ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Համեստ ու աննկատ աշխատանքից ծնվել է Մեծն ու Գեղեցիկը»

«Համեստ ու աննկատ աշխատանքից ծնվել է Մեծն ու Գեղեցիկը»
17.05.2016 | 22:42

Գեղամ Ասատրյանը հեռուստատեսություն էր եկել 1959 թվականին, աշխատանքը սկսել գրական-դրամատիկական հաղորդումների խմբագրությունում: Մինչ այդ հասցրել էր ավարտել Երևանի գեղարդտեխնիկումը, ուր ընդունվել էր հակառակ հոր՝ վանեցի Մագնոսի ցանկության: Հայրը ցանկանում էր, որ որդին ավելի լուրջ գործով զբաղվի, սակայն որդին այլ կարծիքի էր. նկարչությունը նրա կոչումն էր: Տեխնիկումում Գեղամը ունեցավ տաղանդավոր ուսուցիչներ՝ Ստեփան Աղաջանյան, Գաբրիել Գյուրջյան, Սեդրակ Առաքելյան, Վահրամ Գայֆեջյան, Հակոբ Կոջոյան, Գարեգին Լևոնյան, Արա Սարգսյան:


Երիտասարդ նկարիչը, լինելով մեծ հայրենասեր, մասնակցեց Հայրենական մեծ պատերազմին, մարտնչեց մինչև պատերազմի հաղթական ավարտը: Գերազանց ծառայած զինվորի կուրծքը զարդարում էին շքանշաններ և մեդալներ: Ռազմաճակատից վերադառնալուց հետո Արա Սարգսյանի խորհրդով Գեղամն ընդունվում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի նկարչական բաժին, որն ավարտելուց հետո հարազատ ինստիտուտում սկսում է մանկավարժական գործունեությունը: Արդեն ճանաչված նկարիչ լինելով, նկարչական խմբակ էր ղեկավարում պիոներների պալատում: ՈՒ միշտ սիրում էր համեստորեն ասել. «Դժվար է ասել՝ ե՞ս եմ նրանց նկարչություն սովորեցնում, թե՞ նրանք ինձ: Իսկական նկարչությունը էս երեխեքինն է»:


Մինչ հեռուստատեսություն գալը Գեղամը ձևավորել էր մի շարք ներկայացումներ Երևանի տարբեր թատրոններում, համագործակցել հայ բեմի վարպետ ռեժիսորների հետ՝ Վարդան Աճեմյան, Արմեն Գուլակյան, Լևոն Քալանթար, Վավիկ Վարդանյան, Վաղարշ Վաղարշյան... Գեղամը լավագույն աշակերտներից էր Կարո Մինասյանի, ով մեծ դեր խաղաց հայկական բեմանկարչական դպրոցի ստեղծման ու զարգացման գործում: Հեռուստատեսությունում Գեղամը ձևավորեց ճանաչված ռեժիսորներ Կիմ Արզումանյանի, Մարատ Մարինոսյանի, Օլգա Մելիք-Վրթանեսյանի, Թամարա Բիտյուցկայա-Էլիբեկյանի, Ժիրայր Ավետիսյանի, Հրաչյա Աշուղյանի բեմադրությունները: Աշխատանքին նվիրվեց անմնացորդ: Յուրաքանչյուր ներկայացման համար նախօրոք ստեղծում էր մակետը, քննարկում ռեժիսորի, բեմադրող օպերատորի հետ: Երբ սկսվում էր աշխատանքը նկարիչ կատարողների հետ, Գեղամը նրանց կողքից չէր հեռանում, իսկ նկարահանման սրահում դեկորները տեղադրելու ժամանակ բեմի բանվորների հետ հավասար մասնակցում էր այդ աշխատանքին: Աշխատում էր պատասխանատվության մեծ զգացումով: Իրեն հատուկ պատրաստակամությամբ, բծախնդրությամբ, նրբաճաշակությամբ փնտրում-գտնում էր ներկայացման համար պահանջվող իրերը:


Չափազանց համեստ էր: Երբ նկարահանման հրապարակում ռեժիսորին որևէ բան էր պետք լինում, և նա դիմում էր օգնականին, Գեղամը, հաշվի չառնելով իր դիրքը, վաստակը, տարիքը, օգնության էր հասնում:
Նկարահանման ամբողջ ընթացքում Գեղամը ստուդիայում էր, ռեժիսորի կողքին: Երբեմն անհետանում էր, հետո հայտնվում էր մի ճյուղ, կոճղ կամ որևէ իր ձեռքին, տեղադրում դեկորացիայի մեջ և եթե դուրը գալիս էր, ժպտում էր: Ժպտում էր իր անկրկնելի գեղեցիկ ժպիտով:


Դիպուկ էր բնութագրել Գեղամին ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Զավեն Տատինցյանը. «Գեղամ Ասատրյանը հայ մշակույթի անխոնջ մշակներից է, որի համեստ ու աննկատ աշխատանքից ծնվել է Մեծն ու Գեղեցիկը»:
1996 թվականին Գեղամի որդին՝ Լևոն Ասատրյանը, կազմակերպեց հոր հետմահու ¥Գեղամը ապրեց 75 տարի¤ առաջին անհատական ցուցահանդեսը: Գեղամի ընկերներից նկարիչ Արտաշես Աբրահամյանը գրեց. «Գեղամն անցավ թատերական նկարչության, բայց նա ի վերուստ գեղանկարիչ է, նրա գործերը բարձրարժեք գեղարվեստական երկեր են»:
Գեղամ Ասատրյանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների՝ Երևանում, Թբիլիսիում, Մոսկվայում, բայց երբեք չի ցուցադրել իր գեղանկարչական աշխատանքները: Դա գալիս էր նրա պահանջկոտությունից, սեփական ստեղծագործության հանդեպ խստապահանջ լինելուց: Եվ երբ ընկերները, մասնագետները առաջին անգամ տեսան նրա գեղանկարները, զգացին, որ գործ ունեն մեծ վարպետի հետ, իսկ Սարգիս Արուտչյանը գրեց. «Նրա հետմահու ցուցահանդեսը մեզ՝ իր ամենամտերիմ ընկերների համար անգամ, հայտնություն դարձրեց Գեղամին իբրև նուրբ գեղանկարչի: Ցավոք, Գեղամը չկարողացավ իրեն ժամանակին գնահատել»:


Լրացավ Գեղամ Ասատրյանի 95-ամյակը: Այդ կապակցությամբ նրա որդին՝ Լևոնը, կազմակերպեց անհատական ցուցահանդես: Գեղամ Ասատրյանը՝ տաղանդավոր նկարիչն ու մարդը, ստեղծեց բազմաթիվ գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, ձևավորեց 200-ից ավելի բեմադրություններ հեռուստաթատրոնում, ինչպես նաև օպերայի և բալետի, երաժշտական կոմեդիայի, ռուսական թատրոններում: Մի շարք ֆիլմերի բեմադրող նկարիչը եղավ:


Գեղամ Ասատրյանը երջանիկ մարդ էր, վայելում էր գործընկերների հարգանքը, ընտանիքի անդամների, հարազատների սերը:


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2057

Մեկնաբանություններ