ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Արա Բերքյանի կյանքը նվիրում էր հայությանը

Արա Բերքյանի կյանքը նվիրում էր հայությանը
26.02.2016 | 11:37

Բադեն-Վյուրտեմբերգի հայկական համայնքը Գերմանիայում գործող միություններից ամենաակտիվն է, որը տարին մեկ անգամ կազմակերպում է նաև հայկական մշակութային շաբաթ՝ համեմված հայկական մշակույթին, արվեստին նվիրված բազմաբովանդակ միջոցառումներով:
Արդեն երեք տարի հայկական համայնքը իր միջոցառումներն անցկացնում է Շտուտգարտի Մարտին Լյութեր ավետարանական եկեղեցում, որտեղ ամիսը երկու անգամ մատուցվում է պատարագ, իսկ եկեղեցու համայնքի լուսավոր, ընդարձակ սրահում անցկացվում են հանդիպումներ, հավաքույթներ, կիրակնօրյա դպրոցի դասեր, հայկական պարերի պարապմունքներ: Այս ուսումնական տարում կիրակնօրյա դպրոցի սովորողների թիվը հասել է 30-ի:
2016 թ. ապրիլի 24-ին այդ եկեղեցում պետք է հնչի հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»՝ կոմպոզիտորի ներկայությամբ:
2016 թ. փետրվարի 21-ի կիրակի օրը մարդաշատ էր Շտուտգարտի հայկական համայնքը: Նույն օրը եկեղեցում մատուցված պատարագից, համայնքի սրահում ճաշկերույթից հետո տեղի ունեցավ Լիզա Բերքյան-Աբրահամյանի՝ «Արա Բերքյան» գրքի շնորհանդեսը և բանախոսություն՝ նվիրված մայրենի լեզվին:
Բացման խոսքով հանդես եկավ քահանա Տիրատուր Սարդարյանը, որը դրվատանքի ջերմ խոսքեր ասաց գերմանահայ ազգային գործիչ, ճարտարապետության և ինժեներության դոկտոր, գրող Արա Բերքյանի և «Արա Բերքյան» ժողովածուի մասին:
Օրվա բանախոս Լիզա Բերքյան-Աբրահամյանը, որը 220 կմ ճանապարհ անցնելով Վիսբադենից հասել էր Շտուտգարտ, ջերմ ու սրտառուչ խոսք ասաց հայության, օտար ափերում հայ մնալու, մայրենի լեզվի, հայ գրի ու դպրության մասին և ներկայացրեց «Արա Բերքյան» գիրքը:
Բանախոսը մեծապես կարևորեց մայրենի լեզվի դերը, նշեց, որ մեսրոպյան այբուբենը դիմացավ մեր ժողովրդին պատուհասած բոլոր աղետներին, դարեր շարունակ գիրը, դպրությունը պահեցին մեր ինքնությունն ու հայությունը:
-Մենք՝ աշխարհասփյուռ հայերս, հայոց այբուբենը պետք է դարձնենք մեր երեխաների թալիսմանը, այն ոչ թե պարանոցին կրենք, այլ շաղախենք նրանց էությանը, ոսկեղենիկ մայրենիի համուհոտը մոտեցնենք մեր զավակների քիմքին, որ արևի շողի պես ջերմացնի նրանց կյանքը:
Անդրադառնալով Արա Բերքյանի կյանքին ու գործունեությանը, նա նշեց, որ վերջինս հայ մշակույթի յուրօրինակ դեսպան էր Գերմանիայում, որն անխոնջ աշխատանք կատարեց օտար ափերում՝ հայկական մշակութային էությունն աշխարհում ճանաչելի դարձնելու, հայրենակիցներին հայ լեզվին ու ակունքներին մերձեցնելու, գերմանա-հայկական հարաբերությունները վերստին նորոգելու, Հայ դատի ձայնը լսելի անելու գործում:
Այնուհետև Լիզա Բերքյան-Աբրահամյանը պատմեց, թե ինչպես ծնվեց այս գիրքը, որը պատմում է ոչ միայն ի սեր հայության կատարած Արա Բերքյանի հարատև աշխատանքի մասին, այլև ընթերցողը կարող է պատկերացում կազմել Բերքյանի միջավայրի հայ մշակույթի և հասարակական կյանքի շատ նշանավոր դեմքերի մասին:
Խոսքի ավարտին բանախոսը համայնքի մարդկանց ուժ ու կորով մաղթեց՝ օտար ափերում հայ ինքնությունը պահելու պայքարում:
Այնուհետև նա պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
Միջոցառումն ամփոփեց քահանա Տիրատուր Սարդարյանը, որը խորին շնորհակալություն հայտնեց Լիզա Բերքյան-Աբրահամյանին՝ գեղեցիկ, ուսանելի հուզիչ բանախոսության համար, վստահեցնելով, որ կշարունակվեն համատեղ աշխատանքները, մեկ անգամ ևս շեշտելով, որ Արա Բերքյանի կյանքը օտար ափերում նվիրում եղավ հային, հայկականությանը, Հայաստանին և օրինակելի է հայրենիքից դուրս ապագա որոնող ամեն հայի համար:


Լյուբա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեր թղթակից, Գերմանիա

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ