Այլ վերնագիր սազական չէր լինի գրելիքին այն մարդկանց մասին, ովքեր, որևէ նկատելի արժեք չթողած, որևէ մնայուն ստեղծագործության հեղինակ չդարձած և հենց իրենց այդ չկայացածությունից նեղվա՞ծ ասեմ, կատաղա՞ծ, թե՞ հանրային անուշադրությունից խռոված՝ իրենց չարությունն են բարձրացրել անվանի բանաստեղծուհու դեմ:
Սովետի օրերին իրեն մանկավարժ անվանող մեկի (ափսոս, ազգանունը չեմ հիշում) մի տարօրինակ հոդված էր տպագրել «Սովետական մանկավարժ» ամսագիրը: Տպագրել էր բանավեճ բացելու խաթրու, որն այդպես էլ չկայացավ, որովհետև բան չէր նրա ասածը՝ հար և նման Սիլվա Կապուտիկյանի պոեզիան չհավանողների բարձրացրած հարցին: Այն ժամանակ մանկավարժ համարվող այդ ընկերը հանդգնել էր քննադատել… Թումանյանին: Գրածն էլ ի՞նչ էր՝ «գրախոսել» էր Թումանյանի «Չարի վերջը» գործը և, պատկերացնո՞ւմ եք, դրանում գտել էր «կենսաբանական սխալ», այն է, թե՝ «Կկուն մի թռչուն է, որ իր ձագերին չի պահում, այդ ինչպե՞ս է Թումանյանն այդպիսի սխալ թույլ տվել»:
Դուք պատկերացնո՞ւմ եք այն հազարավոր երեխաների, և ոչ միայն երեխաների, զարմանքը, թե այս հրաշալի գործի մասին ի՞նչ է գրում մեթոդկաբինետներից մեկում իր գոյությունը մի կերպ քարշ տվող և իր այս «բացահայտումով» հայտնի դառնալ ցանկացող այդ կերպարը: Բայց արի ու տես, որ մանկապարտեզներում, դպրոցներում, գրական ցերեկույթներում ու երեկոներին ու նաև տներում շարունակում է թևածել «Չարի վերջը» բանաստեղծությունը: Եվ ի՞նչ՝ Թումանյանը հարյուր տարուց ավելի շարունակում է հիշվել, իսկ այն կերպարի անունը որևէ մեկը չի էլ հիշում:
Ահա այդ նույն հաջողությամբ թևածում են «Լսի’ր, որդի’, պատգամ որպես, սիրող քո մոր խոսքը սրտանց…» տողերը, և դեպի աշակերտն ու պատանին գնացող այդ հախուռն ազդեցությանը որևէ չարախոս ընդունակ չէ արգելք դնելու:
Այդպես պատմությունից կգնան նաև այսօրվա չարախոսները, ովքեր Հերոստրատի մարմաջով փորձում են իրենց անունը պատմության մեջ նկատելի պահել:
Վստահ եմ, որ Կապուտիկյանի պոեզիան լավ ուսումնասիրած, պոետի՝ դեռ քայլող քարավանների հետ սփյուռքի գաղթօջախներով անցած ու պոետի մորմոքն ու ապրումները զգացած մեկը դժվար թե իրեն անտեղի նեղություն տար ու հարցներ. «Մենք կարո՞ղ ենք, արդյոք, Սիլվա Կապուտիկյանին կոչել մեծ գրող», «Սիլվա Կապուտիկյանը վատ բանաստեղծուհի է»:
Բնավ զարմանալի չէ, որ Աբգար Ափինյանը կարծում է, թե «Կապուտիկյանը լավ գրականություն է ստեղծել», զարմանալին, այսպես ասած, այդ գրական հավաքն է, ուր հավաքվել են՝ արժևորելու Կապուտիկյանին որպես բանաստեղծուհու: Զարմանալին նաև այն մի քանիսի «ոչ» պատասխանն է Ափինյանի հռետորական հարցին. «Մենք կարո՞ղ ենք, արդյոք, Սիլվա Կապուտիկյանին կոչել մեծ գրող»:
Բացասական էմոցիայի այդ ի՞նչ խտացում է կատարվել նրա ներսում, որից ուզել է ազատվել չարախոսելո՛ւ ճանապարհով: Չի պատկերացրել, երևի, որ իր այդ բացասական էմոցիան պիտի տեղ չգտներ պոեզիայի սիրահարների, գրական արժեքների հանդեպ գուրգուրանք ունեցող ազնիվ հայերի մեջ: Նա երևի չէր էլ սպասում, թե այդքան ուժգին հակահարված է ստանալու: Եվ պատիվ նրանց, ովքեր բանաստեղծուհուն հասցվելիք վիրավորանքն իրենց վրա վերցրին ու, ինչպես հարկն է, պատասխանեցին:
«Եթե տողերը դպչին սրտիդ, յայնժամ ատիկա բանաստեղծութիւն է։ Սա՛ է իմ սահմանումը»,- գրեց Երան Գույումջյանը Կիպրոսից:
Պատահական մեկին զրույցի հրավիրես, ժամերով կարող է արտասանել Սևակ, Սահյան, Շիրազ…, հետաքրքիր է, որևէ մեկը քանի՞ տող կարող է մտաբերել երիտասարդ բանաստեղծ Ալեքսանդր Ղումաշյանից, ով Սիլվային ժխտում է նրա համար, որ… բանաստեղծուհին իր հորից հրաժարվել է: Ի՞նչ կապ ունի բանաստեղծությունն այս փաստի հետ: Նրան շատ ավելի լավ, այդ քննարկում կոչված վայրում, պատասխանել է իր գրչակից Դավիթ Մշեցին. «Ես ինձ իրավունք չեմ վերապահում… քանի ինքս մի լուրջ գործ չեմ ստեղծել»:
Կամ ինչ-որ մի Անտաշյան, տեսեք, թե ինչ է գրում. «…այո, Շիրազն ու Կապուտիկյանը միջակ բանաստեղծներ են և տեղական նշանակության կարճաժամկետ էմոցիոնալ ֆոնի ձևակերպումից զատ ուրիշ ոչ մի լուրջ գեղարվեստական խնդիր իրենց տեսքով չեն լուծել ոչ հայ գրականության, ոչ հայոց լեզվի համար»:
Նախ ասեմ, պարոն Անտաշյան, որ գեղարվեստական խնդիրները տեսքով չէ, որ լուծում են, այլ գեղարվեստական մեծարժեք գործերով, որոնք առկա են Շիրազի և Կապուտիկյանի գրական ժառանգության մեջ, որոնց դու հաստատ բավարար ծանոթ չես, կամ եթե ժամանակ գտել ու ծանոթացել ես, ուրեմն չես ըմբռնել, չես հասկացել, ինչպես, ասենք, Գուրգեն Մահարին է հասկացել, որ ժամանակին գրել է. «Շիրազի գրքերը սպառվում են, ինչպես սովի ժամանակվա մատնաքաշը»:
Եվ քանի որ դուք (Դուք-ով չեմ խոսում, այլ նկատի ունեմ մի քանիսիդ) Կապուտիկյանին չխնայելով՝ անարժան ձեռքներդ Շիրազին էլ եք մեկնել, մի երկու օրինակով ողջախոհության կոչեմ ձեզ: Ահավասիկ, Վիկտոր Համբարձումյանի հիացական կարծիքը. «Ինչքան ազգային, այնքան համամարդկային է Շիրազը»: Եվ նաև կարծիքը մի օտարականի՝ Ս. Գալայժի, ով ամենայն սիրով թարգմանել է Շիրազի բանաստեղծություններն ու «Բիբլիական» պոեմը և, ի լուր աշխարհի, հայտարարում է. «Հովհաննես Շիրազը արքան է ժամանակակից պոեզիայի և քերթողական արվեստի մեջ համաշխարհային մրցանակի արժանի: Նրանով ճանաչում են հայությանը, հայ թռիչքին, հայ մտքին ու հայոց հանճարին»:
Եվ հիմա հիացմունքս պիտի արտահայտեմ Հովիկ Չարխչյան անվամբ մի ազնիվ գրողի, հրապարակախոսի հասցեին, ով ֆեյսբուքում իրավացիորեն, արդարացիորեն, բառի բուն իմաստով ոչնչացրեց լուսնահաչային բոլոր դրսևորումները նրանց, ովքեր երբևէ լրջորեն չեն ուսումնասիրել Կապուտիկյանի պոեզիան: Վստահաբար եմ ասում՝ չեն կարդացել, որովհետև չեմ պատկերացնում, թե մարդն այնքան ուրանա, որ փորձի ժխտել համընդհանուր ճանաչում ձեռք բերած պոետի վաստակը:
Ի՞նչ արեց Հովիկը. նա պարզապես իր էջում սկսեց Սիլվա Կապուտիկյանից բանաստեղծություններ զետեղել, ասել է, թե՝ «այ… ընկերներ, կարդացեք, նոր միայն բերաններդ բացեք՝ գուցե հիացմունքի՞ց բաց մնան ձեր բերանները…»: Եվ նրանց, ում բերանները հիացմունքից չէ, այլ թույն շաղ տալու համար բացվեցին, Հովիկը զգուշացրեց. «Այդ ինչպե՞ս եք համարձակվում անդրադառնալ մի բանաստեղծի, ով այսպիսի ստեղծագործությունների հեղինակ է»:
Այո, պայման է, որ եթե մի բանի դու վատ որակում ես տալիս, նախ պիտի դրան հակադարձես քո ունեցած դրականը, որի հետ և համեմատության մեջ արդարացնես քո դիրքորոշումը:
Խորհուրդ եմ տալիս Կապուտիկյանի անվան ու հեղինակության դեմ արշավելիս զգույշ լինել՝ ձեր դեմ կելնի բանաստեղծուհու պոեզիայի, նրա գրական հարուստ ու պատվաբեր ժառանգության երկրպագու բանակը: Ինչպես ձեր դեմ ելավ Հովիկ Չարխչյանը, ինչպես ելան Արմենուհի Դեմիրճյանը, Աննա Շահնազարյանը, Անահիտ Բոստանջյանը, Վրեժ Սարուխանյանը, ինչպես իր բազում կոլաժներով ձեր դեմ ելավ Հրածին Վարդևանյանը… Նաև Հարություն Մանուկյանը, ով ձեզ սուտլիկ որսկաններ որակեց: Նաև Սիրանուշ Հայրապետյանը զարմացավ. «Ամեն մի դեղնակտուց իրեն իրավունք է վերապահում ասելու, թե, օրինակ, Կապուտիկյանը, Դավթյանը, Շիրազը, Սևակը, Սահյանը գրողներ չեն»:
Թվարկածս այս մարդկանցից շատերին անձամբ չեմ էլ ճանաչում, բայց նրանք ինձ սիրելի են կայուն դիրքորոշմամբ, նույնքան սիրելի, որքան տանելի չեն բանաստեղծուհու անձի շուրջ այս անպտուղ աղմուկը բարձրացնողները: Թեպետ մի ուրախալի բան էլ կա՝ բանաստեղծուհու պոեզիան վերստին ընթերցողների բանակն ավելի խտացավ:
Ահա այդպես, հարգելի չարափառներ, ձեր դեմ մի ահռելի բանակ կելնի: Այնպես որ, լավ կլինի նստեք ձեր տներում ու փորձեք խելքը գլխին մի բան ստեղծել, ոչ թե հավասարվեք նրանց, ում փորձում եք ջնջել մեր գրական դաշտից (դա դուք դժվար թե ձեր այդ բնույթով կարողանաք անել), այլ գոնե նրանց մասին խոսելու իրավունք նվաճեք:
Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ
Հ.Գ.- Երբեմն կարդացեք Վարդան Այգեկցու առակները, դրանցում ձեր բնույթի մասին հետաքրքիր բաներ կան: Մեկը, օրինակ, «Կրիան ու կարիճը»: