Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Մեր ժողովրդի պարծանքն է հերոսամարտերում ձևավորված Հայոց բանակը

Մեր ժողովրդի պարծանքն է հերոսամարտերում ձևավորված Հայոց բանակը
28.01.2015 | 14:28

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայոց բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին, հայոց բանակի քաջարի զորավարներին և զինվորներին:
Մեր ժողովրդի պարծանքն է պատերազմական հերոսամարտերում ձևավորված ու ամրապնդված Հայոց բանակը, որ մեր նոր պատմության վճռական պահին հայրենասեր սրտով և քաջակորով ոգով մեծ հաղթանակներ նվաճեց` հանուն Հայաստանում և Արցախում մեր ժողովրդի ազատ և խաղաղ կյանքի:
Այսօր էլ Հայոց բանակի մշտարթուն ծառայությամբ ապահով են մեր երկրի սահմանները: Շնորհիվ մեր զինվորների և զորավարների նվիրումի ու հավատավոր հոգու արիության` կանխվում են մեր ժողովրդի խաղաղ ու բնականոն կյանքը խափանող ոտնձգություններն ու վտանգները:
Մեր մարտիկների փառապանծ ծառայության բարձր գնահատանքով մեր աղոթքն ենք վերառաքում առ Ամենակալն Աստված, որ Իր խաղաղ օթևաններում ընդունի հանուն հայրենյաց զոհված մեր հերոս զավակների հոգիները և ապավեն լինի ու զորացնի Հայոց բանակի արիասիրտ սպաներին ու զինվորներին ի սեր հայրենյաց իրենց նվիրական կոչման մեջ:
Թող Փրկիչ մեր Տերը` Հիսուս Քրիստոս, Իր հանապազ օրհնության ներքո խաղաղ ու անվրդով պահի Հայրենի մեր երկիրը և ապահով ու բարօր կյանք պարգևի բարեպաշտ մեր ժողովրդին»:

Դիտվել է՝ 2635

Մեկնաբանություններ