Հունիսի 28-ին, ժամը 19:00-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Ծարավը և Կաթիլիկները» մանկական պարային ներառական ներկայացումը: Ներկայացման մասնակիցների թվում կան աուտիզմ, ուշադրության պակասի և գերակտիվության սինդրոմ, մանկական ուղեղային կաթված և լսողության խնդիր ունեցող երեխաներ: Կենդանի կատարմամբ կհնչեն «The Windrose» կելտական ֆոլկ նվագախմբի կատարումները: Հաշվի են առնված հատուկ կարիքներ ունեցող հանդիսատեսին բնորոշ առանձնահատկությունները. ոչ բարձր երաժշտություն, զուսպ լուսավորություն, սենսորային խաղալիքներ: Թատրոնի մուտքը և դահլիճը հարմարեցված են հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Մասնակիցներն են՝ Բաարդիա պարային թերապևտիկ ստուդիայի և Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի սաները: Բեմադրող-ռեժիսոր՝ Հասմիկ Թանգյան: