Հետաքրքիր արևմտամետներ եմ հայտնաբերել՝ թրքացման մեջ ոչ մի վտանգ չեն տեսնում, նաև աջակցում են: Դրանք իրականում ոչ թե արժեքային, գաղափարական արևմտամետներ են, այլ՝ իբրև ռուսաֆոբիա ունեցող թրքամետներ, որոնք «Արևմուտք» բառը օգտագործում են որպես ծածկագիր։ Այդ պատճառով է, որ մեզ առաջարկվում է ոչ թե Արևմուտք, այլ «խաղաղություն»:
Ուշադրություն դարձրեք բառապաշարին՝ ոչ մի տեղ չեն ասում «պաշտպանություն», «դաշնակցություն», «անվտանգություն», ասում են՝ «խաղաղության պայմանագիր», «կոմունիկացիաների բացում», «ռեգիոնալ ինտեգրում»:
Այս «արևմտամետները» չեն ասում՝ «ինտեգրվում ենք եվրոպական ինստիտուտներին, իրավական համակարգին, կրթությանը, տնտեսությանը», այլ ասում են՝ «բացվենք, հաշտվենք, ինտեգրվենք տարածաշրջանային կոմունիկացիաներին»:
Իսկ դա թարգմանաբար նշանակում է՝ թուրքական աշխարհին ներառվել՝ որպես փոքր, թույլ, անընդհատ զիջող օղակ։
Սա ինտեգրում չէ, սա լուծարում է։
Իսկ այսօրվա Արևմուտքը ասում է՝ կարգավորեք ձեր խնդիրները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, մենք կողքից կհսկենք, (այդպես ավելի հեշտ է, Արևմուտքի տեսանկյունից՝ Հայաստանը ուղղակիորեն իրենց ինտեգրելը բարդ է, թանկ, ռիսկային, իսկ Հայաստանը թուրքական ազդեցության գոտում թողնելը՝ ավելի կանխատեսելի է), հետն էլ էշ-էշ փող են տալիս իշխանությանը, որ Ռուսաստանի դեմ հիբրիդային տեղեկատվական պատերազմին դիմակայի: Երևի ճիշտ նույն տրամաբանությամբ՝ ինչ տարիներ շարունակ Հայաստանում ֆինանսավորել են կեղծ «արևմտամետներին»:
Ու, չգիտես ինչու, «արևմտամետ» Նիկոլն էլ օր ու մեջ Մոսկվայում է (երևի դաժան հիբրիդային պատերազմ վարելու ձևն է այդպիսին): Հայաստանը ռազմատնտեսական ամբողջ սպեկտրով ռուսական է պահում իշխանությունը ատամներով, բայց հիբրիդային պատերազմի մեջ է ամենառուսամետ իշխանությունը:
Տիտղոսային ռուսամետ ընդիմությունն էլ միայն խանդի տեսարաններ է ստեղծում, բայց, տեղը եկած ժամանակ, պնդում է, որ մեր «դաշնակից» Ռուսաստանը, պարզվում է, պարտավորություններ չունի, իսկ շահեր ունի:
Ինչևէ, Արևմուտքը տասնամյակներով Թուրքիային չի ընդունում ԵՄ՝ իր համար տեսնելով քաղաքակրթական, իրավական, արժեքային և անվտանգային ռիսկեր։
Եվրոպան այսօր ինքն է ճգնաժամի մեջ՝ մուսուլմանական միգրացիայի, գետտոյացման, անվտանգային լարվածության պատճառով։
Եվ այդ նույն Եվրոպան Թուրքիային պահում է դռան շեմին, ոչ ներսում։
Բայց այ մեր պարագայում վտանգ չի տեսնում:
Այդ «հսկա քաղաքակիրթ Եվրոպան» Թուրքիայից վտանգ է տեսնում միայն իր համար:
Երբ ազգային իշխանություն չկա, արտաքին խաղացողները սկսում են մտածել մեր փոխարեն։
Ու միշտ մտածում են իրենց շահերից ելնելով։
Ահա այստեղ է, որ ծնվում է այն տրամաբանությունը՝ «թող Հայաստանը հարմարվի տարածաշրջանին», այսինքն՝ թուրքական աշխարհին։
Խնդիրը այն է, որ Հայաստանում ազգային սուբյեկտությունը փոխարինվել է կառավարելիությամբ։
Երբ պետության գլխավոր արժանիքը դառնում է «կանխատեսելի լինելը»,
դա նշանակում է, որ նա պատրաստ է զիջումների։
Եվ աշխարհը դա անմիջապես զգում է։
Այո՛, այս վերաբերմունքի հիմնական պատճառը այն է, որ Հայաստանը այսօր չունի ազգային իշխանություն, այսինքն՝ իշխանություն, որը գիտի՝ ով ենք մենք, գիտի՝ ինչպիսին պետք է լինենք:
Մինչ այդ, մեզ միշտ կառաջարկեն ոչ թե մեր ընտրությունը, այլ ուրիշների համար հարմար լուծումը։
Գևորգ Կարապետյան