Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը ենթադրում է որոշ շրջանների վերադարձ Ադրբեջանին՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: Սրանք կարգավորման պայմաններն են, բայց ոչ միայն դրանք՝ պայմաններից են նաև փախստականների վերադարձը, միջազգային խաղաղապահ ուժերի ներկայությունը:
Միջնորդները աշխատում են, որ կարողանան միջոց գտնել այդ պայմանները մեկտեղելու և խնդիրը հանգուցալուծելու համար՝ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ինտերֆաքս»-ին հարցազրույցում: Նա «Ինտերֆաքսի» արտաքին քաղաքականության խմբագրության ղեկավար Օլգա Գոլովանովային հարցազրույցում ներկայացրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարները։ Հարցազրույցում Ուորլիքը մի քանի անգամ ընդգծել է՝ պաշտոնական Վաշինգտոնն ու Մոսկվան չունեն տարբեր մոտեցումներ, օրինակ, ռուսաստանցի լրագրողի հարցին, թե որն է ԱՄՆ-ի համար ղարաբաղյան խնդրի կարգավորման իդեալական սցենարը, նա պատասխանել է. «Նույնը, ինչ և ռուսական կամ ֆրանսիական կողմերի համար: Հակամարտությունը շատ երկար է շարունակվում, չափազանց շատ մարդիկ են զոհվել քսան տարուց ավելի տևող այս հակամարտության հետևանքով: Իսկ խնդիրը կարող է կարգավորվել: Մենք ունենք կարգավորելու համար պայմաններ, այդ պայմանները մեզ հայտնի են»:
Ուորլիքը ընդգծել է, որ կարգավորման մասին կարելի կլինի խոսել միայն այն դեպքում, երբ արդյունքում չլինեն հաղթողներ և պարտվողներ, այն պետք է ձեռնտու լինի բոլոր կողմերի համար. «Որպես տարբեր հակամարտությունների կարգավորմանը մասնակցած մարդ՝ գիտեմ, որ բանակցությունները չեն կարող հաջող լինել, եթե կողմերից մեկը ստիպված է լինում գնալ նոր զոհերի և զիջումների։ Բանակցությունները հաջողված են, երբ շահում են երկու կողմերը՝ և Հայաստանի, և Ադրբեջանի բնակիչները»:
Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին Ուորլիքը դիվանագիտական պատասխան է տվել, նշելով միայն, որ ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Ռուսաստանը հատուկ երկարամյա հարաբերություններ ունի երկու երկրների հետ։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը հակամարտող կողմերին վաճառում է միայն պաշտպանողական զենք, այն էլ՝ շատ սահմանափակ քանակով։ Բացի այդ՝ԱՄՆ Կոնգրեսը նույնիսկ արգելում է զենք վաճառել Ադրբեջանին, որ կարող է օգտագործվել Ղարաբաղում: Հարցազրույցում Ջեյմս Ուորլիքն ասում է, որ խնդրի կարգավորման համար այսօր կան բոլոր պայմանները, և անհրաժեշտ է միայն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բարի կամքը: