ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հայաստանյան համերգը

Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հայաստանյան համերգը
20.07.2015 | 17:12

«Երևանյան Հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 3-ին Երևանում տեղի կունենա իրադարձային համերգ. Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը` լեգենդար դիրիժոր Զուբին Մեթայի ղեկավարությամբ:

Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը աշխարհի լավագույն նվագախմբերից է, որն արդեն շուրջ 80 տարի գրավում է աշխարհի առաջատար բեմերը, մշակութային օջախները և հյուրընկալվում ամենահեղինակավոր երաժշտական փառատոների կողմից։ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարը աշխարհահռչակ դիրիժոր Զուբին Մեթան է։ Նա ղեկավարել է և հանդիսանում է աշխարհի առաջատար նվագախմբերի «պատվավոր դիրիժորը», ինչպիսիք են Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլն։ Զուբին Մեթան արժանացել է անթիվ տիտղոսների և մրցանակների․ Երուսաղեմի եբրայական համալսարանի և Վեիզման ինստիտուտի պատվավոր դոկտոր է, Ֆլորենցիայի և Թել Ավիվի պատվավոր քաղաքացի և այլն։ 2011-ին Զուբին Մեթան իր անվամբ աստղ է ստացել Հոլիվուդի հայտնի «Փառքի բուլվար»- ում:

«Երևանյան Հեռանկարներ» -ը դասվում է Եվրոպայի լավագույն փառատոների տասնյակում՝ ծրագրում ներկայացնելով աշխարհի առաջատար նվագախմբեր և մենակատարներ, որոնց թվում Վիեննայի Ֆիլհարմոնիկ և Թագավորական Կոնցերգեբաու, Մարիինյան սիմֆոնիկ և Բեռլինի պետական նվագախմբերը, Վալերի Գերգիևին, Դանիել Բարենբոյմին, Պինկաս Ցուկերմանին, Եվգենի Կիսինին, Մաքսիմ Վենգերովին, այլ ականավոր երաժիշտների շարքում: Փառատոնն իրականացնում է մշակութային քաղաքականությանը և կրթությանը վերաբերող լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում սույն թվականի ապրիլին բացվեց Փառատոնի ակադեմիան` Բյուրականում: Զուգահեռաբար ընթանում է «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարը, որի շրջանակներում «Երևանյան հեռանկարների» բարեկամ աշխարհահռչակ երաժիշտները համերգներով հանդես են գալիս ամենահեղինակավոր համերգասրահներում՝ հարգանքի տուրք մատուցելով և հրավիրելով միլիոնավոր մարդկանց ուշադրությունը` Հայոց Ցեղասպանության վերջնական ճանաչման հարցին: Փառատոնն անց է կացվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, իսկ Իսրայելի Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Զուբին Մեթայի հիրավի պատմական այցը իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ:

Դիտվել է՝ 844

Մեկնաբանություններ