«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Հայոց երկու հայրապետները մաղթանք կատարեցին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում

Հայոց երկու հայրապետները մաղթանք կատարեցին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում
15.04.2016 | 10:32

Հանդիսապետությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Արամ առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք Լեռնային Ղարաբաղի ապահովության և խաղաղության համար: Արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, պաշտպանության բանակի հրամանատարական կազմը, զինծառայողներ, երիտասարդներ և տարեցներ։ «Այսօր Արցախի օրհնյալ հողում, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում գոհաբանական աղոթք բարձրացրեցինք առ Աստված, որ հաղթանակով պսակեց հայրենյաց պաշտպան մեր զավակների պայքարը Արցախ ներխուժած թշնամու դեմ՝ խափանելով մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքին բռնանալու դավադիր խորհուրդները», - ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը: «Մեր հոգին լի է արդար հպարտությամբ, քանզի մեր բանակի սահմանապահ միավորումները, ինչպես և` Արցախի մեր ժողովուրդը, աներկյուղ դիմակայեցին ադրբեջանական զորքերի հարձակմանը, հետ մղեցին սպառազինությամբ գերազանցող հակառակորդին, որի մեջքին անսքող կանգնած է ցեղասպան Թուրքիան: Առաջին իսկ օրից դրսևորվեցին մեր բանակի մարտունակությունն ու քաջարի ոգին, մեր զինվոր զավակները ցուցաբերեցին հերոսության բացառիկ օրինակներ: Նրանցից ոմանք իրենց ծաղկուն կյանքը, պայծառ երազները նվիրեցին հայրենիքին, մեզ՝ ապրողներիս, գալիք սերունդներին»: «Արդարություն և Ճշմարտություն է Արցախի ազատությունը: Արդարություն և Ճշմարտություն է Արցախի հաղթանակը»,- հայտարարել է Գարեգին Երկրորդը:

Դիտվել է՝ 1272

Մեկնաբանություններ