Հաց և Գինի. առաջին խաղողի վազ, առաջին գինեգործ: Այս ամբողջը սկզբնավորվեց Հայկական բարձրավանդակում: Ջրհեղեղից հետո Նոյը՝ նոր կյանքի արշալույսին խաղողի վազ տնկեց Արարատի փեշերին: Իսկ հետագայում գինի, որ պետք է մարդու և Աստծո միջև սրբազան կապի խորհուրդը հանդիսանար և ուղեկցեր քրիստոնյային դեպի Աստված տանող առաքելության մեջ: Հավատքը դեպի գինու աստվածային զորությունը մեզ է փոխանցվել ժառանգաբար՝ Քրիստոս Աստծո ծնունդից դեռ հազարամյակներ առաջ: Մեր նախնիներն ունեին աղոթք, որ իր արտահայտությունն է գտել նաև ազգային էպոսում: Սասնա Դավիթը կռվի դուրս գալիս արտասանում է այդ աղոթքը և թշնամուն հասցնում անկասելի հարված.
- Յա Մարութա Բարձրիկ Աստվածածին,
Հացն ու Գինին՝ Տեր կենդանին,
Խաչ պատերազմին, ինչ վեր իմ աջ թևին…
Հացն ու Գինին՝ Տեր Կենդանին. այսպես էր գինով ու սուրբ հացով զորանում մեր էպոսի հերոսը՝ Սասնա Դավիթը։
Գինեգործության մշակույթի ամբողջ պատմությունն այսօր կարելի է գտնել «Արմենիա Վայն» գինու -կոնյակի գործարանում, որտեղ ամեն մի սրահ այցելուի առաջ բացում է մեր անցյալի դռները` ՈՒրարտուից սկսած մինչև 21-րդ դար։
«Արմենիա Վայնը» դեռ ամառվանից կազմակերպել էր մրցույթ, որին մասնակցել էին արվեստագետներ, պատմաբաններ, լրագրողներ, ովքեր կներկայացնեին գինու պատմությունն ու մշակույթը Հայաստանում։ Եվ օրեր առաջ քսան լավագույն աշխատանքների հեղինակները հրավիրվել էին «Արմենիա Վայն» գինու-կոնյակի գործարան` շրջայցի և տեսնելու, թե ինչպես են մեր ազգային ավանդույթները շարունակվում։ Եվ իսկապես, մի խումբ նվիրյալների շնորհիվ այստեղ ստեղծվել է այնպիսի պատմա֊մշակութային միջավայր, որ «Արմենիա Վայնը» կարող է և պետք է առաջնային տեղերից մեկը զբաղեցնի մեր զբոսաշրջային քարտեզում։
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ