Դիարբեքիրի Սուրի շրջանում գտնվող, գործող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին պետականացնելու հետ կապված զավեշտալի պարզաբանում է տվել Թուրքիայի հիմնադրամների վարչության տնօրեն Ադնան Էրթեմը։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցի ժամանակ Թուրքիայի հիմնադրամների վարչության տնօրեն Ադնան Էրթեմը հայտարարել է, թե Սուրի շրջանում գտնվող բոլոր շինությունների պետականացումն ուղղված չէ պատմական կառույցներին։ Նա պնդել է, թե պետականացման ծրագրով նախատեսված է պահպանել այդ տարածքում գտնվող պատմական կառույցները, որոնց շուրջ բազմաթիվ անօրինական շինություններ են կառուցվել։ Թուրքիայի նախարարների խորհրդի որոշումով Դիարբեքիրի Սուրի շրջանում գտնվող բոլոր կառույցները, այդ թվում` Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը, պետականացվել են։ Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի է ունեցել 2011-ի հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին: Սուրբ Կիրակոսի վերանորոգումը իրականացվել է դիարբեքիրցի հայերի և Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ:
Սուրբ Կիրակոսը վերաբացվել է որպես գործող եկեղեցի: