Գլոբալ հակամարտությունների բուն էությունը հասկանալուն և իրավիճակի անխուսափելիության հետ հակամարտ կողմերի հաշտվելուն ու համապատասխան ադեկվատ որոշումներ կայացնելուն խանգարում են մի շարք հանգամանքներ ու գործոններ։
Այդ պրոցեսները, մյուս մասշտաբային ու հզոր պրոցեսների նման, կառավարվում են զուտ հակամարտ կողմերի շահի ու կորուստների դինամիկայով ու դրանց իրական բալանսով։
Քանի որ բոլոր հակամարտ լուրջ կողմերը ձգտում են ուժի ու հզորության միջոցով ստեղծված իրավիճակից դուրս գալ գերագույն շահով և մինիմալ ռիսկերով, ապա գոյաբանական պայքարի առանցքը դառնում է կողմերի ուժերի չափի ու դասավորության մասին ինֆորմացիան հնարավորինս ճշտելը և դրա հետ հոգեբանորեն հաշտվելը։
Իսկ ինչքան նման բախտորոշ բաների մասին հակամարտ կողմերի հին ու նոր պատկերացումները, ուժերի չափի ու դրանց դասավորության իմաստով, իրարից շատ են տարբերվում, այնքան դրանց հասկանալն ու հասկացածի հետ հաշտվելու իներցիոն պրոցեսները ավելի երկար են տևում։
Ներկայում տեղի ունեցող գլոբալ բնույթի պարադիգմային անցման պրոցեսն էլ, 400-500-ամյա պատմություն ունեցող միաբևեռ եվրոպակենտրոն ու, հետո էլ՝ արևմտակենտրոն աշխարհից դեպի ուժային բազմաբևեռությունը, աննախադեպ է իր ունեցած հետևանքներով և կողմերի շահերի ու կորուստների կտրուկ փոփոխություններով։
Բացի դրանից, նման պարադիգմային խոշոր անցումների ժամանակ, կա նաև մի այլ կարևոր օրինաչափություն, ըստ որի, ինչքան ավելի հզոր է և մեծ պատասխանատվություն է կրում պոտենցիալ մեծ կորուստներ ունեցող հակամարտության կողմը, այնքան նա ավելի շուտ է կարողանում հաղթահարել պարադիգմային անցումների հետ կապված բազմաբնույթ իներցիաները։
Դա է պատճառը, որ ԱՄՆ-ը բոլորից շուտ հասկացավ իրավիճակի փոփոխության լրջությունը և դրա հետ հաշտվելու անհրաժեշտությունը, իսկ իշխանափոխությունն ու Թրամփի իշխանության գալն էլ հնարավորություն տվեցին ռադիկալ ձևով փոխել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վեկտորը՝ նոր պայմաններում այն հնարավորինս ավելի արագ հարմարեցնելով մինիմալ ռիսկերով շահույթի առավելագույնին ձգտելու գլոբալ նպատակին։
Արտաքին քաղաքականության նման բեկումնային անցումն էլ տեղի է ունենում այն ժամանակ, երբ հակամարտության որևէ կողմ հասկանում է, որ հին պարադիգմի կանոններով առաջ շարժվելու դեպքում կորուստները կլինեն շատ մեծ, իսկ շահույթը կտրուկ կպակասի։
Իսկ ստեղծված պայմաններում հակամարտ ուժերի նոր բալանսը թելադրում է, որ նոր իրավիճակում շահ-կորուստ բալանսում առավելագույն հարաբերական օգուտի հասնելը պահանջում է արտաքին քաղաքականությունը շրջել 180 աստիճանով, այն, ինչը որ իմաստուն կերպով և հետևողականորեն իրականացնում է նախագահ Թրամփը։
Իսկ այդ ընթացքում գլոբալիստները և նրանց ազդեցության սֆերայում գտնվող ԵՄ-ը իներցիայով դիմադրում է դրան, այնինչ, Թրամփի նոր քաղաքականությունը, լավացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, գլոբալիստների համար բացում է նոր բիզնես հորիզոններ, իսկ կործանվող Եվրոպայի համար էլ՝ փրկության հույս ռուսական էնորգակիրների տեսքով։
Պետք է հասկանալ նաև, որ թույլ ԵՄ-ը ԱՄՆ-ի համար անիմաստ բեռ է, իսկ որոշակի, բայց ոչ շատ մեծ ուժ ունենալու դեպքում էլ՝ ցանկալի գործընկեր։
Այսքան բանը ուշացումով կամաց-կամաց հասկանում են նաև ԵՄ-ի էլիտայի որոշ ներկայացուցիչներ, իսկ Մակրոնը կարողացավ հաղթահարել Աֆրիկայում և այլուր մեծ կորուստներով պայմանավորված իներցիան ու մրմռոցը և հայտարարել, որ ԵՄ-ի համար նպատակահարմար է մոտակա շաբաթներում վերականգնել դիալոգը Ռուսաստանի հետ։
Ահա նրա, շատ մեծ ուշացումով ասված, բառերը՝ «Կարծում եմ՝ օգտակար կլինի կրկին խոսել Վլադիմիր Պուտինի հետ» և «Կարծում եմ՝ մեր՝ թե՛ եվրոպացիների, թե՛ ուկրաինացիների շահերից է բխում գտնել Մոսկվայի հետ այս քննարկումը վերսկսելու ճիշտ շրջանակը»։
Եվ պետք է հասկանալ, որ Մակրոնի ասածների միակ պատճառն այն է, որ նա, մենթալիտետային իներցիայի պատճառով և շատ ուշացումով հասկացավ կամ ավելի վերևներից հասկացրին, որ նույն կարճատես քաղաքականությունը շարունակելով, Թրամփի հակառակորդները շատ ավելի մեծ կորուստներ կունենան, քան եթե նրանք, թափելով իրենց փեշի քարը, խելոք-խելոք միանան նոր պարադիգմի տերերին։
Մի հանգամանք, որը բազմաչարչար աշխարհին կարող է բերել ազատ շունչ քաշելու և հարաբերական խաղաղության մի նոր անորոշ մեծության ժամանակաշրջան։
Նոր ուժաշահային գլոբալ բալանսն էլ, իր հերթին, կիջնի ուժային հիերարխիայով դեպի ներքև՝ թելադրելով ավելի պակաս ուժեղներին ու թույլերին, թե ով ում ընկերն է, և ով ինչպես է ապրելու, այսինքն, ճիշտ այնպես, ինչպես առաջին և երկրորդ աշխարհամարտերից հետո։
Դրանից բացի, ԵՄ-ը, իր թուլության և անկայունության պատճառով, չի կարող խառնվել հզոր եռյակի կողմից աշխարհի վերաբաժանման պրոցեսին, բայց նաև արդեն չի էլ կարող խանգարել դրան։
Բայց դա չի նշանակում նաև, որ սկզբունքային հակասությունները հզորների միջև վերացել են, և աշխարհի բաժանման «բազարը» դեռ երկար կշարունակվի, բայց արդեն առանց գլոբալ պատերազմի ռիսկի և կորոշի նաև մեր ճակատագիրը։
Այս իմաստով, մենք ոչ թե պասիվորեն պետք է սպասենք, թե ուրիշները ինչ կորոշեն մեր մասին, այլ, կանխատեսելով այդ որոշումները, ակտիվ նախաձեռնություններով ընդառաջ գնանք դրանց։
Պավել Բարսեղյան