Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Տիգրանակերտում վաղ քրիստոնեական դամբարան է գտնվել

Տիգրանակերտում վաղ քրիստոնեական դամբարան է գտնվել
14.07.2014 | 17:01

Պատմական Տիգրանակերտ քաղաքի պեղումների ժամանակ իր տեսակով եզակի, վաղ քրիստոնեական դամբարան է հայտնաբերվել՝ ասել է Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը։
«Տիգրանակերտի վաղ քրիստոնեական հրապարակում անցած տարի ընդամենը մի սրբատաշ քար էինք գտել, այս տարի արդեն դամբարան ենք պեղում, շատ մեծ, եզակի դամբարան, հզոր ճարտարապետական լուծումներով»,- ասել է հնագետը ։
Տիգրանակերտի վաղ քրիստոնեական հրապարակում անցած տարի հայտնաբերվել էր քաղաքի երկրորդ եկեղեցին, որի հետքերով էլ բացվել է դամբարանը։
«Երկրորդ եկեղեցու խորանի տակ, արևելյան հատվածում բացել ենք այս մեծ դամբարանը, որը, երևի թե, իր տեսակով առաջիններից մեկն է։ Մենք ընդամենը երկու նման դամբարան ունենք, մեկը Աղցքի արքայական դամբարանն է, մյուսը՝ Ամարասի Գրիգորիսի մատուռ-դամբարանը։ Սա փաստորեն երրորդն է և իր ճարտարապետական լուծումներով թվում է, թե կարող է ավելի նախնական լինել, քան մյուս երկուսը»,- ասել է Համլետ Պետրոսյանը: Դամբարանը սրբատաշ քարերով պատված գետնափոր շինություն է, հատուկ խորշերով, որտեղ սրբերի մասունքներ են դրվել։ «Դեռևս պեղումները շարունակվում են, դամբարանը շատ ազդեցիկ է, գետնի տակ է մտնում, հրապարակին շատ յուրօրինակ տեսք է տալիս»,- ասել է հնագետը: Դամբարանը համարյա ամբողջությամբ բացվել է, հիմա բացվում են հատուկ պատվանդանները ու հատակը՝ վերջնականապես ճշտելու, թե ինչ խորություն է ունեցել։
Այս տարի պեղումները շարունակվում են Տիգրանակերտի հյուսիսային պարսպի վրա, առաջին անտիկ թաղամասում և քաղաքի վաղ քրիստոնեական հրապարակում։ Արցախի արշավախումբը 2005-ին հայտնաբերել էր Տիգրան Մեծի՝ Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքը և 2006 -ից հնագիտական պեղումներ է կատարում: Քաղաքը Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտված է, մաքրման ու պեղման աշխատանքները, եկեղեցու հատվածում հայտնաբերված կառույցները և նյութերը հավաստում են, որ Տիգրանակերտը կառուցվել է քաղաքաշինական հատակագծով և շինարարական տեխնիկայով: Այն եղել է ընդարձակ մի բնակավայր, որը հիմնադրվել է մ.թ.ա. առաջին դարում և գոյություն է ունեցել մինչև 14-րդ դարը: Քաղաքը կառուցվել է տեղական սպիտակ կրաքարից, փռվել է լեռան լանջն ի վեր` արհեստական դարավանդներով, և ստորոտի հարթավայրում ունեցել է հզոր պարիսպներ ու ժայռափոր ջրանցքներ:

Դիտվել է՝ 1942

Մեկնաբանություններ