Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Եթե «բրենդային» գործ ստեղծես, հաջորդ անգամ ավելի հեշտ է քո անունն ընտրել, քան նոր անուն փնտրել»

«Եթե «բրենդային» գործ ստեղծես, հաջորդ անգամ ավելի  հեշտ է քո անունն ընտրել, քան նոր անուն փնտրել»
21.07.2015 | 00:27

Նյուրնբերգի թատրոնի գեղարվեստական ղեկավար Քրիստիան Պապկեի հիմնադրած «Խոսելով սահմանների մասին» (Talking about borders) դրամայի մրցույթի 2015 թվականի հաղթող է ճանաչվել «Դրամատուրգիա» հանդեսի հիմնադիր-խմբագիր, դրամատուրգ, արձակագիր ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԻ «Երկու պատմություն հինգ դերասանի համար» («Վիճակախաղ» և «Պատերազմի կանայք») պիեսը: Մայիսի 31-ին` հանդիսավոր պայմաններում Նյուրնբերգի թատրոնում հայ դրամատուրգին է հանձնվել պարգևը և գեղարվեստական ընթերցմամբ ներկայացվել «Վիճակախաղը»: Պիեսի բեմադրության առաջնախաղը կկայանա 2016-ի ապրիլին:

-Մերօրյա դրամատուրգների աշխատանքները հիմնականում մնում են դարակներում, լավագույն դեպքում` տպագիր վիճակում են հասնում թատերասերներին: Գրողները հաճախ են դժգոհում, որ անտեսվում են իրենց գործերը: Բեմադրիչներն էլ դժգոհում են լավ դրամատուրգիայի պակասից: Ըստ Ձեզ՝ ժամանակակից դրամատուրգները ստեղծո՞ւմ են ուշադրության արժանի գործեր:
-Որպեսզի ուշադրության արժանանան, պետք է նրանց գործերը կարդան: «Դրամատուրգիա» հանդեսը տպագրվում է թատրոնի մարդկանց համար և առաջին հերթին` ռեժիսորների: Սոցիոլոգիական հարցում չի անցկացվել, բայց գիտեմ, որ նրանց փոքր տոկոսն է կարդում: Երբ խոսում եմ ռեժիսորների հետ, հասկանում եմ, որ չեն էլ հիշում` երբ են վերջին անգամ հանդեսը ձեռքը վերցրել, չնայած արդեն 16-րդ տարին է տպագրվում: Այս տարիներին ժամանակակից հայ դրամատուրգների մոտ 300 պիես է տպագրվել, չեմ կարծում, թե 300-ից գոնե 100-ը արժանի չեն մեր ռեժիսորների ուշադրությանը, թեև, ճշմարտության դեմ չմեղանչելու համար, շեշտեմ, որ տպագրված պիեսներից մի քանի տասնյակը բեմ է հասել «Դրամատուրգիայի» շնորհիվ: Երկրորդ խնդիրը, որին կուզենայի անդրադառնալ, այն է, որ մեր դրամատուրգների գործերը հիմնականում մնում են չբեմադրված: Ինքս այդ առումով մի քիչ «երես տված եմ»` 40-ից ավելի պրեմիերաներ հայաստանյան և արտերկրի բեմերում: ՈՒ երբ համեմատում եմ իմ առաջին, երկրորդ, երրորդ… և վերջին պրեմիերաները, հասկանում եմ, թե ինչ դժվարին ճանապարհ եմ անցել այդ բեմադրությունների միջոցով: Պիեսը գրում ես քեզ համար (եթե պատվեր չէ), հետո դա ռեժիսորն է կարդում, գնում է թատրոն, բեմ՝ հասնում դերասաններին: Եվ այդ ճանապարհը դու պետք է զգաս քո «մաշկի» վրա: Ցավոք, մենք ունենք դրամատուրգներ, ովքեր տարիներ շարունակ պարբերաբար տպագրվում են «Դրամատուրգիա» հանդեսում, բայց ուշադրության չեն արժանանում: Ասել, թե նրանք վատ են գրում, վատ պիես է, չեմ կարող, ի վերջո, դրամատուրգը դրամատուրգ է դառնում բեմադրվելիս:
-Իսկ փորձե՞լ եք հուշել ռեժիսորներին, անուններ առաջարկել:
-Տարբեր առիթներ եմ օգտագործել` համագումարների, խորհրդակցությունների ամբիոններ, որտեղ ներկա են եղել մեր թատրոնի մարդիկ, և առաջարկել եմ, որ ամեն թատրոն գոնե «ընտրի» մեկ-երկու դրամատուրգի և փորձի նրանց հետ աշխատել: Մանավանդ որ, դրամատուրգների թիվը Հայաստանում երկու տասնյակից չի անցնում: Իհարկե, ռեժիսորները հաճախ ասում են, թե չեն գրվում այսօրվան համահունչ գործեր: Ասում եմ` իսկ դուք փորձե՞լ եք կանչել, պատվիրել կամ գործը կարդալ, եթե նույնիսկ չհավանեք, գուցե այնտեղ տեսնեք մի բան, որ խթան կարող է դառնալ` մեկ այլ գործ կամ պիես պատվիրելու համար: Ես որպես «Դրամատուրգիա» հանդեսի խմբագիր եմ խոսում, որովհետև իբրև դրամատուրգ նույնիսկ ունեմ իմ ռեժիսորները, ում հետ տարիներ շարունակ հրաշալի համագործակցում եմ` Հակոբ Ղազանչյան, Վահե Շահվերդյան, Նիկոլայ Ծատուրյան, Սուրեն Շահվերդյան, Արթուր Սահակյան, Ռաֆիկ Գրիգորյան… Այսօր արժանիորեն Գուրգեն Խանջյանն է թատերական աշխարհի ուշադրության կենտրոնում: Եվ, իհարկե, անպայման նշեմ՝ Նորայր Ադալյան, Ալեքսանդր Թոփչյան, Սամվել Խալաթյան, Սամվել Կոսյան, ովքեր իսկապես լավ գործեր ունեն, և նրանց հետ կարելի է արդյունավետ համագործակցել:
-Գուցե այստեղ կա նաև անունի՞ գործոնը:
-Իզուր չի ասված՝ «Սկզբում դու աշխատում ես քո անվան համար, իսկ հետո անունդ աշխատում է քեզ համար»: Իհարկե, կա այդ գործոնը, և ոչ միայն դրամատուրգիայում, դա ամենուր է: Եթե «բրենդային» գործ ստեղծես, հաջորդ անգամ ավելի հեշտ է քո անունը ընտրել, քան նոր անուն փնտրել: Բայց, կարծում եմ, արժեր ժամանակակից դրամատուրգների պիեսները գոնե մեկ-մեկ թերթել:
-Դուք մեծ թվով բեմադրված պիեսներ ունեք, այնուամենայնիվ, պատահո՞ւմ է, որ չի համընկնում Ձեր և բեմադրիչների նախընտրությունը, և դարակում են մնում այն գործերը, որ շատ կուզենայիք հանդիսատեսին հասցնել:
-Եթե իմ և բեմադրիչի մոտեցումները բևեռայնորեն տարբեր լինեն, կնախընտրեմ պիեսս թողնել դարակում: Մի երկու նման դեպք եղել է, ու չեմ զղջում նման որոշում ընդունելու համար: Թատրոնում հիմնականում բեմադրվում են իմ այն պիեսները, որոնք շոշափում են կին-տղամարդ, ընտանիք, սեր հարաբերությունները: Հասկանում եմ, որ նման պիեսները լավ են ընդունվում, բայց ունեմ գործեր, որ եթե բեմադրվեին, հանդիսատեսը բացարձակապես նորովի ինձ կճանաչեր («Մեծ եռագրություն», «Խաղ բոլոր ժամանակների համար», «Տունը սահմանի վրա», «Այստեղից հետո»...):
-Իսկ երբ շատ են հեռանում գործից, ինչպե՞ս եք վերաբերվում դրան: Կա կարծիք, որ ռեժիսորները խուսափում են մերօրյա գրողներից հենց դրա համար: Մյուս գործերի հետ կարող են անել այն, ինչ ուզում են:
-Թատերական ինստիտուտի ուսանողները երբեմն ինձ տեղյակ են պահում, գնում նայում եմ իմ պիեսների բեմադրության փորձերը, մեկ-մեկ այնպիսի բան եմ տեսնում, որ ասում եմ` պիեսից միայն այս հինգ նախադասությունն է իմը: Բայց ձայն չեմ հանում, ուսանողների հետ ես շատ համբերատար եմ, որովհետև նրանք դրա իրավունքն ունեն. առայժմ պիտի «ավերեն», որ հետո «ստեղծեն»: Իսկ այն ռեժիսորները, ում հետ աշխատել եմ, բոլորն էլ շատ բարեխիղճ, այսպես ասեմ` խնամքով են վերաբերվում «տեքստին»: Եղել է մեկ-երկու դեպք, երբ ռեժիսորը այլ կերպ է տեսել գործն ու այնպիսի կոնցեպցիա է առաջարկել, որը, փաստորեն, ժխտում է իմ պիեսի հիմնական միտքը: Ես պարզապես հրաժարվել եմ, և այդ գործը բեմ չի բարձրացել: Այսինքն, եթե իմ ասելիքի վրա ռեժիսորն ուզում է ի՛ր հայտնագործությունը անել, այդ մեկը թույլ չեմ տա: Մնացած դեպքերում` ամենաճիշտը ռեժիսորի հետ համագործակցելն է: Ի վերջո, ես տեսնում եմ իմ գրածը գրասեղանի առաջ, իսկ նրանք տեսնում են բեմում: Վեպն ինչպես գրվեց, այնպես էլ պիտի մնա, պիեսը ճանապարհ է անցնում, անհրաժեշտ փոփոխությունների ենթարկվում: Եվ, ընդհանրապես, երբ փորձես ռեժիսորին հասկանալ, ռեժիսորն էլ քեզ կհասկանա:
-Առաջիկայում ի՞նչ նորություններ են սպասվում:
-Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում բեմադրվել է «Սիրային քառանկյունի» պիեսս, բեմադրել է Հակոբ Ղազանչյանը: Այս պիեսը նա չորրորդ անգամ է բեմադրում, որոնցից մեկը Բուլղարիայում էր, Գաբրովոյի դրամատիկական թատրոնում և երկար տարիներ խաղացանկային ներկայացում էր, «շրջագայել» է երկրով մեկ: Բացի այս մեկից, մյուս երկու բեմադրությունները դիտել եմ ու հունիսի 7-ի առաջնախաղում վայելելով Պարոնյանի թատրոնի դերասանների հրաշալի խաղը (Մարիամ Ղազարյան, Անի Քոչարյան, Հասմիկ Վերդյան և Բորիս Պեպանյան), մեկ էլ ինձ բռնում էի այն մտքի վրա, որ հիշում եմ նախորդ դերակատարներին, ինչ-որ դրվագներ… ՈՒ մտովի շնորհակալություն էի ասում բոլորին. նրանցից ամեն մեկը իր անկրկնելի ձեռագիրն ունի: Համաձայնեք, որ դրամատուրգի համար հաճելի հոգեվիճակ է:
Վանաձորի դրամատիկական թատրոնում Վահե Շահվերդյանը բեմադրում է «Մեկ ժամ հիշողություն» պիեսը: Դա ցեղասպանված ընտանիքի պատմություն է, բայց գործողությունը կատարվում է իրականի ու երևակայականի սահմանագծում, 21-րդ դարն ու 1915-ը խաչաձևվում են էրզրումյան, այլևս գոյություն չունեցող, տան պատերի ներսում։ Այս պիեսն առանձնահատուկ է ինձ համար ու ոչ միայն այն պատճառով, որ առաջին անգամ այդքան խոր ու մոտիկ «շոշափեցի» մեր ՑԱՎԸ: Դրանից հետո համարյա տարիուկես պիես չկարողացա գրել… Այսքանից հետո կհասկանաք, որ ամենևին էլ պատահական չէր թատրոնի և բեմադրիչի ընտրությունը. այսօր Աբելյանի անվան թատրոնն ապրում է ստեղծագործական բուռն կյանքով, դե, իսկ Վահե Շահվերդյանի բարձր արվեստն ու անուրանալի վարպետությունը, նաև ոգևորությունը պիեսով՝ ինձ անհամբեր են դարձրել, շատ եմ սպասում: «Մեկ ժամ հիշողությունը» հոգուս պարտքն է իմ կորսված Էրզրումին, մեր սրբադասված նահատակներին:
Դե, եթե Աստված կամենա, հաջորդ տարի էլ Նյուրնբերգում կդիտեմ «Երկու պատմություն հինգ դերասանի համար» պիեսի առաջնախաղը: Ասեմ, որ այն մասնագիտական բծախնդրությունն ու նրբանկատությունը, ինչ տեսա պիեսի գեղարվեստական ընթերցման ժամանակ, նաև դերասանների խաղը, իրավունք են տալիս հուսալու, որ գերմանացի հանդիսատեսը կընկալի 21-րդ դարի հայի հայացքն ու վերաբերմունքը հարյուրամյա մեր ՑԱՎԻն ու մեր նորօրյա արցախյան հակամարտությանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ