չկա։ Իսկ երբ գործընթացը սահմանափակվում է միայն «շարունակելու» մտադրությամբ՝ առանց հարցերին առերեսվելու, դա այլ բան չէ, քան քաղաքական ժամանակ շահելու փորձ։

Ընդ որում, այդ «ժամանակը» Փաշինյանին և Ալիևին պետք է միանգամայն տարբեր պատճառներով:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ