Հայկական եկեղեցին կաթոլիկ եկեղեցու քույրերից է համարվում: Հունիսի 24-26-ին Հռոմի պապի՝ Հայաստան կատարելիք այցի նախաշեմին շվեյցարական Gazzetta del Popolo-ին տված հարցազրույցում նշել է Հռոմի Լևոնյան կաթողիկե վարժարանի ռեկտոր Նարեկ Նաամոն: «Ովքե՞ր են հայերը» հարցին նա պատասխանել է. «Հայերն ավելի քան 3 հազարամյա պատմություն և ավանդույթներ ունեն: Ամենակարևորը մեզ համար. 301-ին մեր սուրբ Գրիգոր Լուսավորիչը կնքեց Տրդատ 3-րդ արքային: Հայաստանը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն:
Ամբողջ աշխարհում հայերը շուրջ 10 մլն են: Նրանցից 3 միլիոնն ապրում է Հայաստանում: Մնացյալը՝ Սփյուռքում, որը լավ կազմակերպված է. Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Վրաստան, Իրան, Լիբանան, Սիրիա, Արգենտինա, որտեղից էլ ծնունդով Ֆրանցիսկոս պապն է: Երբ նա Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսն էր, հրաշալի հարաբերություններ ուներ հայերի հետ: Իտալիայում հայերի ներկայությունն ամենուր է՝ Միլանից Վենետիկ, Ջենովայից Հռոմ, Սարդինիա ու Սիցիլիա: Հայ համայնք կա Շվեյցարիայում, որտեղ նրանց թիվը 5 հազարից քիչ ավելի է: Պատմականորեն հայեր են բնակվում նաև Սուրբ Երկրում և, իհարկե, Լեռնային Ղարաբաղում. հայկական տարածք, որը 1930-ականներին բոլշևիկները միացրին Ադրբեջանին, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ղարաբաղը Ադրբեջանից անկախություն հռչակեց:
Վերադառնանք հայկական ինքնությանը: Քրիստոնյա հայերը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ են: Եկեղեցիների բաժանումը սկիզբ է առնում 451 թվականի Քաղկեդոնի ժողովից: Հայերը չկարողացան մասնակցել, քանի որ պատերազմում էին Պարսկաստանի հետ՝ պաշտպանելով իրենց երկիրը: Այդ ժամանակից սկսվեց կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցիների պառակտումը, որ դավանաբանական չէր, բայց խանգարում էր լիարժեք միասնությանը: Հիմա Հայ առաքելական եկեղեցին համարվում է Հռոմին ամենամոտ քույր եկեղեցիներից մեկը»: