(դահիճն ինչպե՞ս իմանար, որ կյանքի մեկ այլ թել էլ կա, որ նման է երկնքից իջնող ճառագայթի)
Մելս Հարությունյանի առաջին գիրքը կրում էր «Ապտակով սնված տղեն» վերնագիրը։ Ապտակը, անշուշտ, փոխաբերական իմաստով է, խորհուրդը խրատն է, որ հնչում է որպես հավիտենական կյանքի խոսք։ Աշուղական երգի տողի սկզբնամասը, դառնալով վերնագիր, տրամաբանական շարունակություն ունենալու էր. «Առանց աստիճան չի եղել»։ Ահա այս անվամբ լույս է տեսել Մելս Հարությունյանի կենաց երկրորդ գիրքը, որ գալիս է հաստատելու միևնույն բանը, այն է՝ ծնողի խրատով սնված-մեծացած զավակը կյանքում գտնելու է իր տեղը, գետնաքարշ չի մնալու, բարձրանալու է աստիճան առ աստիճան։ Ինչ խոսք, առաջին և երկրորդ գրքերի ոգին նույնն է, երկուսով ամբողջացնելու են այս աշխարհով անցնող մարդու կյանքի պատկերը։ Իջնելով հիշողության դաշտ, հեղինակը փորձում է ժամանակներն իրար բերել, մի տեղ հավաքել իրեն հանդիպած, իր սրտում տեղ գտած մարդկանց, որոնցից շատերն անցել-գնացել են, բայց ինքը մերձավորի սիրով մաքրում է մոռացության փոշին և վերստին տեսանելի ու ներկա դարձնելով, կյանքի կոչում։ Գիրն այս, որ գիրք է, գրված է սրտի թելադրանքով։ Հեղինակը դարձյալ հնարելու, երևակայության գիրկն ընկնելու խնդիր չի ունեցել։
Երբ քո տանը, ասենք, հարսանիք է, կանչելու ես հարազատներիդ՝ աշխատելով չմոռանալ մեկնումեկին։ Այս նույն սկզբունքով առաջնորդվել է Մելսը։ Իսկ ովքե՞ր են նրա հարազատները։ Իհարկե, նախ արյունակիցները, ապա բարեկամները, ընկերները և այնուհետև նրանք, ովքեր, առնչվելով հետը, բարին են գործել։ Կարծում եմ, երբ մեկը կանգնած է կողքիդ, արդեն մերձավոր է։
Այս գրքում ևս, անշուշտ, մեծ տեղ է տրված սերունդների միջև եղած կապին։
Երանության օրերն այնտեղ են՝ Ջավախքում։ Սկիզբը համագյուղացիների հետ աշխատանքի գնալն է, հողագործի հետ հողագործ, հնձվորի հետ հնձվոր լինելը. «Նոր հնձած խոտի վրա անմիջապես քնում էինք։ Բուրավետ խոտ, հոգնած հնձվոր։ Երանի հիմա մնացած լիներ այդ քունը»։ Այս երանելի քնի մեջ ոչ միայն խաղաղություն ու հանգիստ, այլև երջանկություն ու պահի հավիտենացում կա։ Սիրով ու սրբությամբ հիշում է նույնիսկ իր ծննդավայրի վարունգը, որի «համն ու հոտը մինչև հիմա» մնում են։ Սա միայն հիշողություն չէ, հետ նայել չէ։ Կյանքի ծարավ է, որը դիտվում է ապրելու և արարելու լավագույն միջոց։ Ինչու չէ, կյանքի ծարավը նաև առույգ մնալու լավագույն դեղամիջոց է։
Նախնիներին իրենց բարոյական արժեքներով կյանքի կոչելը, անկասկած, նշանակելու է ապագայի լուսավոր ուղին բացել։ Հնի, նորի և հավիտենականի խորհուրդը հորը կորցրած որդին իր մորից առնելու է։ Մայրն է, որ ամբողջացնելու է անցյալն ու ապագան։ Թոռը հիշում է պապին ու պապի արդար ձեռքերը, մայրը՝ հաստատում։ Թվում է թե խոսակցությունը հնաբույր է, ժամանակավրեպ, դարն ապրած, սակայն բնավ այդպես չէ։ Խոսքի խորհուրդը միանգամայն արդիական ու վեհ է. «Տղա ջան, այն ձեռքերը, որոնք տուն են պահում… սիրել է պետք։ Ինձ համար աղայիս ձեռքերից մաքուր ձեռքեր աշխարհում չկան։ Համ էլ նման էին հորդ ձեռքերին։ Մելս ջան, պապիդ աշխարհում ամենաշատը ես եմ սիրել, նրանից եմ հորդ կարոտը առել։ Ինձ համար իմ հորից թանկ է եղել։ Ինքն էլ ինձ իր աղջիկներից շատ էր սիրում»։
Այսպիսով մայրը շարունակում է աստվածային իր առաքելությունը, այն է՝ երեխայի աչքին բարձրացնում նրա հորն ու հայրական տոհմը։ Սրանով ոչ միայն պահում է սերունդների կապը, այլև բերում ընտանեկան այն բարոյականությունը, որի շնորհիվ ազգն առաջընթաց ապրելու և հավիտենական երթի մեջ մնալու է։ Այս է, ընտանեկան այս բարքերն են, որ համարվելու են քրիստոնեական արժեքներ, որոնց գեղարվեստական բնություն տալով ստեղծվելու է ազգային գրականություն, որ մասն է համաշխարհայինի։
Ընտանեկան բարքերին անդրադառնալիս մայրն իր դերի մեջ է՝ զավակին տալով կյանքի դասեր. «Մելս, հարսանիքը միայն ուտել-խմելու համար չի, հասկացող մարդու համար կյանքի դպրոց է»։ Այնուհետև հնչում են մարգարեական խոսքեր, որ բարեպաշտ մայրը տալիս է աղջկան՝ հարսանեկան հանդեսի ժամանակ. «Աղջիկ ջան, քեզ տալիս եմ իրենց, իրենցից էլ՝ Աստծուն։ Մոռացիր մեր տան ծես-ծիսակատարությունը։ Մոռացիր հորդ և մորդ, քո հայրն ու մայրը իրենք են, հետադարձ ճամփա չկա»։
Սա բաժակաճառի խոսք չէ, կյանքի խոսք է, հավիտենական կյանքի խոսք, որ ծնող մայրը պատգամում է հարս գնացող աղջկան։ Այս խոսքի ճշմարտացիությունը ես իմ կյանքի փորձից գիտեմ, այստեղ մի խոր խորհուրդ կա, կա տիեզերական մի միտք, որը թե՛ երկրային է և թե երկնային։ Այս պատվիրանը զանց առնող աղջկա երեխաները դժբախտ լինելու են, ամուսինը՝ նույնպես։ Այս պատգամ-պատվիրանը զանց առնող աղջկա ծնողներն ու հարազատները նույնպես դժբախտանալու են։ Ամուսնու հարազատությանը մերվելը օրհնություն է, իսկ օրհնությունից հեռացողը, օրհնությունն արհամարհողը, ուզի թե չուզի, անեծքի տակ ընկնելու է։ Ասացի՝ մոր խոսք-օրհնանքն է, բայց իրականում մոր շուրթերով Աստված խոսում է։
Որքան էլ որ ծնողի խրատներով առաջնորդվելիս լինի, գյուղից քաղաք եկած երեխայի առջև կենսական խնդիրներ առաջանալու են։ Գյուղը աղբյուր է, առու է, գետ, մինչդեռ քաղաքը ծով է։ Ի՞նչն է, որ գյուղից քաղաք եկած Մելս Հարությունյանին օգնել է, որ շարունակի կյանքի ճանապարհը, ինչպես ասում են, դեպի վեր, լեռն ի վեր։ Եվ ինչպես աղի ծովը աղբյուրի ծարավն ունի, այդպես էլ քաղաքը սրտով մաքուր մարդու կարոտն ունենալու է։ Սրտի մաքրությունը, ազնվությունը, անկեղծություն-անմիջականությունը, ճշմարտությունն ասելու քաջությունը զորացնելու են մարդուն։ Իհարկե, մեծագույն շնորհը այս հատկանիշները մինչև վերջ պահել-պահպանելն է և դրանք որպես ժառանգություն սերունդներին հանձնելը։
Այս բանը Մելսին հաջողվել է, վկայություններից մեկը՝ այս ժողովածուն, որի մեջ լույսի տակ են դիտված չարն ու բարին։ Մելսը շուրջը նայելիս, կյանքի ճանապարհն անցնելիս, ոչ մի կարգի ակնոց չի դնում, նայում է իր հոր և մոր միջոցով իրեն Աստծուց տրված աչքով։ Ժամանակ չի գտնում չարից խոսելու, քանի որ լցված է բարությամբ։
Մայրը, որդու մեջ տեսնելով հորը, շարունակում է դրսևորել վարքի առաքինին. «Հայրդ էլ քեզ նման աներանց տուն քիչ էր գնում-գալիս։ Այդ գծով իսկական հայրդ ես։ Իմ նկատմամբ վերին աստիճանի հոգատար էր։ Չէր թողնում ձեռքս «Աղ ջրից պաղ ջուրը գցեի»։ Մարդիկ զարմացած էին նրա սիրելուց և վերաբերմունքից։ …Երևի հորդ սիրտը վկայում էր, որ մենք իրար հետ կարճ ենք ապրելու, կողքիցս չէր հեռանում։ …Ես հորդ հետ այնքան լավ եմ զգացել, որ մեր չորս տարին ուրիշների քառասուն տարիների հետ չեմ փոխի»։
Առաքինությունն ուրիշ ինչպե՞ս է լինելու։ Մայրը խոսում է հանգիստ, կարծես ոչ մի բան էլ չի պատահել։ Մոր սիրտ է, ցավն իր մեջ պահելու և աշխարհին ժպտալու է։ Այնպես չստացվի, սակայն, որ Մելսը փորձում է մոր ընդհանրական կերպար ստեղծել։ Ստեղծելու կամ էլ ստեղծագործելու, հորինելու խնդիր չունի, բանը գեղեցկացնելով զբաղված չէ։ Մելսի գործը տեսածն ու լսածը մարդավարի մատուցելն է։ ՈՒղղակի նրան հաջողվել է հաղորդակցվել մոր աստվածային էությանը։ Չինարի հանդեպ սերը, ասել եմ, մեկ այլ բնություն ունի, վեր է զգացմունք լինելուց։
Մեծ շնորհ է պահի ճիշտ ընկալումը. Չինար մայրիկը, օրինակ, լռության ժամ ունի, ինչպես լցվելու, այնպես էլ բացվելու ժամ ունի։ ՈՒնի մայրական խորհրդին ու խրատին հաղորդակից դարձնելու ժամ։ Մայրը, որպես անձ, որպես սուրբ ծնունդ, ժառանգել է նախնյաց իմաստությունը, դարերով ձևավորված, արմատացած առաքինությունը։ Մայրը որդուն չարից հեռու է պահում ոչ միայն խոսք-խրատով, այլև իր իսկ ապրած կյանքով։ Արդյունքում, ասել եմ, մենք մորը տեսնում ենք որդու մեջ։ Մայր և որդի դառնում են աստվածային մի բնություն։ Այս նույն սկզբունքով մեկտեղվելու են հայն ու հայրենիք Հայաստանը։ Մելսի մայրը՝ Չինար համահունչ անվամբ, աստվածային լինելուց բացի, կատարելապես ժողովրդական է, ժողովուրդ է։ Այնպես որ, մայրը, բնականորեն և անհրաժեշտաբար, խորհրդանշելու է հայ ժողովուրդը, որ նույնպես մայր է, զավակներ ծնող մայր։
Մորը սիրողը մայր բնությունը սիրելու է։ Այս միտքը մեկ այլ ձևակերպում էլ ունի. մայր բնությունը սիրողը մորը նույնպես սիրելու է։ Մելսը կարողանում է թռչել մտքի թևին և վերստին գնալ գնացած տեղերը, նստել նույն աղբյուրի մոտ, ծարավը հագեցնել քաղցրահամ ջրով, այնուհետև ունենալ աղբյուրի մոտ սուփրա բացելու և համով հացը ճաշակելու վայելքը։ Եվ այդ ամենն այնպես է ներկայացնում, ինչպես թե, որպես նատյուրմորտ, նկարելիս լինի կտավի վրա։ Չգիտեմ էլ ինչպես է նայում, բայց երբեմնի տեսածը կարծես հոգու հայելու մեջ վերստին տեսնում է։ Նրա բառերն էլ՝ որպես հայելի, մեզ տեսանելի են դարձնում հիշողության դաշտի կենդանի պատկերները։ Հետաքրքիր և հաճելի են նրա եզրակացությունները. «Այդպիսի ջուր աշխարհում չես գտնի»։ Պարզապես պիտի ասել. «Մելս, քո մտածողությունն էլ ներկա աշխարհում չենք գտնի»։
Հիշողության դաշտ իջնելը հետ նայե՞լ է նշանակում։ Բնավ։ Խնդիրը ոչ աղբյուրն է և ոչ էլ հացի պատառը։ Աղբյուրն ու հացը միջոցներ են։ Իրականում, նյութականի առումով, դրանք աղքատության օրեր են եղել և, ահա, նստել ու երանի է տալիս։ Ինչո՞ւ։ Որովհետև նախ՝ աշխարհի չարին ծանոթ չէին, ապա՝ մեկտեղ էին, մի անմեղ մարմին, մի պարզ սիրտ, մի պարզ հոգի դարձած։
Այս ժողովածուն էլ, ինչպես առաջինը, լցված է անուններով, մարդկային էություններ են, որ ի մի են բերված։ Ամեն մեկը, կարծես, շղթայի մի օղակը լինի։ Մեկին հանելով, կարծես շղթան պոկվելու է։ Ոմանք վաղուց չկան, սակայն, իրենց ուրույն տեղն ունեն Մելս Հարությունյան մարդու, ընկերոջ, այսպես ասած, հիշատակաց անտառում։ Եվ քանի որ անտառ է, կաղնի էլ կունենա, թուփ էլ։ Մելսը բոլորին տեսնում է այնպես, ինչպես եղել են, տեսնում է կենսունակ ու կանաչ, պատվաբեր ու պտղաբեր։ Մի՞թե հրաշք կամ էլ բարի գործ չէ կյանքից հեռացածին վերստին կյանքի կոչելը։ Իհարկե, թե՛ հրաշք է և թե բարի գործ։ Թումանյանի մտքով ասած, Ջավախքը Մելսի համար, Մելսի աչքին աշխարհից վեր մի աշխարհ է։ Դեպի Ջավախք դառնալիս, անշուշտ, տեսնելու է Ջավախքն իրենց սրտում կրող զավակներին։ Մելսն ինքն էլ կարծես ուրիշ է, երբ տալիս է, ասենք, լուսահոգի Մկրտիչ Սարգսյանի անունը։ Գրող զավակի լույսը տեսնելով, ինքն էլ լույսի մեջ հայտնվելու է։ Այս բարի մարդու անունը տալով իսկ ոչ միայն իրեն, այլև մեզ մխիթարություն բերելու, հույսի, հավատի ու սիրո դաշտ տանելու է։
Երևանում գործող «Ջավախք» հայրենակցական միությունն էլ մի հուսալի կամուրջ է, որ կապում է հարազատներին։ Տեսեք, ի՜նչ սիրով է տալիս հայրենակցական միության առաջին նախագահ Հովհաննես Այվազյանի և այնուհետև ընտրյալ Շիրակ Թորոսյանի անունները։ Երկուսն էլ ժամանակին թյուրիմացաբար զրկված են եղել Վրաստան մուտք գործելուց։ Այո, թյուրիմացաբար, որովհետև թե՛ մեկը թե՛ մյուսը Վրաստանը և վրացուն չսիրելու խնդիր չունեն։ Երկուսն էլ իրենց մեջ չսիրել չունեն։
Հիրավի, չսիրել չկա, քանի որ սերը մեր պատմական, մեր ճակատագրական կապի մեջ է։ Այս կամ այն իշխանավորի վարած քաղաքականությունը չընդունելը տվյալ երկիրը և տվյալ ժողովրդին չսիրել չի նշանակում։ Աստված, որ Աստված է, մեղքը չի սիրում, բայց մեղավորին ասում է. «Բախիր և կբացվի, խնդրիր և կտրվի, փնտրիր և կգտնես»։ Սերը մեզ ազատություն է պարգևելու, ատելությունը՝ գերություն։ Ճշմարտության հոգին է, հոգի-սուրբը, որ մեզ բերելու է կատարյալ կյանք։ Մնում է կատարել Աստծո պատվիրանը. «Սիրիր մերձավորիդ քո անձի պես»։ Հայն ու վրացին, վրացին ու հայը, տես, ոչ միայն մերձավոր են, ոչ միայն կողք կողքի են, այլև միմյանց մեջ են։ Բարեկամությունը սոսկ խոսք չէ, շարունակական աշխատանք է, կենսակերպ։
Մելսը կենաց իր գրքով ոչ միայն խոսում, այլև խոսեցնում է։ Այդպես էլ լինելու էր, որովհետև իր տեսած մարդկանց գրեթե մենք տեսել ենք, իր սիրած մարդկանց մենք նույնպես սիրել ենք և շարունակում ենք հավատալ ու սիրել։
Զարմանալի չէ, մեկի հետ պատահածը պատահելու է մյուսի հետ էլ, մեկի զգացածը զգալու է մյուսն էլ։ Մարդ կա՝ սրտիդ մոտ է, մարդ էլ կա՝ սրտիդ մեջ։ Մելսի սրտի խորքում եղած մարդը, հորից ու մորից հետո, գուցե և ասեի՝ հոր և մոր հետ, Վահան Զատիկյանն է, իր քրոջ որդին։ Արյունակցական կապից բացի, հոգևոր կապի մեջ էին։ Եվ քանի որ հոգին, հեռանալով մարմնից, շարունակում է ապրել հավիտյան, կապն էլ, բնականաբար, հավիտյան լինելու է։ Դրսի Մելսը ժպտում է, ընդունակ է ժպտալու, մինչդեռ ներսի Մելս-մարդը շարունակ մղկտում է։ Հովհաննես Թումանյանի «Եղջերուն» վերնագրով պատմությունը մտքիս եկավ. զգացումը նույնն է.
Գնդակն առած գնում էր փուչ
աշխարհքից,
Գանգատվելով մարդու անգութ
արարքից,
Արյուն տալով, մղկտալով իր
վերքից,
Էս սարերում լաց էր լինում մի
պախրա։
Ինչո՞ւ միայն Մելսը, սրտի խոր կսկիծ ապրեցին բոլոր նրանք, ովքեր տեսել, ճանաչել էին Վահանին։ Սգո ժամին, ասել եմ, նկատելի էր մասնավորապես Շահումյանի շրջանի տարեց կանանց կսկիծը։ Այդպես հարազատ մայրը կսգար իր զավակի կորուստը։ Հիրավի, ինչպես թե այդ կանայք ծնած լինեին Վահանին։ Ինչո՞ւ։ Որովհետև Վահանը ոչ միայն բարի էր նրանց հանդեպ, այլև որդու պես էր։ Այդ կանայք տեսնում էին լուռ ու ամայի մնացած ճանապարհը, որի վրա կանգնած Վահանն այլևս չկար, որդիական սիրով նայող աչքերն այլևս փակ էին։ Այդ մայրերն էլ կանցնեն, սակայն սերը, որ Աստծուց է, չի անցնելու։ Գրիչ բռնած իմ ձեռքն էլ կանցնի, բայց բառերը, հոգի կրող այս բառերը, կասկած չունեմ, մարմին առնելու և ապրելու են սերունդների մեջ։
Հրեշտակի տեսք ընդունած դիվային հոգիները թունավոր բանը նենգավոր ձեռքով լցրին Վահանի սուրճի կամ էլ մեկ այլ ըմպելիքի բաժակի մեջ և այդ կերպ կտրեցին կյանքի թելը։ Կարծեցին՝ դրանով վերջ են դնում։ Կարծեցին՝ Վահանը վերջացավ։ Չէ՛, Վահանը սկսվեց, ոչ թե վերջացավ։ Վերջացան նրանք, ովքեր չեն գիտակցում, որ կենդանի մեռած լինելն ավելի սարսափելի է։ Դահիճն ինչպե՞ս իմանար, որ կյանքի մեկ այլ թել էլ կա, որ նման է երկնքից իջնող ճառագայթի։ Լույս-ճառագայթը կտրել կլինի՞։ Իհարկե չի լինի։
Ծալեցին հաց տվող ձեռքերը, բայց չիմացան, որ դրանք վերընձյուղվելու են։
Փակեցին մարդու սրտին նայող աչքերը, բայց իմացա՞ն արդյոք, որ այդ աչքերը փակվելով այստեղ, այնտեղ՝ երկնքում, բացվելու են։ Չիմացան, որովհետև անբան են, կույր և գետնաքարշ։
Ինչո՞ւ այսքան ու այսպես խոսեցի։ Որովհետև ես էլ տեսել ու զգացել էի Վահանին։ Հանդիպել էի տարբեր պահերի, տեսել էի նաև Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, աղոթքի կանգնած ժամին։ Աղոթքը հաղորդակցություն է Աստծո հետ, աղոթքը երկխոսություն է Աստծո հետ։ Աղոթքը սովորաբար խնդրանք-աղերսանք ունենալու է։ Վահանն ի՞նչ էր ասում-խնդրում Աստծուն, միայն Աստված կիմանա։ Իմ խոր համոզմամբ, Վահանի՝ Աստծո հետ խոսած խոսքը հայոց ազգի ճակատագրին վերաբերելու էր։ Կասկած չունեմ նաև, հավատի հսկաների նման, Վահանն էլ իր Տեր Աստծուն, վտանգն զգալու ժամին, ասելու էր. «Ինձ զարկ և ոչ իմ ժողովուրդը»։ Այսքանը որ զգանք և զգացումներն այս որ ունենանք, հայոց երկրում արդարություն լինելու է։
Վահանը կանխազգո՞ւմ էր իր գլխին գալիքը։ Իհարկե կանխազգում էր, նույնիսկ սրտի ցավով ասել էր Մելսին՝ գնանք մի որոշ ժամանակ մեկ այլ տեղ ապրելու։ Մելսի մայրն էլ մարգարեական խոսքեր ասել էր. «…Վախ կա մեջս։ Վահանը ջավախքցու բնավորությամբ բոլորին հավատում և վստահում է։ Շրջապատված է այնպիսի մարդկանցով, ընկերներով, որ մի օր նրան կդավաճանեն։ Շրջապատում մի կարդացած մարդ չկա։ Նրա ընկերական շրջապատը քոնի նման չի»։
Այս դառը բանը կանխազգացումով խոսող Չինար մայրիկը փոխելու էր խոսքի եղանակը, որպեսզի կյանքը շարունակեր թեթևացած. «Կուզենամ գնանք մեր սարի աղբյուրները։ Տեսնենք յայլայի մեր տները, որոնք քանդված են, բայց հետքերը երևում են։ Իջնենք «Ցածի ջուրը»։ Արտերից թրթնջուկ քաղենք, մանդակի ժամանակն է»։
Ահավասիկ, Մելսն ինքն էլ մտքով թռչում, գնում է դեպի իր մանկության աշխարհը, դեպի Աստծո բարին, ասել է թե՝ դեպի բնությունը. «Կուզենայի ոտաբոբիկ քայլել կոշտերի և փշերի միջով…»։ Նրա տեսածը և մեզ տեսանելի դարձրածը, մի իդիլիկ աշխարհ է, Աստծուն և աստվածայինին մերձեցնող, տիեզերքը ճանաչելի դարձնող աշխարհ։ Ոչ միայն վերստեղծում է, այլև ապրում այն ամենը, ինչ Աստծուց էր։ Դու էլ, եթե լավ ընթերցող ես, ծաղկաշատ ու բուրավետ դաշտի միջով անցնելու ես, տեսնելու ես այն, ինչը ինքը ժամանակին տեսել ու հավատացել է և այժմ էլ տեսնում ու հավատում է։ Կարծես թե Մելսը կարդում է Աստծո գիրքը, որ բնությունն է։ Ահա թե ինչու դեպի բնությունն է գնում գրելու համար և ոչ թե դեպի գրադարան։ Մեղվի նման նա իր խոսքի հյութը վերցնում է ծաղկած դաշտերից, դաշտեր, որ քաջալերում են նրան ու վերստին կյանքի կոչում։ Եվ ով զարմանք, այդ ամենը նրա ներսում է։
ՈՒստի հայացքը դեպի ներս է։
Ահա այսքանը։
Հարություն ՀՈՎՆԱԹԱՆ