Սիրիայից ռուսական զորակազմի հիմնական մասը դուրս բերելու Կրեմլի որոշումը զարմացրել է արեւմտյան վերլուծաբաններին եւ հրապարակախոսներին։ Հետեւանքներից շատ նրանց հետաքրքրում է անսպասելի քայլի պատճառը։ The Wall Street Journal-ը գրում է, որ դա անակնկալ էր ամերիկյան իշխանությունների համար։ Բայց ամեն դեպքում, Վաշինգտոնը գլխի էր ընկնում, որ Կրեմլը կարող է նման քայլի դիմել։ Վերջին ժամանակներս տեսանելի էր, որ ռուսական զորքերը տեխնիկայի ռոտացիա չեն անում Սիրիայում իրենց բազաների միջեւ։ Հակառակ դեպքում դա կվկայեր երկարաժամկետ ռազմական ներկայության մասին։ Politico-ն հիշեցնում է Բարաք Օբամայի՝ The Atlantic կայքին վերջին հարցազրույցը, երբ ԱՄՆ նախագահը հերթական անգամ կրկնել էր, որ Ռուսաստանը Սիրիայում շատ հեռուն է գնացել եւ ռիսկի է դիմում խորանալ ցնցումների մեջ։
Եվրոպական դիվանագիտությունում WSJ-ի աղբյուրները հայտնում են, որ վերջին 2 շաբաթում Ռուսաստանը հաճախակիացրել է ԻՊ դիրքերի վրա գրոհները միայն այն պատճառով, որ նախքան այդ հաջողությամբ օգնում էին Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադին թուլացնել զինված ընդդիմությանը։ Հիմա արեւմտյան դիվանագետները մտահոգություններ ունեն, որ Կրեմլը ԱՄՆ-ին առաջարկ կանի, որից հնարավոր չի լինի հրաժարվել. համատեղ ուժերով պայքարել իսլամական արմատականության դեմ, դրա տակ նկատի ունենալով Ասադի ռեժիմին լուռ աջակցելը։ Բացի այդ, Eurasia Group-ում WSJ-ի անանուն աղբյուրները հայտնել են, որ զորքերը դուրս բերելու Պուտինի որոշումը ազդակ է հենց Ասադին, որ անհրաժեշտ է ակտիվ մասնակցել ընդդիմության հետ բանակցային գործընթացին։ «Կարճաժամկետ նպատակը մասնակի իշխանափոխությունն է, իսկ երկարաժամկետ նպատակը վերաբերում է բարեփոխումներին եւ վերընտրություններին»։
Bloomberg-ի սյունակագիր Լեոնիդ Բերշիդսկին կարծում է, որ Ռուսաստանը իրականում չի պատրաստվում Սիրիայում ռազմական ներկայություն ապահովել։
Թերահավատ են նաեւ The Guardian-ի դիվանագիտական աղբյուրները։ «Մենք պետք է շարունակենք եւ տեսնենք, թե առհասարակ ինչի համար է դա արվել։ Չէ՞ որ դա Պուտինն է, նա բազմիցս նման հայտարարություններ է արել, սակայն ոչինչ չի փոխվել »։ Գերմանական Handlsblatt-ը հարցադրում է անում, թե վերջին հաշվով ում է ձեռնտու Կրեմլի քայլը։ «Եթե Պուտինն իրոք անկեղծ է իր մտադրություններում, այդ որոշումը Դամասկոսի համար լրացուցիչ ճնշում է»,- գրում է թերթը։ Դա հասկանալով՝ ՄԱԿ-ի եւ Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները լավատեսորեն են նայում ռուսական զորքերի դուրսբերմանը։