Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Բյուջե. ուրիշներինը՝ աճող, մերը` աննշան, տեղում դոփող

Բյուջե. ուրիշներինը՝ աճող, մերը` աննշան, տեղում դոփող
25.12.2015 | 00:55

Հայաստանաբնակներիս մեջ կազմավորված կարծիք կա, համենայն դեպս այդպես է մտածում ՀՀ շարքային քաղաքացիս իր շրջապատին ու հեռուստահարցումների մասնակիցներին ունկնդրելու արդյունքում, որ բյուջեն ֆինանսական միջոց է՝ լուծելու երկրի բնակչության հիմնական խնդիրները. ապահովելու պետության ու քաղաքացու անվտանգությունն ու կյանքի որակի առաջնահերթությունները և կանխորոշելու առաջիկայի կայունությունը։ Մնացյալը մանրամասներ են, որոնք իրականացնելու նպատակով հանրությունը դրանք իրագործողներ է վարձում, նրանց համար աշխատանքի միջոցներ հատկացնում։ Հայաստանի Հանրապետությունում հենց այստեղ էլ սկսվում է վարձվածների ու վարձողների, նույնն է թե՝ իշխանավորների ու հանրության տարանջատումը, երբ առաջիններն իրենց վարձվածներ չեն համարում, այլ ի վերուստ ղեկավարելու կոչվածներ, որոնց իրագործումներն ըստ արժանվույն չեն ընկալվում, և խնդիրներ են ստեղծվում առաջիկան կանխորոշելու առումով։ Այսօրինակ մոտեցումը թվերի օգնությամբ ներկայացնել դեռ կհասցնենք, մինչ այդ փորձենք բարձրաձայնել հանրային լայն շրջանակներում պարբերաբար հնչող որոշակի մտորում-մտահոգությունները։ Ասենք, հայաստանցիներից ոմանք եղել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, շատերս այդ մարմնի աշխատանքը պարբերաբար դիտում ենք հեռուստաեթերում։ Նվազագույնը տարօրինակ կարելի է գնահատել պառլամենտարիզմի նախահայրերի այսօրվա ժառանգների աշխատապայմանները. ո՛չ հարմարավետ բազկաթոռներ, ո՛չ համակարգիչներ, ո՛չ քվեարկության համակարգ ու ցուցատախտակ, մի խոսքով՝ ժամանակն այս մարդկանց կողքով է անցել։
Դիտարկենք խորհրդարանի ընտրած կառավարության գործունեությունը, այս անգամ ՀՀ-ի պես կիսապատերազմող Իսրայելի օրինակով։ Եթե վարչապետին նախօրոք չես ճանաչել, չես էլ զգա, թե ինչ է տեղի ունենում, թեև հաղորդվում է Իսրայելի կառավարության նիստի մասին։ Սեղանի շուրջբոլորը մարդիկ են, ընդամենը թուղթ ու մատիտով, ոչ ելումուտքն է առանձնանում, ոչ էլ երկրի մնացյալ պաշտոնյաներն են չգիտես ինչ նպատակով այստեղ հայտնվել։ Անգամ մի քանի նախարարի 1-ական համակարգիչ չի հատկացվել, նաև տպավորություն է ստեղծվում, որ դեպքից դեպք կոկորդները թրջելու ջուրը նախարարներն անձամբ են գնել-բերել, քանզի սեղանին միատեսակ շշեր չեն։
Մի այլ կառույց է նախագահականը, ասենք հեռավոր մայր ցամաքի երկիր ՈՒրուգվայինը, որի նախագահ Խոսե Մուխիկայի պահվածքը՝ անհրապույր կացարանի բակում ընտանի կենդանիներ ու 50-ականների մի շարժամիջոց, որ նա ավտոմեքենա է համարում։ Սրանք արտաքին ատրիբուտներ են, որոնք թերևս ուշադրության արժանի էլ չեն, եթե, օրինակ, չհիշենք գերհզոր ԱՄՆ-ի նախագահի կնոջ կողմից Սպիտակ տան բակում բանջարեղեն աճեցնելը։ Հայաստանաբնակին առավել մտահոգում է ոչ այն, թե ինչու կառավարական կոչվող թաղամասում համանման որևէ ձեռնարկի տեղյակ չէ, որքան մի այլ միջավայրի ստեղծումը, երբ առօրյա խնդիրների առատությունը բացատրվում է նախորդների սխալներով ու բացթողումներով։ Հյուսիսամերիկացիները երբեք չեն ընդունի Կրտսեր Բուշ նախագահի բացատրություններն առ այն, ըստ որի սեպտեմբերի 11-ը Ջիմ Քարտերի իշխանաշրջանի ինչ-ինչ հետևանք էր, կամ Բարաք Օբամայի այն մոտեցումը, թե այսօր երկրում զենքի օգտագործման չարաշահումը սկսվել է չգիտես որ նախագահի օրոք։ Մեզանում բավական է աննշան ակնարկ անես այսօրվա որևէ խնդրի շուրջ, անմիջապես կհիշեցնեն 90-ականների ցուրտն ու մութը, հավելյալ իրավախախտումները։ Իսկ թե ով կազմակերպեց հաղթանակը, ով մեզ տան սեփականատեր դարձրեց, գյուղաբնակին էլ հողա-անասնատեր, բոլորիս էլ հատ առ հատ 20-հազարականների բաժնետեր, այս բոլորով հանդերձ էլ մեր ամբարիշտ հարևանից առանձնացված, հիշելը կարևոր չէ։ Փոխարենը պետք է մտաբերել, թե ինչ անվանումներ էին տրվում 2000-ականներից սկսվող բյուջեներին. է՛լ առաջընթացի ու զարգացման, տնտեսության ու արտահանումների աճի, գործարարության խթանման ու կայուն բարեփոխման, ֆինանսական փոխլրացման ու գնագոյացման կարգավորման, մի խոսքով իրար հաջորդող ՀՀ կառավարությունները տնտեսավարների թիմեր չէին, այլ հայոց բառապաշարի փոշին վերծանողների նորօրյա արշավախումբ։ Այս պարագայում ո՞վ է ասում, թե հերթական ՀՀ 2016 թվականի բյուջեն անուն չունի: ՈՒնի. այն իրական բյուջե է, նախորդ տարիների համեմատ պակաս փոշեզրկման հնարավորությամբ։ Թե ինչու եմ նման լավատեսության տրված, փորձեմ հիմնավորել որոշակի թվերով, որոնք վերցրել եմ արդեն գրասեղանիս դրված, ԱՄՆ-ում 1868-ից լույս տեսնող «Համաշխարհային փաստեր. 2016» տեղեկատուից, ուր տեղ են գտել Երկիր մոլորակի պետությունների վերջին տարիների հիմնական ֆինանսատնտեսական ցուցանիշները։ Փորձեմ հնարավորինս մատչելի ներկայացնել արդեն հիշատակված երկրների բյուջետային թվերը, նախօրոք նշելով, որ որևէ առանձնահատուկ վերաբերմունք չեմ տածում որևէ մեկի հանդեպ։
Հենց թեկուզ իրականում հայերի զբաղեցրած հազիվ կես տարածքն ունեցող, 8 միլիոն բնակչությամբ Իսրայելի։ Մի հեռուստահաղորդման ընթացքում լսում էի երիտասարդ իսրայելցու, ով նշեց, թե հայրն ասում է՝ հեռու մնա հայերից, նրանք խելացի մարդիկ են։ Ընդունելով ավագ իսրայելցու խորհուրդը, այն անգամ շոյող որակելով, անկարող եմ զսպել՝ ո՜ւր Իսրայելը, ուր մենք։ Այս երկրի սակավահողության մասին գիտի նույնիսկ գեղարքունիքցի մանկապարտեզի սանը, իսկ որ ծովափնյա երկիրը նաև սակավաջուր է, տեղեկացնում է արդեն հիշատակված տեղեկատուն։ Մեկ բնակչի հաշվով ջրային պաշարը Իսրայելում 230 խմ է, ՀՀ-ում՝ 2600 խմ։ Այս պարագայում ինչպես հավատամ Երևանի սուպերմարկետների պահեստարանների մուտքերի մոտ տեսածս ստեպղինի պարկերի վրայի «Իսրայել» հավաստմանը։ Պարտադրված եմ հավատալու, որը պայմանավորված է նաև ՀՀ գյուղոլորտի մի քանի պաշտոնյաների պատմածով, ըստ որի Իսրայել այցելելիս տեսել են ջրօգտագործման կաթիլային համակարգեր, որտեղ տարին 2-3 լիարժեք բերք է աճեցվում։ Թող սխալ չհասկացվեմ, եթե նշեմ, որ նման գործընթացների արդյունքում է նաև կազմավորվում երկրի տնտեսական համակարգը, որից առանձնացնեմ հեղինակիս կողմից նախապատվություն համարվող գյուղոլորտը։ Իսրայելը յուրաքանչյուր տարի արտադրում է մինուս-պլյուս 600 հազար տոննա հավի միս, երբ ՀՀ-ում ցուցանիշը հազիվ 6 հազար տոննա է։ 1 բնակչի հաշվով տարեկան 70 կգ հավի մսի սպառմամբ իսրայելցիները համաշխարհային սանդղակում առաջին տեղում են, որին գումարվում է 30-40 կգ տավարի միսն ու ձուկը, երբ ՀՀ բնակչության բացարձակ մասի սննդակարգը առավել քան պարզ ու հասարակ է, եթե խղճուկ բառը չօգտագործենք։ Հիմա ծանոթացեք այդ երկրում ստեղծվող արդյունքները բնորոշող թվերին։ Իսրայելի համախառն ներքին արդյունքը վերջին տարիներին 260-280 մլրդ դոլարի սահմաններում է, բյուջեն՝ 100-110 միլիարդ դոլար, 1 բնակչի հաշվով ՀՆԱ-ն և բյուջեի ծախսը՝ համապատասխանաբար 36 և 14-հազարական դոլար, երբ ՀՀ ցուցանիշները 4 հազար և 800 դոլար են։
Մի այլ մայր ցամաք տեղափոխվենք՝ Աֆրիկա, Կոնգոյի Հանրապետություն։ Ըստ հիշյալ տեղեկատուի, 2015-2016 թթ. ընդամենը մեկ տարում 4,8 մլն բնակչություն ունեցող այս երկրի ՀՆԱ-ն ու բյուջեն համապատասխանաբար 20 և 4,6 մլրդ դոլարից հասել են 28 և 6 մլրդ-ի, 1 բնակչի հաշվով կազմելով 6600 և 1200 դոլար, գերազանցելով ՀՀ ցուցանիշը։ Փոքր-ինչ ծավալվելու պարագայում կարող ենք նշել, որ երկրում գրագիտությունը հազիվ 80 տոկոս է, արտահանումը 10 մլրդ դոլար, որը նվազագույնս է զիջում մեր ողջ ՀՆԱ-ին։ Ահա ինչպես են աֆրիկյան այս երկրում իրականացնում արտահանմանն ուղղված քաղաքականությունը, որը ՀՀ-ում արձանագրվում է միայն կարգախոսների տեսքով։ Դիտելով ռուսական հեռուստաալիքներով մշտապես ելույթ ունեցող ռուս բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր երբեմն անգամ ոտքի վրա պարենապահովության խնդիրներ են լուծում, նրանցից երբևէ չես լսի Հայաստանի հետ գործընկերային որևէ կապի մասին. ՀՀ-ն նրանց տեսադաշտից դուրս է, քանզի, ալկոհոլից ու ծխախոտից բացի, էական ոչինչ չունենք։ Մեզանում կարծես չեն նկատում, որ Երկիր մոլորակի չորս կողմերում այսօրինակ արտադրանքի դեմ պայքար են տանում, դրանք հանրային լայն շրջանակներն անցանկալի են որակում, մերոնք՝ գերակա ուղղություն համարում։
Ասում են՝ խելացին նա է, ով սովորում է ուրիշի սխալների վրա։ Ասենք՝ իռլանդացիների, որոնց վերաբերյալ կարտոֆիլ ուտող իռլանդացիներ արտահայտությանը հաճախ ենք հանդիպում ամերիկյան ֆիլմերում։ Իսկ պատմությունը հետևյալն է. 18-րդ դարի 50-60-ականներին իռլանդացիներն իրենց ողջ տնտեսությունը կառուցել են կարտոֆիլ աճեցնելու վրա։ 60-ականների մի քանի տարի տևած անբարենպաստ եղանակի պատճառով բերք գրեթե չեն ստացել, 100-հազարավոր մարդկային կորուստներ ու արտագաղթ է արձանագրվել։ Բայց մարդիկ այսուհանդերձ սթափվել են, ցորեն ու գարի են աճեցրել, դրանցով կենդանիներին լիարժեք կերակրել, կաթնա-մսամթերքներ արտադրել, իրենց կյանքն ու կենցաղը բարեփոխել։ ՀՀ-ի կրկնակի տարածքն ունեցող, 4,8 մլն բնակչով այս երկիրը յուրաքանչյուր տարի արտադրում է 1 մլն տոննա միս, որից 550 հազարը՝ տավարի, 220 հազարը՝ խոզի, 120 հազարը՝ հավի։ Փոքր որակվող այս երկրի ՀՆԱ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի տեղեկատուի թիվը կասկածելի համարեցի, այլ աղբյուրների փնտրտուք իրականացրի, ի վերջո համոզվեցի և այն ընթերցողին եմ ներկայացնում. Իռլանդիայի ՀՆԱ-ն ոչ ավելի, ոչ պակաս 230 մլրդ դոլար է, բյուջեն՝ 90 մլրդ դոլար, արտահանումը՝ 120 մլրդ դոլար։ Եվ սա հյուսիսային տարածաշրջանում, տևական սառը եղանակի պայմաններում։
Հայաստանի հետ համեմատության որոշակի տվյալներ ենք նկատում այս տարածքի մի այլ երկրում՝ Դանիայում։ Տարածքը՝ 43 հազար քառակուսի կմ, բնակչությունը՝ 5,5 մլն։ Երկրի տնտեսության թվերն արտառոց են, որոնցից առանձնացնեմ գյուղոլորտի որոշ վիճակագրություն։ Հացահատիկի արտադրությունը 10 մլն տոննայից ավելի է, որից ցորենը՝ 6 մլն տոննա, կոշտ ցորենը՝ 4 մլն տոննա, այդպիսի մշակաբույսի մասին ՀՀ-ում որևէ տեղեկատվություն չի տրվում, թեև այն աշխարհում գրեթե կրկնակի գերազանցում է ցորենի արտադրությանը՝ 750 մլն տոննայի դիմաց կազմելով 1,2 մլրդ տոննա։ Ի դեպ, այն համոզմանն եմ, որ եթե Դանիայում հատիկի նպատակով եգիպտացորեն աճեր, դանիացիները նախապատվությունն այդ մշակաբույսին կտային։ Օրինակ, ԱՄՆ-ում եգիպտացորենի հատիկի արտադրությունը 350 մլն տոննա է, Չինաստանում՝ 220 մլն տոննա, ոչ մեծ Սերբիայում՝ 7-8 մլն տոննա։ Վերջինս այս շրջանում ՌԴ շուկա զգալի ծավալներով կաթնա-մսամթերքների արտահանում է իրականացնում, երբ Հայաստանի գյուղոլորտը դիտորդի դերում է։ Մեզանում պատճառը լիարժեք անասնակերի հիմնական բաղադրիչ եգիպտացորենի հատիկի արտադրության իսպառ բացակայությունն է, անասնագլխաքանակի ցածր մթերատվությունն ու դրանով պայմանավորված տեղական կաթնա-մսամթերքների շարքային քաղաքացուն անհասանելի գները։ Այնպես որ, կարծիք չկազմեք, թե դանիացիներն առավոտից իրիկուն ալյուրի արտադրանք են սպառում։ Քավ լիցի, հացահատիկ նրանք աճեցնում են կենդանիներին լիարժեք կերով ապահովելու, նրանցից առավել արդյունք ստանալու նպատակով։ Երկրում 12 մլն խոզ են պահում, 2 մլն տոննա միս արտադրում։ Երկրի ՀՆԱ-ն 250 մլրդ դոլար է, բյուջեն՝ 180 մլրդ դոլար, 1 բնակչի հաշվով բյուջեի ծախսը՝ 36000 դոլար, ՀՀ-ի 800 դոլարի պարագայում։ ՀՀ քաղաքացուս երկրի բարձրագույն այրերին ուղղված ահազանգումներիս ի պատասխան, գյուղոլորտում գերխնդիր համարել արդեն հիմնավորված լիարժեք անասնակերի արտադրությունը, այդ կերպ խոզի մսի արտադրություն ծավալել, ՀՀ գյուղնախարարությունն անհնարին է համարում խոզամայրերի պահանջվող գլխաքանակ չունենալու պատճառաբանությամբ։ Խնդիրը չի լուծվում, ինչն էլ հիմք է տալիս մտածել միս ու մսամթերք ներկրողների շահերը բացահայտ սպասարկելու մասին։ Փոխարենն ամեն ինչ է արվում ՀՀ-ն այլոց բանջարաբոստանային կցորդ դարձնելու ուղղությամբ, երկրի պարենապահովությունն ու պարենանվտանգությունը թողնելով ներկրողների հայեցողությանը, նրանց կողմից գնային ամենաթողության իրականացմանը։
Համաշխարհային վիճակագրությունը հաստատում է. տնտեսության վարման առաջնահերթությունը կենդանական ծագմամբ սննդի բավարար արտադրությունն է։ Այն իրողություն է բոլոր պարագաներում, անկախ կրոնական պատկանելությունից ու մաշկի գույնից, երկրի՝ հասարակածին թե բևեռներին մոտ գտնվելուց, սակավահողությունից թե գերտարածքներից։ Քաղաք-պետություն Սինգապուրը մինչև 100 հազար տոննա հավի միս է արտադրում, Լիբանանը՝ 130 հազար տոննա, Սաուդյան Արաբիան՝ 580 հազար տոննա, Թուրքիան՝ 2 մլն տոննա։ Չինացիներն արտադրում են խոզի մսի համաշխարհային ծավալի մոտ կեսը՝ 50 մլն տոննա, Հոլանդիան՝ 1,5 մլն տոննա, հեղինակիս հյուրընկալող Ավստրիան՝ 600 հազար տոննա։ Թախիծ ապրեցի, երբ օրերս Երևանի փողոցներում անցկացված հարցման մի մասնակից ուղղակի ասաց՝ աղջիկ ջան, մսի գոյության մասին մոռացել եմ, դարդերս իրար մի տուր։
Ոմանք հայերիս խելացիից բացի նաև աշխատասեր են համարում։ Երբ շրջապատում որևէ մեկը խոսում է այս մասին, անմիջապես արձագանքող է գտնվում. եթե իրապես խելացի ու աշխատասեր ենք, ինչո՞ւ հարուստ ու արդարամիտ չենք։ Մտորում եմ ինչ-որ առումով կասկածելի համարել նման մտայնությունը, որից միայն անհարմարության զգացում եմ ապրում։ Բայց ո՞ւր կարող ես փախչել քեզնից, քո միջավայրից, որը, երկրի առաջին դեմքի գնահատմամբ, «գաղջ» է որակվել. ախր իրենց կազմած բյուջեն է։
Այսպես էլ ապրում ենք։

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Ավստրիա, Գրաց
15.12.2015

Դիտվել է՝ 962

Մեկնաբանություններ