Համահայկական մտածողության ու գործելակերպի մշակումը պիտի նպաստի թե Հայաստանի հզորացմանը, թե մեր ազգի միասնականության ամրապնդմանը և թե ազգային պահանջատիրությանը՝ փետրվարի 13-14-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արժևորմանը նվիրված համագումարի եզրափակիչ նիստի ժամանակ նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
«Նման մոտեցումը նախ ենթադրում է մեր ժողովրդի ներքին դրվածքի, կացության ու հնարավորությունների, ներկա աշխարհաքաղաքական պայմանների իրատես արժևորումը»,- ասել է նա: Նորին Սրբությունը հիշեցրել է, որ «ազգային պահանջատիրությունն իր նեղ շրջագծի մեջ պետք չէ դիտել։ Ազգային պահանջատիրություն նշանակում է որպես ազգ ու հայրենիք ինքնահաստատում ու ինքնահզորացում, գոյության ամրացում, կյանքի բարգավաճում և մեր բռնաբարված իրավունքների վերականգնում ու միջազգային համայնքի ներսում մեր ազգի ու հայրենիքի ներկայության ամրապնդում»։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն ընդգծել է. «Հայաստանի հզորացումը որպես մեր ազգային պահանջատիրական պայքարի հիմք։ Տկար, մեկուսացած ու անկազմակերպ Հայաստանը չի կարող մեր ազգի իրավունքների պահանջատերը դառնալ. չի կարող հարգանք պարտադրել ու լսելի դառնալ միջազգային համայնքում։ Հետևաբար Հայաստանի հզորացումը իր տնտեսական, զինվորական և այլ բնագավառներով հրամայական անհրաժեշտություն է։ Այս իրագործելու համար արտագաղթի կասեցումը, կոռուպցիայի վերացումը ու Սփյուռքի առավել կազմակերպ զորակցությունը Հայաստանի համար կենսական են»։