2016-ի հունվարից Հայաստանը ԵԽ «Եվրիմաժ» հիմնադրամի լիիրավ անդամ է: «Հայաստանի անդամակցությունը «Եվրիմաժ» հիմնադրամին կնպաստի համատեղ ֆիլմարտադրությանը, կաջակցի եվրոպական շուկայում կինոնկարների վարձույթի և ցուցադրության գործընթացին, ինչպես նաև եվրոպական տարբեր երկրների կինոգործիչների համագործակցությանը և ոչ կոմերցիոն կինոարտադրության զարգացմանը»,- տեղեկացնում են մշակույթի նախարարությունից: Հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչներն են Սուսաննա Հարությունյանը և Վրեժ Քասունին:
«Եվրիմաժի» տարեկան ընդհանուր բյուջեն կազմում է 25 մլն եվրո: Բյուջեն կազմվում է անդամ պետությունների տարեկան ֆինանսական ներդրումներից և տրամադրված վարկերի վերադարձից:
«Այս տասը տարիների աշխատանքը, բանակցությունները և մեր կինոարտադրության հաջողությունները հնարավորություն ընձեռեցին, որպեսզի դառնանք «Եվրիմաժի» 37-րդ լիիրավ անդամը,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:- Սրանով սկսվում է մեր աշխատանքների մի շատ կարևոր փուլ, ինչը ենթադրում է, որ մեր կինոարտադրողներն ու պրոդյուսերներն իրենց չափանիշները պետք է համապատասխանեցնեն հիմնադրամի ներկայացրած չափանիշներին։ Այս առումով և՜ պարտադիր է, և՜ ցանկալի, որպեսզի մեր պրոդյուսերները հնարավորինս արդյունավետ համագործակցեն եվրոպական համաարտադրողների հետ: Իսկ մենք մեր կողմից կանենք ամեն հնարավորը, որպեսզի այդ կապերը զարգանան»: