Երևանում գտնվող Չեխիայի Հանրապետության նախագահը 1915-ի դեպքերն անվանեց ցեղասպանություն, ասաց, որ աշխարհը պետք է մարդկության նկատմամբ իրականացրած ոճրագործությունները դատապարտի՝ նշելով, որ ժխտողականությունը վախկոտության դրսևորում է՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ Չեխիայի նախագահի հայտարարությունը բավական հուզական ընդունվեց Թուրքիայում:
Անդրադառնալով Ռուսաստանի ու Հայաստանի միջև կնքված Հակաօդային պաշտպանության համաձայնագրին, որը վավերացվեց ԱԺ-ի կողմից, Շարմազանովն իրականությունից հեռու որակեց կարծիքները, թե համաձայնագրով Հայաստանն իր օդային տարածքի կամ ինքնիշխանության մի մասը զիջում է դաշնակից պետությանը: «Հիմնականում նրանք, ովքեր դժգոհում են, քննադատում կնքված համաձայնագիրը, գոնե նրանց մեծ մասը ծանոթ չէ համաձայնագրի տեքստին, չի ընթերցել: Անում են գնահատականներ, որոնք իրականության հետ կապ չունեն: Դժվար թե գրագետ մարդը, որը կկարդար տեքստը, մտավախություն կունենար, թե ՀՀ-ն, ԶՈՒ-ն մեր ինքնիշխանության մի մասը տալիս ենք այլ երկրի, թեկուզ դաշնակից երկրի կառավարման: Համաձայնագիրը կոչվում է՝ Հակաօդային պաշտպանության միավորված համակարգ։ Միավորված, ոչ թե միասնական: Բելառուսն ու Ղազախստանը, օրինակ, կնքել են միասնական համակարգի համաձայնագիր, իսկ Հայաստանը՝ միավորված: Միավորված նշանակում է, որ կողմերը պահպանում են իրենց ինքնիշխանությունը: Պատահական չէ, որ մենք գնացել ենք այն ճանապարհով, որ մեր ԶՈՒ կառավարումը բացառապես իրականացվի ՀՀ ԶՈՒ-ի կողմից: Բոլոր կարծիքները, թե համաձայնագրով հակաօդային պաշտպանության կառավարումն անցում է Ռուսաստանին կամ համատեղ է իրականացվում, իրականությանը չեն համապատասխանում»,- մանրամասնեց Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակը նշեց, որ համաձայնագրի համաձայն, քանի որ պետությունների միջև չկա ցամաքային սահման, Հայաստանի սահմանների ներքո կգործի առանձին ՀՕՊ համակարգ, որի ղեկավարումն ուղիղ կիրականացվի ՀՀ ԶՈՒ պաշտոնյան, որն էլ իր հերթին բացառապես հաշվետու կլինի ՀՀ գերագույն հրամանատարին:
Ինչ վերաբերում է կարծիքներին, թե Արցախին էլ է ՀՕՊ համաձայնագիրն առնչվում, Էդուարդ Շարմազանովն ասաց, թե փաստաթղթում չկա որևէ «տառ, բառ, ստորակետ, չակերտ կամ այլ կետադրական նշան», որը կապված է Արցախի հետ:
«ՀՀ և Արցախի ԶՈՒ համակարգերում որևէ սահմանափակում չկա, և այս համաձայնագիրը դրա հետ որևէ կապ չունի»,- վստահեցրեց նա: Համաձայնագրով Հայաստանը հնարավորություն կստանա օգտվել դաշնակից պետության հակաօդային համակարգի լայն հնարավորություններից: «Մենք կարող ենք սա օգտագործել խաղաղ ժամանակաշրջանում մեր նպատակների համար: Խնդիրը միայն պատերազմական գործողությունների մասին է, որտեղ կլինի միավորված կառավարում: Խաղաղ պայմաններում կառավարումն ամբողջությամբ իրականացնում են ազգային ստորաբաժանումները»,- հավելեց խորհրդարանի փոխնախագահը: Դիտարկմանը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ ՀՕՊ համակարգն առաջին քայլն է, դրանից հետո լինելու է ՀԱՊԿ անդամ-պետությունների ընդհանուր հակաօդային պաշտպանություն, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Մենք որևէ մեկին լավություն չենք անում, որ մտել ենք ՀԱՊԿ։ Մենք ամրապնդում ենք մեր անվտանգությունը, որը պետք է զարգացնել, շարունակել՝ հաշվի առնելով ՀՀ արտաքին սպառնալիքները»:
Հարցին՝ պատերազմի ժամանակ, եթե Ադրբեջանը սանձազերծի հարձակում, հակաօդային հարձակում, Ռուսաստա՞նն է որոշելու պատասխանել, թե՞ Հայաստանը, Շարմազանովը պատասխանեց. «ՌԴ-ի հետ հակաօդային պաշտպանության միավորված համակարգի առկայությունը բացառապես պետության շահերից է: Մենք միայն պետք է շնորհակալություն հայտնենք... էս ի՞նչ ենք խոսում ժողովուրդ, էս ի՞նչ հիստերիա է: Սա միավորված համակարգ է, ենթակայությունը ՀՀ գերագույն հրամանատարինն է»: Նա շեշտեց՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պիտի զարգանան: