Մայիսի 17-ին՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունից մի քանի ժամ անց շփման գծում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի զինծառայողներ են զոհվել, գրում է Reuters-ը: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում առաջինն էր մարտական գործողությունների վերսկսումից հետո, գրում է գործակալությունը՝ հավելելով, որ ապրիլին տասնյակ զինվորներ են զոհվել, իսկ հարևանների միջև հարաբերությունները ավելի են վատացել, քան եղել են տարիներ շարունակ:
Գործակալությունը մեջբերում է Լեռնային Ղարաբաղի ՊՆ-ի հաղորդագրությունը, որ հայ զինծառայող է զոհվել Ադրբեջանի կողմից հրաձգության հետևանքով: Նաև նշում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին առանձին բանակցություններ է ունեցել երկու երկրների առաջնորդների հետ: «Հակամարտությունը միջազգային համայնքին մտահոգում է, մասամբ, որովհետև կարող է ապակայունացնել իրավիճակը մի տարածաշրջանում, որը միջանցքի դեր է կատարում համաշխարհային շուկաներ նավթ ու գազ մատակարարող խողովակաշարերի համար»,- ասվում է հոդվածում: