Իտալացի լրագրող Ռոբերտո Տրավան պատասխանել է Իտալիայում Ադրբեջանի դեսպան Մամադ Ահմաձադային, որ արձագանքել էր La Stampa-ում հրապարակված «Լեռնային Ղարաբաղ. խաղաղությունը կսպասի» վերնագրով հոդվածին:
Ռոբերտո Տրավան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ապրիլյան բախումներին և ներկայացրել տասնամյակներ շարունակ իր անկախության համար պատերազմի մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղը, հակամարտությունը, այցելելով ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում տուժած հայկական բնակավայրերը, պատմելով ապրիլին ադրբեջանական ուժերի կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման դեպքերի մասին և անդրադառնալով հակամարտության պատմությանը, տարածաշրջանում Թուրքիայի և Ռուսաստանի դերին:
«Նախ և առաջ, շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանի տարածքից հայկական քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ օգտագործված միջազգային կոնվենցիաներով արգելված հարյուրավոր կասետային ռումբերը չհերքելու համար: Ինչ վերաբերում է մնացածին, ես կարող եմ միայն հաստատել՝ ինչ գրված է հոդվածում»,- գրել է իտալացի լրագրողը՝ պատասխանելով հոդվածի կողմնակալ լինելու մասին Ադրբեջանի դեսպանի մեղադրանքներին:
«Բայց ես պետք է մի շարք պարզաբանումներ անեմ: Դեսպանը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում գործում է «անօրինական մարիոնետային ռեժիմ»՝ անտեսելով, որ Ադրբեջանը, որը մոտ հիսուն տարի ղեկավարում է Ալիևների ընտանիքը, շարունակում է ճնշումներ գործադրել իշխանություններին քննադատող քաղաքացիների և լրագրողների վրա: «Հետմահու խեղումների և տարբեր տեսակի դաժանությունների» մասին հիշատակումը չի ուղեկցվում ոչ մի ապացույցներով և ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում համացանցում շրջանառվող լուսանկարներում: Իրականում խոսքը կեղծ լուսանկարների մասին է, որոնք արվել են չեչենական հակամարտության ժամանակ: Մինչդեռ իրական են Թալիշում սպանված երեք տարեց քաղաքացիների լուսանկարները, որոնց ականջները կտրել են ադրբեջանցիները՝ իսլամիստ գրոհայինների շրջանում տարածված պրակտիկա»:
Ռոբերտո Տրավան հիշեցնում է 2004-ին հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի դեպքը, որ Ադրբեջանում ազգային հերոս է համարվում: Նրան չի թվում, որ ապրիլին Հայաստանը քիմիական զենք է օգտագործել, իսկ միջուկային զենքի դիմելու սպառնալիքները որևէ հիմք չեն ունեցել, որովհետև հայերը չունեն այդ տեսակի զենք: Մինչդեռ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Ադրբեջանը վերջին շաբաթների ընթացքում իր հրթիռային կայանները տեղադրել է իր մի քանի գյուղերի հետևում՝ դրանց բնակչությունը դարձնելով կենդանի վահան:
Պատասխանելով դեսպանի նկատառմանը, որ հոդվածում սխալ ենթադրություններ են արվում ադրբեջանական բանակում ԻՊ-ի զինյալների առկայության մասին և պնդմանը, որ հակամարտությունը կրոնական հիմք չունի՝ լրագրողը նշում է, որ հակամարտության կրոնական միտման վտանգի մասին վերջերս հաստատել է նաև հայ եպիսկոպոս Վրթանես Աբրահամյանը, ով Stampa-ին տված հարցազրույցում նշել է. «Սա կրոնական պատերազմ չէ: Մեր կողմից՝ ամեն կերպ փորձում ենք խուսափել դրանից՝ այսօր կամ ապագայում: Իհարկե, չեմ կարող երաշխավորել, որ նույնը վերաբերում է նաև մյուս կողմին՝ Ադրբեջանին»: