Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Փարաջանովյան թալեր» մրցանակով կպարգևատրվեն Կիմ Կի-դուկը, Ցզյա Չժան-կեին, Օթար Իոսելիանին և Ամոս Գիտային

«Փարաջանովյան թալեր» մրցանակով կպարգևատրվեն Կիմ Կի-դուկը, Ցզյա Չժան-կեին, Օթար Իոսելիանին և Ամոս Գիտային
21.06.2014 | 12:00

Երևանի «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը մամլո ասուլիսով ներկայացրեց այս տարվա արտամրցութային ծրագրերը:

«Հետահայաց ցուցադրություններ» ծրագիրը կներկայացնի համաշխարհային մեծության հինգ ռեժիսորի ֆիլմերի ընտրանի: Մասնավորապես` Սերգեյ Փարաջանովի, Կիմ Կի-դուկի (Հարավային Կորեա), Ցզյա Չժան-կեիի (Չինաստան), Օթար Իոսելիանիի (Վրաստան-Ֆրանսիա) և Ամոս Գիտայիի (Իսրայել) ֆիլմերը:
«Ոսկե ծիրան»-ի «Փարաջանովյան թալեր» մրցանակով կպարգևատրվեն Կիմ Կի-դուկը, Ցզյա Չժան-կեին, Օթար Իոսելիանին և Ամոս Գիտային:
Օթար Իոսելիանիի հետահայաց ցուցադրությունները կիրականացվեն որպես «Հարգանքի տուրք» ծրագիր` ի պատիվ հռչակավոր կինոռեժիսորի 80-ամյա հոբելյանի:
«Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ
Կիմ Կի-դուկի (ով երբեմն տարին 3-4 ֆիլմ էր նկարահանում) անծայրածիր ժառանգությունից ընտրել են լավագույնները, իհարկե, նրա հետ համաձայնացնելով: Նա ներկա կլինի իր ֆիլմերի ցուցադրությունների բացմանը, կհանդիպի նաև լրագրողների հետ: «Ցզյա Չժան-կեի անունը հայ հանդիսատեսին գուցե անծանոթ է,- հավելեց բանախոսը,- անցյալ տարի ներկայացրել ենք «Մեղքի հպումը» ֆիլմը, որը Կաննում մրցանակ էր ստացել լավագույն սցենարի համար: Այս տարի ավելի ընդգրկուն կլինի ցուցադրությունը (6-7 ֆիլմ): Ցզյա Չժան-կեին այսօր Չինաստանի ամենահայտնի ու ամենահետաքրքիր ռեժիսորներից է: Ամոս Գիտային ֆիլմեր է նկարահանում մեկ Իսրայելում, մեկ Ֆրանսիայում: Նրանից ընտրել ենք չորս ֆիլմ: Գիտային մասնակցել է իսրայելա-պաղեստինյան պատերազմին, ուղղաթիռը խփել են, նա կենդանի է մնացել, այդտեղից սկսել է նրա կինոգործունեությունը և ֆիլմերի ուղղվածությունը»:
«Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական ղեկավար ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և միջազգային կապերի բաժնի ղեկավար ՏԱԹԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ներկայացրին արդեն ավանդական դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրերը և այս տարի առաջին անգամ «Սոցիալական փոփոխությունների կինո» խորագրի ներքո անցկացվող լեհական ֆիլմերի ծրագիրը, «ՈՒկրաինական պոետիկ կինո» և «Նոր գերմանական կինո» ծրագրերը: Արդեն երրորդ տարին իրականացվող «Հայեր` հայացք ներսից և դրսից» տեղեկատվական ծրագիրը կներկայացնի Հայաստանի մասին պատմող հայ և օտարազգի հեղինակների գործեր: Ծրագրում ներառված է 18 ֆիլմ:

Նշենք, որ այս տարի ֆիլմերի արտամրցութային ծրագրում ընդհանուր թվով կներկայացվի մոտ 100 ֆիլմ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1467

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ