Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում՝ Ռուսաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով քաղաքակրթական ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, նշելով, որ ներկայացվելու է ավելի քան 160 ցուցանմուշ` Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարաններից և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանից»:
Ցուցադրության հայեցակարգին համապատասխան հրատարակվել է նաև ցուցահանդեսի պատկերագիրքը, որտեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, իսկ առանձին բաժնով` Հայոց ցեղասպանության թեման:
«Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդեսը կբացեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին՝ երկու երկրների Նախագահների մասնակցությամբ:
Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 13-ը: Գլխավոր հովանավորն է «Ռոսգոսստրախը»: