2015-ին Ստեֆանի Թոփալյանը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» երաժշտական հեղինակավոր 60-րդ մրցույթում: Նա ելույթ կունենա Վիեննայում հայազգի 5 այլ տաղանդավոր մասնակիցների հետ: Այս պահին ստեղծագործական անձնակազմի հետ Ստեֆանին ակտիվորեն մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 19-ին:
Ստեֆանին երգչուհի է, երգահան և դերասանուհի: Բնակվում է Տոկիոյում: Աոյամա Գակուին համալսարանի իրավագիտության բաժնի շրջանավարտ է:
Ստեֆանին ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում. հայրը ազգությամբ հայ է, մայրը՝ ճապոնուհի: Թեև Ստեֆանին այժմ բնակվում է Ճապոնիայում, նա հավատարիմ է հայկական արմատներին: Երգչուհին հատկապես ընդգծված կապվածություն ունի տատիկի հետ, որը շատ պատմություններ է պատմել հայ ժողովրդի և հայկական մշակույթի մասին:
Ստեֆանին երգել սկսել է տասներեք տարեկանից: Իր երգի աուդիո ձայնագրությունն ուղարկել է տարբեր երաժշտական ձայնագրման ստուդիաներ: Արձագանք է ստացել ճապոնացի երաժշտական պրոդյուսեր Ջո Ռինոյից, որին տպավորել է նրա կատարումը: 19 տարեկանում առաջին մեծ քայլերն է կատարել երգի ասպարեզում SME (SONY) ձայնագրման ստուդիայում: Ճապոնական հեղինակավոր երաժշտական «Japan records awards» 49-րդ մրցանակաբաշխության ժամանակ նա ստացել է «Լավագույն նորահայտ արտիստ» մրցանակը: 2007-ին երկու ալբոմ է թողարկել:
Ստեֆանիի երգերը լայն արձագանք են գտել ճապոնական «Անիմե» անիմացիոն ֆիլմերում: Որպես դերասանուհի առաջին քայլերն է կատարել 2009-ին «Pride» ֆիլմում, մարմնավորել է Շիո Ասամի կերպարը, նաև մասնակցել ֆիլմի սաունդթրեքի ձայնագրությանը՝ կատարելով «Pride -A Part of Me» երգը SRM-ի հետ համատեղ: Ստեֆանին նկարահանվել է նաև «Tokyo Tribe» (2014) և կարճամերտաժ «It's All Good»(2009) ֆիլմերում:
Ստեֆանի Թոփալյանը համակրում է Մայքլ Ջեքսոնին և բրիտանական Queen ռոք խմբին: Հայկական և ճապոնական կերակրատեսակների սիրահար է, սիրում է նաև երկար զբոսնել:
Ստեֆանիի կատարումներին ծանոթացեք այս հղումներով՝
https://www.youtube.com/watch?v=HnyM12Y5CnI
https://www.youtube.com/watch?v=bftnry_E3Ok