Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականի լուրը տնտեսական շուկայի համար ևս մի քաղաքական անկայունության առկայություն է, Ստամբուլի արժութային շուկան մեկ շաբաթում կորցրեց 8 տոկոս՝ գրում է Al Monitor-ը: Դոլարի փոխարժեքը, որը մայիսի 4-ին 1 դոլարի դիմաց 2,80 թուրքական լիրա էր, 1 օրում դարձավ 2,97 լիրա։ 2001-ից առաջին անգամ շուկան այդչափ բացասական ազդեցություն կրեց նախագահի և վարչապետի տարաձայնության պատճառով:
Դավութօղլուի հեռանալով` նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, որ նախագահական համակարգի է ձգտում, ավելի կուժեղացնի ջանքերն այդ ուղղությամբ: Սա կարող է նշանակել նախագահական համակարգի հարցով սահմանադրական հանրաքվե կամ արտահերթ ընտրություններ՝ Սահմանադրությունը փոխելու համար իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության բավականաչափ տեղերով խորհրդարան ունենալու համար: Դավութօղլուի հեռանալը և իշխող կուսակցության վրա Էրդողանի ամբողջական վերահսկողությունն իր հետևանքները կունենան տնտեսական քաղաքականության վրա: Դավութօղլուն և նրա տնտեսական հարցերով փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը պաշտպանում էին ավանդական տնտեսական քաղաքականությունը՝ շեշտը դնելով բյուջետային կարգապահության և կառուցողական բարեփոխումների վրա, որի նպատակն էր ստանալ ֆոնդային շուկաների վստահությունը: Մյուս կողմից՝ Էրդողանը և նրա տնտեսական հարցերով աջակիցները պնդում էին, որ ցածր տոկոսադրույքները կնշանակեն ավելի ցածր գնաճ և կնպաստեն տնտեսական աճին:
Ինչպես նշում է «Նոմուրա» ֆինանսական ընկերության տնտեսագետ Թիմ Էշը, Էրդողանը և նրա կուսակիցները կարող են 14 տարվա հաջողությունը վերագրել Էրդողանի քաղաքական խոհեմությանը: Նայելով ընտրությունների արդյունքներին՝ դա կարող էր նաև ճիշտ լինել: Բայց ԱԶԿ-ի իշխանության օրոք տնտեսական հրաշքը Էրդողանինը չէ, այլ նրան նախորդող տնտեսական հարցերով անձնակազմի: Կենտրոնական բանկի նկատմամբ աճող ճնշումների և քաղաքական փոթորիկների պատճառով Թուրքիայի տարեկան աճի տեմպն արդեն դանդաղել է: 2013-ի Գեզի զբոսայգու ցույցերը, 2014-ի նախագահական ընտրությունները և 2015-ի խորհրդարանական 2 ընտրությունները (ամռանն ու աշնանը) արդեն բացասական ազդեցություն են թողել տնտեսության վրա: Թուրքիայի տարեկան աճի տեմպը, որը 50 տարի 4,5 տոկոսի սահմաններում էր մնում, վերջին չորս տարիներին գրանցել է միջինը 3 տոկոս ցուցանիշ: Տնտեսագետներն ահազանգում են, որ բարեփոխումների հետաձգումը և Էրդողանի տնտեսական հայացքները կարող են ավելի նվազեցնել աճը՝ ճգնաժամ առաջացնելով:
Տնտեսագիտության դասախոս Քամիլ Յըլմազն իրավիճակը նկարագրել է որպես «դանդաղ մահ»: «Քաղաքական գործիչները «դանդաղ մահից» խուսափելու համար կարող են պոպուլիստական քաղաքականության դիմել, ինչպես տոկոսադրույքները նվազեցնելն է: Չնայած սա կարճաժամկետ կարող է նպաստել աճին, բայց միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ստիպված կլինեք վճարել գինը: Դրսից կամ Թուրքիայում մի ցնցումը կարող է թուրքական տնտեսությունը տանել 2001-ի նմանության ճգնաժամի»,- ասել է նա։ Միջազգային ներդրումային բանկերը, երկրում քաղաքական իրարանցումների պատճառով, կանխատեսում են, որ թուրքական լիրայի ակտիվները կզգան բացասական ազդեցությունը: Այնուամենայնիվ, չնայած տնտեսագետների և շուկայի խաղացողների աճող անհանգստություններին, Էրդողանը հանգիստ է երևում և պնդում է, որ երկրին որևէ ճգնաժամ չի սպառնում: