Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Գեղանկարչություն, որ ապրելակերպ է

Գեղանկարչություն, որ ապրելակերպ է
02.10.2015 | 00:41

Դժվար է համառոտ բնութագրել Աշոտ Ասատրյան գեղանկարչին: Նա խոր, գերզգայուն, բարձր ինտելեկտով և արտիստիկ խառնվածքով օժտված նկարիչ է: Նկարել սկսել է 3-4 տարեկանից, հենց դա է ի վերուստ տրված նրա առաքելությունը: Այն, ինչ անում է նա, խորապես ինտելեկտուալ է, անասելի արտահայտիչ, պլաստիկ՝ չնայած միտումնավոր դեֆորմացված ձևերին: Աշոտն իրեն ռեալիստների շարքին է դասում՝ իր ներաշխարհից և հոգու խորքից ելածն ավելի իրական համարելով, քան լոկ աչքով տեսածը: «Մարդկանց թվում է, թե միայն առօրեականն է ռեալությունը, բայց չէ՞ որ գաղափարները, կրքերը, զգացմունքները, ենթադրություններն էլ իրական են, դրանք են լցնում առօրեականը փաստերով: Նկարիչը նկարում է ենթագիտակցությամբ. տպավորությունները կուտակվում են, հետո դրանից լիցքավորվում ես և արտահայտում կտավի վրա: Ո՞րն է արվեստի փիլիսոփայությունը. երբ նկարում ես մտածելով, որ փիլիսոփայություն մտնի, գաղափար, միտք և այլն, ներվը մեռնում է, զգայականն է մնում, դրա համար ենթագիտակցորեն ավելի լավ է նկարել, անկեղծ է, ոչինչ չի կորչում»: Աշոտ Ասատրյանի համար ժանրային կամ թեմատիկ տարբերակումներ չկան: Նա իր աշխատանքներում ընդգրկել է ամեն ինչ՝ գյուղ ու քաղաք, մանկություն, ծաղիկներ, պարուհիներ, բնորդուհիներ, հրեշտակներ, սեր և կարեկցանք, թախիծ, հուսալքություն, զղջում, հույս և սպասում, մարդկային անակնկալ հոգեվիճակներ, կյանքն իր հակասությունների մեջ: Նրա բազմաթիվ կտավներ անտիկ որմնանկարներ են հիշեցնում, որոնց վրա սփռվում է նոր ժամանակների լույսը: Նրան հաջողվում է շոշափելու չափ տեսնել այլաշխարհայինը, և դա մշտապես խորքից ճառագայթում է նրա կտավներում: Աշոտ Ասատրյանը թռիչքի և ազատության պաշտամունք ունի, նրա անվրեպ հայացքը միշտ դեպի լույսն է ուղղված: Իր կտավներով գալիս է ապացուցելու, որ լույսը խղճի, գթասրտության տեսք կարող է ունենալ, նույն լույսը կարող է կերպափոխվել ու դառնալ աշնան շնչով լցված մասրենի:
«Առավոտ» կտավը լավատեսության և պայծառության յուրօրինակ դրսևորում է, կարմիր, կանաչ, արծաթագույն երանգների մեջ շուրջառված կնոջ մերկությունը բողբոջ է հիշեցնում, գլխի և ձեռքի դիրքը ինչ-որ նոր սկիզբ է խորհրդանշում, կտավում պատկերված կնոջ հայացքը դարձյալ ուղղված է դեպի լույսը, սերը, կարոտը: Կտավից կտավ Ասատրյանի եզրագծերը և գուներանգները դառնում են առավել խիստ և արտահայտիչ, անցյալի հուշը՝ նորովի վերապրում: Նրա ամենանյարդային վրձնահարվածների մեջ անգամ սեր կա, զուսպ սեր, որը խորքից է գալիս, չկան աչքի ընկնող, ճչացող զգացմունքներ: Գույնը կարծես բխում է գծերի խորքից, և հակառակը՝ գծերը սկիզբ են առնում գունային ակունքներից: Զուսպ և խիստ վրձնահարվածներով նկարիչը կնոջ էության այնպիսի շերտեր է վեր հանում, որ կտավը վերածվում է ընդարձակ բեմի: Լույս ու ստվերին հարաբերվելով՝ կնոջ գեղեցկության ողջ առեղծվածը վերակերպվում է: Պարզ թվացող գիծը հագեցած է ներքին էներգիայով, և կտավն իր ողջ խորությամբ զնգում է դիտողի աչքերի առջև: Աշոտ Ասատրյանի կտավներում իր հայկական էությունն էլ մեծ տեղ է գտել, որն ինչ-որ թելերով կապված է իր արմատների հետ: Ինչպես ինքն է ասում. «Ազգայինը անկախ ամեն ինչից է մտնում, կարմիր թելով անցնում»: «Մանկություն» կտավում փոքրիկ տղան, նկարչի մանկությունը և իր մայրը. նրանք կարծես զրուցում են, սյունից կախված լապտերը լույս է ցրում: Այս կտավը կարծես յուրօրինակ վկայություն է, խոստովանանք: Ինչպիսի՞ խորություն և ընդհանրացում, գունագծային հակիրճություն, երևակայության ինչպիսի՜ սլացք: Այս կտավից բխող սերը, գուրգուրանքը, հավատարմությունն ու քնքշությունը այնքան տիպական են Աշոտ Ասատրյան գեղանկարչի ստեղծագործական աշխարհին: Ինչպես նաև մանկության բակը, բակում՝ հին, ճռճռացող սայլը, սայլապանը՝ կիսաշրջված: Այս պատկերը կարծես ծավալվում է հենց դիտողի աչքի առջև: Աշոտ Ասատրյանը անհանգիստ, պրպտող նկարիչ է իր էությամբ: Կրոնական թեմաներ արծարծելիս փորձում է այնքան չմոտենալ թեմային, որ այն վերածվի պարզունակ կրոնական իլյուստրացիայի և, չհեռանալ այնքան, որ կորսվի գերխնդիրը: «Հուդայի համբույրը» կտավում Հիսուսի դեմքը վեհաշուք է, ազդեցիկ: Այս կտավում նկարիչը դիմել է գունային այնպիսի նուրբ համադրությունների, որ կտավի ողջ մակերեսից հզոր լույսի ճառագայթներ սփռվեն: Ինչպիսի՞ ճանապարհ պետք է անցած լինես, որ զոհաբերման խորհուրդը պատկերես նման խորությամբ և նրբագեղությամբ՝ գույնի և գծի լաբիրինթոսում: Գեղանկարչական նման տաք ու ավարտուն պատկերներ ստեղծելու համար ոչ միայն բացառիկ օժտվածություն է անհրաժեշտ, այլև մեծ հավատ, սեր, կամք և համբերություն: Աշոտ Ասատրյանի գրաֆիկական աշխատանքները կատարված են խառը տեխնիկայով, մակերեսն այնպես է մշակված, որ մոտ է գեղանկարչությանը: Նրա շատ աշխատանքներ անմիջապես չեն հասկացվում, դեֆորմացված ձևերը, ներքին քաոսը, գաղտնիքը, այստեղ չկան աչքի ընկնող էմոցիաներ, այն, ինչ փնտրում է դիտողը՝ խորքային է, իր հիմքում կրելով ենթագիտակցականը: Աշոտի կուռքը իսպանացի հայտնի նկարիչ Էլ Գրեկոն է: Նկարները նայելիս նմանության ոչ մի եզր անգամ չես տեսնի նրա գեղանկարչական կամ գրաֆիկական աշխատանքներում, քանի որ այդ ազդեցությունը և կապը հոգու խորքում են: Նրան մոտ են Գրեկոյի տառապանքն ու խռովքը, մտածելակերպը, նրանից ներշնչանքը շատ զուսպ է արտահայտված, այդ ներքին էներգիան ոչ թե նկարի մակերեսին է, այլ խորքում: Այստեղից է, որ նրա շատ աշխատանքներ պարզ և անմիջապես ընկալելի չեն, դիտողի առջև խնդիր կա դրված, կռահման խնդիր: Աշոտ Ասատրյանը ինքնահաստատման դժվարին և հետաքրքիր ճանապարհ է անցել, նրա համար գեղանկարչությունը ապրելակերպ է, հոգևոր սնունդ, մտածելակերպ, որը միշտ ուղեկցում է նրան ամենուր, ենթագիտակցաբար, անգամ կենցաղում: Նրա համար նկարելը հոգևորը վերարտադրելու ընթացք է, արարողություն, երբ հաղորդակցվում ես Բարձրյալի հետ: Աշոտ Ասատրյանի նկարչությունը իր հետ պայծառություն և վեհանձնություն է բերում: Սա ընդամենը պարզ գեղանկարչություն չէ: Նրա շատ աշխատանքներ կարող են անակնկալի բերել ամենախստաճաշակ դիտողին անգամ, գերել, լցնել հոգին սիրով, ջերմությամբ, կարեկցանքով: Հենց դա է արվեստի կախարդական ուժն ու գրավչությունը, հմայքը, դա է, որ տիրում է մարդուն, գերում և պահում իր մեջ անվերադարձ, իր հզոր կախարդական ուժով պարգևում բերկրանքի և երջանկության մի այլ զգացողություն: Ինչո՞ւ են մարդիկ ձգտում դեպի արվեստը։ Քանի որ դա այն միջոցներից մեկն է, որով կարող ես քեզնից հետո հետք թողնել: Վստահ եմ՝ Աշոտ Ասատրյանն իր ստեղծագործական դրոշմը կթողնի հայ կերպարվեստում: Դժվար է պատկերացնել արդի հայ գեղանկարչությունն առանց Աշոտ Ասատրյան գեղանկարչի ներկայության:


Ժաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Արվեստաբան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ