ՀՀ-ում Բրիտանական խորհուրդը տարածել է հետևյալ հաղորդագրությունը:
«Գրեք ամենազայրացած գիրքը և ես ձեզ համար ընթերցող կգտնեմ»: Հրատարակչի այս խորհուրդը Մեգ Ռոսոֆին դրդեց գրելու այն գիրքը, որը նրան բերեց ընթերցողների սերը, մրցանակներ ու ճանաչում:
«Ինչպես եմ ես հիմա ապրում» գիրքը ես գրեցի ինձ համար: Այդ ժամանակ ես հետևում էի նախկին Հարավսլավիայում ընթացող պատերազմին ու ինձ համար, ով ապրել է Ամերիկայում, հետո տեղափոխվել Անգլիա, արտառոց էր տեսնել իմ տարիքի մարդկանց, ովքեր խոսում էին պատերազմից: Ես որոշեցի պատերազմը տեղափոխել Անգլիա և տեսնել, թե ինչ կստացվի»,- ընթերցողների հետ հանդիպման ընթացքում պատմում էր Մեգ Ռոսոֆը:
Մեգ Ռոսոֆը Հայաստանում էր «Գրական տապան» միջազգային փառատոնի շրջանակում Բրիտանական խորհրդի և IBBY International-ի աջակցությամբ: Գրողը հանդիպել է ուսանողների ու ընթերցողների հետ, մասնակցել ֆիլմի ցուցադրությանը և փառատոնի ծրագրերին: Բոլոր հանդիպումները մարդաշատ էին ու գրողը հուզված էր, որ իրեն սիրում ու ճանաչում են նաև Հայաստանում:
«Նրանք, ովքեր ցանկանում են գրող դառնալ, ես միշտ խորհուրդ եմ տալիս` մի շտապեք: Ես միշտ սիրահարված եմ եղել բառերին, բայց երբեք քաջություն չունեի գրելու: Ինձ թվում էր, որ գրողները կախարդական էակներ են»,- պատմում է գրողը:
Մեգ Ռոսոֆը գրում է պատանիների համար, սակայն նրա գրքերն ընթերցում են բոլորը` առանց տարիքային սահմանափակման:
«Ես միշտ գրում եմ այն թեմաներով, որոնք ինձ են հուզում: Գիտեք, երեխաներն էլ են հետաքրքրվում այն հարցերով, որոնք մեզ բոլորիս են հուզում: Ո՞վ եմ ես, ի՞նչ պետք է անեմ իմ կյանքի հետ, արդյո՞ք ինձ որևէ մեկը կսիրի...այս հարցերը մշտական են, այս հարցերը մենք մեզ տալիս ենք և պատանի տարիքում, և երբ երեսուն ենք, քառասուն կամ հիսուն»,- ասում է Մեգ Ռոսոֆը:
Գրողի գրքերը հայերեն դեռ թարգմանված չեն: Փառատոնի շրջանակում ընթացել ենբանակցությունների, որի արդյունքում հնարավոր է, որպեսզի Հայաստանում ընթերցողները Մեգ Ռոսոֆի գրքերը կարողանան ընթերցել հայերեն: