«Ամենաքիչ մրցակցային, դժգույն և անհետաքրքիր». այսպես բնորոշեց ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավը քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, ով հիշեցրեց նաև, որ քարոզարշավից առաջ ավելի շատ խոսում էին այն մասին, թե ովքեր չեն առաջադրվել, քան այն մասին, թե ովքեր են առաջադրվել:
Քարոզարշավի ընթացքը խաթարվեց թեկնածուներից մեկի` Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձով: Մասնակից կողմերն սկսեցին հերթով հիշել, թե որքան ձեռնտու չէր այդ մահափորձը իշխանությանը, թե ինչպես խախտվեցին քաղաքակիրթ խաղի կանոնները, մրցակցային պայմանները:
Չնայած դրան, ինչպես Հայրիկյանը, այնպես էլ մյուս թեկնածուներն իրենց քարոզարշավը լուսաբանելու խնդիր չունեցան: Նրանց ոչ այնքան մարդաշատ հանդիպումները լուսաբանվեցին ամենայն մանրամասնությամբ, իսկ «Կենտրոն» ՀԸ-ի ղեկավար Պետրոս Ղազարյանը, կարելի է ասել, հեռուստադիտողներին ուղղակի զզվեցրեց նույն թեկնածուներին օրումեջ եթեր հրավիրելով:
Արևմտյան քարոզարշավների բոլոր «նյուանսներին» հայ ընտրողին ծանոթացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը` շուկաներ, տոնավաճառներ այցելելով, աջ ու ձախ բոլոր հանդիպած ընտրողներին ձեռքով բարևելով, նույնիսկ անծանոթ մարդկանց հոգեհանգիստներին մասնակցելով: Անակնկալի եկավ նույնիսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆեռնը, ով այդպես էլ չմտաբերեց ԱՄՆ-ում հոգեհանգստի մասնակցող նախագահի թեկնածուի: Եվ մինչ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր քարոզարշավն է անցկացնում` այդպես էլ ՀԱԿ-ի վերնախավից չստանալով որևէ աջակցություն, նրա երբեմնի համախոհները, որոնք նոր կուսակցություն ստեղծելու հայտ են ներկայացրել, հընթացս քվեաթերթիկներն անվավեր դարձնելու կոչեր են հնչեցնում` ի գիտություն իրենց ընտրազանգվածի:
Ի՞նչ անի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոտ քսան օր շարունակ հացադուլ անող Անդրիաս Ղուկասյանը, որի` «Վերջ շինծու ընտրություններին» կարգախոսն էլ ոտքի չհանեց հանրությանը: Եկան, գնացին, «Շտապ օգնության» մեքենան շուրջօրյա հսկողություն է սահմանել, լրագրողները մի գլուխ հարցազրույցներ են վերցնում թեկնածուից, բայց Անդրիասին չեն հասկանում: Նա արդարացիորեն դժգոհում է, որ իր առողջական վիճակով ավելի շատ են հետաքրքրվում, քան այն քաղաքական ու քաղաքացիական պահանջներով, որոնք նա դրել է հացադուլի հիմքում: ՀՀ նախագահի ` վերջին երեք ընտրություններին անընդմեջ մասնակցող Արամ Հարությունյանն էլ մեկօրյա հացադուլ հայտարարեց և լքեց մրցասպարեզը: Հուսանք` մեկընդմիշտ:
ՀՀ Նախագահի մյուս թեկնածուներին չենք անդրադառնումայն պատճառով, որ նրանց քարոզարշավը ստանդարտից դուրս որևէ բանով չառանձնացավ:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ