Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կայցելի Հայաստան՝ հաղորդել է Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքը: Հունիսի 15-ին նա կմեկնի Ռուսաստան, ապա՝ կգա Հայաստան` մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին և Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցելության առթիվ կազմակերպված միջոցառումներին:
Պոլսո պատրիարքական Աթոռի կրոնական ժողովը Էրդողանին ուղղված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նամակի մասին այսօր հայտարարություն է տարածել։
«Թուրքիայի Հայոց պատրիարքական Աթոռն իր պատմության ընթացքում ջանացել է բարյացակամ հարաբերություններ մշակել երկրի ղեկավարության հետ, ինչպես նաև առավելագույն ջանքերն է գործադրել` չանտեսելու երկրի հանրային կարծիքի զգայություններն այն նյութերի առնչությամբ, որոնք հետաքրքրում են երկրի հանրությանը»,- նշված է հայտարարությունում:
Կրոնական ժողովը հունիսի 13-ի նիստի արդյունքներով հրապարակած հայտարարության մեջ նշել է, որ հին ավանդույթների համաձայն` իրենք կարծիք չեն հայտնում քաղաքական և իրավական հարցերի շուրջ: Համայնքի անունից խոսելու պարտականությունը ստանձնում է աթոռակալ սրբազան պատրիարքը: Բայց քանի որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդ է, այդ պարտականությունը ստանձնել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
«Սույն պարտականության գիտակցությամբ և համայնքային հաստատությունների մի շարք վարիչների ու առաջատար բարերարների ներկայացրած պահանջին ընդառաջելով` նա գրի է առել նամակը Գերմանիայի խորհրդարանի որոշման կապակցությամբ: Սրբազան հայրը հետևել է Աթոռին ծառայած նախկին Աթոռակալ պատրիարքների և բարձրաստիճան հոգևորականների օրինակին: Սակայն որպեսզի ապագայում ողջ պատասխանատվությունը չընկնի միայն պատրիարքական Աթոռի վրա, ճիշտ ենք համարում, որ նման արտահայտությունները գրի առնվեն լայնանիստ խորհրդակցական հանդիպումներով` հաշվի առնելով որոշ զգայությունները:
Տխրությամբ ենք հետևում, թե ինչպես նամակի պարունակության մասին քննադատությունները, գերզգայունության պատճառով անցնելով քննադատության սահմանները, հասել են նախատինքի, սպառնալիքի և նվաստացման մակարդակի: Մեր համայնքի անդամներին հորդորում ենք ցուցաբերել խղճամիտ և սառնարյուն կեցվածք, ինչպես նաև գիտակցաբար մոտենալ սույն նամակին` նկատի առնելով մեր երկրում տիրող քաղաքական ու ընկերային իրողությունները 100 տարի առաջ օսմանցի հայերի ենթարկված Մեծ եղեռնի կապակցությամբ»,- ասել են Պոլսո պատրիարքարանից: